Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որ Սեֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը դեկտեմբերի 18-ին քաղ. հայցով դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին` պաշտոնատար անձի` Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջով: Հաղորդվում է, որ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չտրամադրելով նախագահը «հետեւողականորեն խախտել է ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն ազգությամբ հայ Ժիրայր Սեֆիլյանը պետք է հնարավորություն ունենար ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգով, ինչպես նաեւ սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ եւ 49-րդ հոդվածի 2-րդ կետերը, «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը»: Դատարանից Ժիրայր Սեֆիլյանը պահանջում է պարտավորեցնել Ռոբերտ Քոչարյանին` քննարկել իր 2003 եւ 2005 թվականներին ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմումները եւ դրանց վերաբերյալ կայացնել որոշում, որը բխում է սահմանադրության` պարզեցված կարգի մասին 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից: