«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2007-12-21 | #237, 2007-12-22 | #238, 2007-12-25


ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՆ ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ»

«Մոսկվայի մարզում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող»ՙ նման հնչեղ հայտարարություններով հանդես եկան մոսկովյան թերթերը 40-ամյա Մարզպետունի Պետրոսյանի կալանավորման կապակցությամբ: Դե, դժվար է առիթը փախցնել կովկասցիների քրեականության պարագան նորեն հաստատելու համար: Երեւի ռուսահայերի համար չկա ավելի տհաճ մի բան, քան այս կարգի «հայրենական» քրեական տարրերի վերաբերյալ հաղորդումները: Հետո էլ դժգոհում են, թե կովկասցիներին Ռուսաստանում չեն սիրում:

Հանցագործին միլիցիոներները շրջափակել են նրա սեփական մեքենայի մեջ: Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի տարածքային վարչության մամլո ծառայության հաղորդմամբ, Պետրոսյանը երեւացող տեղ է գրավում քրեական աշխարհում եւ մտնում է «առավել հեղինակավոր» հայ օրենքով գողերի տասնյակի մեջ: Նրա գրպանում հայտնաբերվել է 1,5 գրամ հերոին, բնակարանումՙ 2 գրամ: Կոլոմնա քաղաքում նա պիտի հանդիպեր իր «գործընկերների» հետ:

Հետաքրքրական է, Հայաստանում որեւէ պայքար տարվո՞ւմ է մեր «հնամյա ազգը խայտառակող» այս քրեական ինստիտուտի վերացման ուղղությամբ: Նախագահի աթոռի համար մարտնչողՙ իրար երեսի ցեխ շպրտող թեկնածուներից որեւէ մեկը խոստանո՞ւմ է արմատախիլ անել այլանդակ երեւույթը: Թե՞ դրանց օգտագործում են իրենց իշխանամետ նկրտումներում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4