Թուրքիայի հայ համայնքի փաստաբան Դիրան Բաքարը հայտարարել է, որ հայ համայնքը ամեն վայրկյան պատրաստ է լքել երկիրը: Խոսելով «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, Մալաթիայի «Զիրվե» հրատարակչության աշխատակիցների սպանությունների, ինչպես նաեւ Թուրքիայում քրիստոնյա հոգեւորականների դեմ իրականացվող հարձակումների մասին` Դիրան Բաքարը նշել է, որ բոլոր այդ դեպքերը հայ համայնքում առաջ են բերել լուրջ անհանգստություններ: «Թուրքիայում ազգային փոքրամասնությունները դեռեւս վախենում են իրենց դեմ հնարավոր հարձակումներից: Նյութապես ապահովները ասում են, թե «մի բան որ լինի, կփախչեմ»: Նրանք կարող են մեկնել Ամերիկա, Ֆրանսիա եւ մի շարք այլ երկրներ, որտեղ ունեն հարազատներ: Իսկ նյութապես անապահովները մնում են Թուրքիայում: Իսկ հեռանալ ավելի շատ նախընտրում են երիտասարդները»,- ընդգծել է հայ համայնքի փաստաբանը: