Մարզաձեւով զբաղվողների թիվը զգալիորեն աճել է
Թենիսի «Master Class» ակումբում երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանն ամփոփեց 2007-ին կատարած աշխատանքները` ներկայացնելով հաջորդ տարվա ծրագրերը: Ընթացիկ մրցաշրջանի մրցաշարերից ֆեդերացիայի նախագահն առավել կարեւորեց տղամարդկանց միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարը 5 մլն դրամ մրցանակային հիմնադրամով եւ Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան տարածաշրջանի 4-րդ ենթախմբի խաղերի անցկացումը Երեւանում: Առաջին մրցաշարն առաջին անգամ էր անցկացվում Երեւանում, որին մասնակցեցին 32 թենիսիստներ մի շարք երկրներից: Իսկ օգոստոսին տղամարդկանց մեր հավաքականը (Հայկ Զոհրանյան, Հարություն Սոֆյան, Աշոտ Գեւորգյան, Հովհաննես Դավթյան) հաջող հանդես եկավ Դեւիսի գավաթի խաղարկությունում: Մեր հավաքականը տոնեց չորս հաղթանակ, զիջեց միայն մեկ մրցախաղում եւ իրավունք ստացավ հաջորդ տարի հանդես գալ եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբում: Ի դեպ, մրցաշարը հաջող անցկացնելու համար թենիսի միջազգային ֆեդերացիան որոշել է կրկին Երեւանում անցկացնել ոչ միայն մեր խմբի, այլեւ 4-րդ ենթախմբի Դեւիսի գավաթի խաղարկության հանդիպումները, ինչն աննախադեպ երեւույթ է մրցաշարի պատմության մեջ:
Հարություն Փամբուկյանը նաեւ տեղեկացրեց, որ երկու տարվա ընդմիջումից հետո Հայաստանի կանանց հավաքականը կրկին կմասնակցի ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը, որը եւս կանցկացվի Երեւանում: Ինչ վերաբերում է հանրապետությունում մարզաձեւի մասսայականացմանն ու զարգացմանը, ապա ըստ ֆեդերացիայի նախագահի 4-5 անգամ աճել է թենիսով զբաղվող ինչպես պատանիների ու աղջիկների թիվը, այնպես էլ սիրողական մակարդակով մարզաձեւով հետաքրքրվողների քանակը: Թենիսի կորտեր են կառուցվել Դիլիջանում, Իջեւանում, Կապանում:
Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանն անդրադարձավ պատանեկան մրցաշարերի կազմակերպմանն ու անցկացմանը: Մայիսի 28-ից հունիսի 3-ն անցկացվել է Արթուր Շիլաջյանի միջազգային 2-րդ հուշամրցաշարը մինչեւ 14 եւ 16 տարեկան թենիսիստների միջեւ: Մասնակցել են 12 երկրների 120 թենիսիստներ: Հունիսի 4-10-ն արդեն 7-րդ տարին անընդմեջ կազմակերպվել է «Ավստրիական ավիաուղիների» հովանավորությամբ անցկացվող Երեւանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին 13 երկրների 114 մարզիկներ: Այս մրցաշարերը հնարավորություն ընձեռեցին հայ պատանի թենիսիստներին միջազգային հանդիպումների փորձ ու վարկանիշ ձեռք բերել: Մեր պատանիներն ու աղջիկները հիանալի հանդես եկան Բաթումում անցկացված Աջարիայի գավաթի խաղարկությունում` նվաճելով 4 ոսկե, 2 արծաթե մեդալ: Այս ամենը վկայում է, որ արժանի հերթափոխ է աճում:
Մարզիչների եւ մրցավարների համար կազմակերպվել են սեմինար դասընթացներ, իսկ հանրակրթական դպրոցներում` մինի թենիսի ծրագիր է իրականացվել: Նախատեսվում է հաջորդ տարի մոտ 500 երեխաների համար մինի թենիսի անվճար դասընթացներ կազմակերպել: Թենիսի ֆեդերացիան այս տարի լավ նախաձեռնություն էր հանդես բերել` անվճար դասընթացներ ու դրանց հաջորդող մրցաշարեր անցկացնել տարբեր բնագավառների ներկայացուցիչների` լրագրողների, շոու բիզնեսի, ֆիրմաների աշխատողների համար: Ասուլիսից հետո այդ մրցաշարերում հաջողության հասած մասնակիցները ֆեդերացիայի կողմից արժանացան պարգեւների:
2008-ը նշանակալի կլինի Հայաստանի թենիսի ֆեդերացիայի համար: Ապրիլին նախատեսվում է Հայաստանում միակ թենիսի միջազգային ակադեմիայի հիմնադրումը, ինչը հնարավոր կլինի նոր մասնաշենքի շահագործմամբ: Այն կունենա մարզասրահ, լողավազան, մերսման կաբինետներ: Մի խոսքով կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին: Ակադեմիայի գործունեությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար արտերկրից կհրավիրվեն համապատասխան մասնագետներ: Ակադեմիայում կուսանեն շնորհալի պատանի թենիսիստները, ինչը կնպաստի Հայաստանում պրոֆեսիոնալ թենիսիստների պատրաստմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ