Տվյալներ չունե՞ք` դիմեք մեզ
Ասում են, թե որեւէ միտք հաճախակի կրկնելուց ոչ միայն սկսում ես հավատալ դրան, այլեւ դարձնում շատ հավանական: Հայաստանի հասցեին «ագրեսոր» որակումն օգտագործող ադրբեջանցի իշխանավորները հավանաբար կարիք ունեն այդ պիտակմանը նախՙ հավատալու, ապա նաեւ ընդունելու: Ձեւավորվող բարդույթները պակաս վտանգավոր չեն արդեն իսկ գոյություն ունեցողներից, բայց, ինչեւէ:
Ադրբեջանական քարոզչամեքենան իսկապես ընտրություն չի կատարում օգտագործվող միջոցների միջեւ, ավելին, ամենայն հանգստությամբ նախընտրում է ակնհայտ կեղծիքն ու չի խորշում, մեղմ ասած, չճշտված տվյալներից: Խոսքը օրերս ադրբեջանական կայքէջերում հայտնված այն տեղեկության մասին է, թե Հայաստանի ՀՆԱ համեմատ ռազմական ծախսերը կազմում են շուրջ 4,3 տոկոս այն դեպքում, երբ նույն ծախսերը Ադրբեջանի ՀՆԱ համեմատ իբր կազմում են 3,8 տոկոս:
Թե ադրբեջանական դիվանագիտական մտքի յուրօրինակ ներկայացուցիչները որտեղից են պեղել այս թվերը, դժվար է կռահել, սակայն դժվար չէ հասկանալ նման մոտեցման դրդապատճառները: Ամեն դեպքում, ի գիտություն ոչ միայն մեր ադրբեջանցի կոլեգաների, նաեւ դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչների, նշենք, որ Հայաստանի ռազմական ծախսերը ՀՆԱ համեմատ 2005-2006 թվականներին կազմել են ընդամենը 2,9 տոկոս, իսկ 2002-2004 թթ.` միայն 2,7 տոկոս:
Իսկ այն, թե Ադրբեջանը չի քննարկում տարածքային ամբողջականության, դրա հետ մեկտեղ նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերը, ապա սա եւս ողջությամբ կարող է տեղավորվել ցանկությունների եւ իրականության անհամապատասխանության մոտեցման մեջ: Եվ դա այն դեպքում, երբ պատերազմից հավերժորեն խոսող ու, թերեւս, պատերազմական գործողություններով որոշակի փառքի ձգտող ալիեւյան Ադրբեջանը նույնպես պատրաստվում է նախագահական ընտրությունների:
Եթե վերջին օրերի ռազմատենչությունն էլ կարծես փորձում են փոխարինել խաղաղաձգտում հայտարարություններով, ապա դա եւս տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ, քանի որ եվրոպական դիտորդներին ժողովրդավարական արժեքների գերակայություն ներկայացնելու համար հարկ է խոսել համամարդկային արժեքների համատեքստում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ