«Սոցիոմետրի» վերջին հարցումների պատկերը
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ` կենտրոնում այս շաբաթ, կիրակի օրերին ավարտվել է նախնական նախընտրական փուլի վարկանիշային երրորդ հարցման ամփոփումը` տալով հետաքրքրական պատկեր: Այս հարցմանը մասնակցել է 2800 հարցվող` ողջ երկրի տարածքով, ընտրողների 1-2 տոկոսի շրջանակում:
Սերժ Սարգսյանը համոզիչ առաջին տեղում է, երկրորդ տեղում Արթուր Բաղդասարյանն է, երրորդ-չորրորդ տեղերի համար պայքարում են Արտաշես Գեղամյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրանց հետեւում է Վահան Հովհաննիսյանը: Վազգեն Մանուկյանի վարկանիշը, վերջին սկանդալների շնորհիվ մի փոքր բարձրացել է` 3 տոկոսից ավելի. «Բայց ամեն ինչ դեռ առջեւում է, սրանք նախնական խմորումներն են, երբ Ա. Գեղամյանը, Ա. Բաղդասարյանը, Վ. Մանուկյանը դեռ լուրջ ընտրարշավ չեն սկսել», ասում է Ադիբեկյանը:
Ըստ նրա` Լեւոն Տեր -Պետրոսյանի հայտնությունն ընդդիմության շարքերում մեծ խառնաշփոթ է մտցրել, եւ այն չեզոք դաշտը, որը սովորաբար ընտրություններից հեռու է ու մտավախություն ունի, որ Տեր-Պետրոսյանի հետ մութ օրերն էլ կվերադառնան, ակտիվանալու է: Փաստորեն նա ակտիվացնում է այն զանգվածը, որը վախ ունի նրա վերադարձից: Այդ շերտի ընտրողները դուրս կգան իրենց անտարբերության կեցվածքից եւ կգնան ընտրելու: Բնականաբար ոչ Տեր-Պետրոսյանի օգտին: «Մենք հարցում ունենք` «Ո՞ւմ չեք տալու ձայնը», որի պատասխանողները Տեր-Պետրոսյանին դեմ լինելով` գնալու են այլ թեկնածուի օգտին քվեարկելու:
Ա. Վ.