Փաստ է, որ Թուրքիայում կատարվող ամեն մի իրադարձություն իր անմիջական ազդեցությունն է թողնում Հունաստանի վրա, գրում է «Կատիմերինի» կայքի անգլերեն տարբերակում լրագրող Նիկոս Կոնստանդարասը, եւ հաստատում, որ երկու երկրներն այնքան սերտորեն են միմյանց ներդաշնակվել, որ Անկարայի հարաբերություններն այլ երկրների հետ իրենց արձագանքն են գտնում Աթենքի հարաբերություններում երրորդ երկրների կամ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Մ. Նահանգները, Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն: Նման իրավիճակը հետեւանք է այն բանի, որ Թուրքիան երբեմն իրեն անապահով է զգում, երբեմն էլ փորձում է հանդես գալ շրջանում ամենաուժեղ տերության դիրքերից:
Ներկայումս, շարունակում է հույն լրագրողը, Թուրքիան մեծ վերափոխումների կիսաճանապարհին է: Դժվար է հավատալ, որ արդեն 20 տարի Թուրքիան պատերազմի մեջ է: Քրդական անջատողական պատերազմը, որ որոշ ժամանակ հետին պլան էր մղվել, վերջին ամիսներին դարձյալ բորբոքվել է` ստիպելով Թուրքիային հայտարարել, որ պատրաստ է ներխուժելու Հյուսիսային Իրաք: Եվ նա այդ քայլին դիմում է նույնիսկ Մ. Նահանգների առարկության պայմաններում:
Մյուս կողմից, Թուրքիան պայքարում է Մ. Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի դեմ:
Եթե Թուրքիան չի ընկրկում դեմառդեմ կանգնելու Մ. Նահանգների նման գերտերության ռազմական եւ արտաքին քաղաքականության առաջ, ապա կարո՞ղ է որեւէ մեկը կասկածել, թե նա չի գործադրի Հունաստանի կամ Կիպրոսի հանդեպ ունեցած իր նկրտումները: Եվ արդյոք որեւէ միջամտություն կարելի՞ է ակնկալել Մ. Նահանգներից նման նկրտումների դեպքում:
Թուրքիան միշտ էլ ճոճել է իր 2 գլխավոր զենքերը` ռազմավարական կարեւորությունը եւ զինված ուժերի քանակը: Նա միաժամանակ ե՛ւ բարձրաձայնում է դրանց մասին, ե՛ւ ամուր թաքցնում դրանք: Հայտարարում է, որ երկիրը վտանգի տակ է, բայց խոսում է նաեւ անպարտելի լինելու մասին: Ուրիշներին ծառայություն է մատուցում եւ դես ու դեն սպառնալիքներ տեղում: Հունաստանը շատ հաճախ է բարձր գին վճարել այս հանգամանքը մոռանալու համար:
Թուրքիայի ներսում կատարվող ներկա քաղաքական, տնտեսական եւ հասարակական փոփոխությունների (որոնց հետեւանքով դեռ անկանխատեսելի է) լույսի ներքո, անհասկանալի է Հունաստանի դիրքորոշումը, որը դեռեւս շարունակում է կառչած մնալ Թուրքիայի Եվրոմիության անդամակցությունը պաշտպանելու անհողդողդ քաղաքականությանը, կարծես դրանով լուծվելու էին հունա-թուրքական հարաբերությունների բոլոր կնճռոտ խնդիրները:
Բայց ի՞նչ է տեղի ունենալու, եթե Թուրքիան չմիանա Եվրոմիությանը: Ունե՞նք արդյոք որեւէ գաղափար, թե ինչպիսին է լինելու այդ երկիրը կամ ի՞նչ հարաբերություններ մենք կարող ենք ունենալ նրա հետ այդ դեպքում:
Ինչ էլ տեղի ունենա, Հունաստանն ու Թուրքիան մնալու են հարեւանները: բայց համեմատաբար խաղաղ ու ցավազուրկ համակեցության համար անհրաժեշտ են լուրջ մոտեցումներ, որոշակի հմտություններ եւ մանրակրկիտ ծրագրեր. գործոններ, որոնք չեն կարող թողնվել բախտի քմահաճույքին կամ միջնորդների հայեցողությանը, եզրակացնում է լրագրողը:
Թարգմ. Հ. Ծ.