Երեկվա դրությամբ «Ժառանգություն» կուսակցությունը կողմնորոշված չէր ՀՀ նախագահի թեկնածուներից ում սատարելու խնդրում: Խնդրին լուծում տալու համար 22 հարցից բաղկացած հարցում է հղել բոլոր թեկնածուներին: Պատասխաններ դեռեւս չունի, մինչդեռ կողմնորոշվելու համար կարեւորում է թեկնածուների տեսլականը հնարավորինս պարզ տեսնելը: «Եթե ասում ենք, որ դեռ չենք կողմնորոշվելՙ չի նշանակում, թե մեր անդամներն ու համակիրները չգիտեն ում ընտրել: Պարզապես մեր հավաքական կողմնորոշումը դեռեւս ձեւավորված չէ», պարզաբանեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երեկ ԱԺ-ում հրավիրած ասուլիսի ընթացքում: Ի պատասխան լրագրողի հարցի, թե կողմնորոշումը կարող է հաջորդել ընտրություններին, Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ կուսակցությունը երբեք այդչափ հետ չի մնացել գործընթացներից ու վստահեցրեց, որ կկողմնորոշվեն նախքան ընտրությունները: Իսկ հավաքական դիրքորոշումը, Ստեփան Սաֆարյանի կարծիքով, առավել կարեւորվում է «Գելափի» հարցումների արդյունքներով, որոնց համաձայն «Ժառանգության» նախագահը վարկանիշով երկրորդն է: Այնուամենայնիվ «Ժառանգությունը» սպասում է պատասխանների թեկնածուներից, չնայած վերջիններից արձագանք է ստացել, թե հարցաշարում կան նաեւ ոչ կոռեկտ հարցեր: «Նախքան մեր խորհրդարան գալը այստեղ էլ գտնում էին, թե կան ոչ կոռեկտ հարցեր: Բայց եկանք, ու իրավիճակը փոխվեց: Մենք չենք ուզում, որ մեր երկրում լինեն նախագահի թեկնածուներ, որոնց վրա գրված լինիՙ հարցեր տալ չի կարելի», եւս մի պարզաբանում տվեց Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգության» հայտնությունը խորհրդարանում, ըստ խմբակցության անդամների, ամենեւին էլ չի սահմանափակվում խորհրդարանում հնչեցվող հարցերի տեսականու ընդլայնմամբ, այլ տարածվում է օրենսդրական, խորհրդարանական արտաքին դիվանագիտության, ԱԺ վերահսկողության գործառույթի իրականացման, իրավապաշտպան գործունեության եւ այլ ոլորտներում: Տարին փակող հաշվետու ասուլիսում «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարեցին, որ ներկայացրել են հինգ օրինագիծ, հարյուրավոր գրավոր առաջարկություններՙ այլ խմբակցությունների ու կառավարության ներկայացրած օրինագծերի բարելավման նպատակով: Խորհրդարանական դիվանագիտությունում էլ խմբակցությունն աշխատել է ներգրավվելով միջազգային խորհրդարանական կառույցներում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունների կազմում: ԱԺ վերահսկիչ գործառույթի իրականացումը կատարվել է Վերահսկիչ պալատում Լարիսա Ալավերդյանի աշխատանքով: Վերջինս մասնակցել է նաեւ քաղաքացիների սեփականության եւ մարդու իրավունքների պաշտպանության հասարակական գործընթացներինՙ որոշ հարցերում հաջողություններ արձանագրելով, սակայն գտնում է, որ Հայաստանը հեռանում է իրավական պետության կառուցման ճանապարհից: Այդ խնդրում համակարծություն հայտնեց նաեւ «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցիչՙ փաստաբան Զարուհի Փոստանջյանը, փաստելով ընթացիկ տարում տեղի ունեցած քաղաքական դատավարությունները, որոնք, նրա գնահատմամբ, ուղղակի հասարակական նահանջի հետեւանք են: Փոստանջյանն անդրադարձավ նաեւ քաղբանտարկյալների վաղաժամկետ ազատ արձակման ժամանակը լրանալուն եւ իշխանությունների մերժմանը, ինչը 800 ազատազրկվածի հնարավորություն չի տալիս այդ իրավունքից օգտվելու: Ներկայացվածի ուղղությամբ, ըստ Զարուհի Փոստանջյանի, «Ժառանգության» կատարած աշխատանքը եղել է լիարժեք, արդյունքըՙ ոչ գոհացուցիչ, պատճառն էլ իրավապաշտպանության հարցերում հասարակության պասսիվությունն է:
Նույն խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ ընտրական օրենսգիրքը նախքան ընտրությունները չբարեփոխելուն եւ աշնանային նստաշրջանում կատարված փոփոխությունները գնահատեց իրավիճակին անհամապատասխան: Անահիտ Բախշյանի ասելիքը ներառեց ԱԺ-ում հաշվետվություններ չլսելու հարցը, մինչդեռ հակառակը օրենքի պահանջն է, ասենք, մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի հաշվետվությունները: Անահիտ Բախշյանը նաեւ ընդգծեց, որ խմբակցության ներկայացուցիչները նոր պատգամավոր լինելով, ունեին խորհրդատվությունների կարիք եւ իրավունք, չեն ստացել դրանք եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Բանախոսը նաեւ եզրակացրեց, որ այդ վարվելակերպը թերեւս ապացույց է, որ ԱԺ նախագահին ձեռնտու չէ բանիմաց պատգամավորների ներկայությունը խորհրդարանում:
Ասուլիսին եւ ընդհանրապես ԱԺ նիստերին Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունը կամ հազվադեպ մասնակցությունը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը բացատրեց Րաֆֆի Հովհաննիսյանի զբաղվածությամբ ԱԺ արտաքին գործունեության ոլորտում. «Դրանով, թերեւս, ավելի կարեւոր գործ է արել Հայաստանի համար այնտեղ, քան կաներ Հայաստանում»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ