«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2007-12-22 | #238, 2007-12-25 | #239, 2007-12-26


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

Հարցազրույց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի հետ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

- Ինչո՞վ այս տարի առանձնացավ Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեությունը:

- Կոնգրեսի կանոնադրական հիմնական նպատակներից է աջակցությունը հայ ժողովրդի համախմբմանն ազգային շահերի շուրջը: Իսկ այդ հիմնահարցերը բազմաթիվ ու բազմաբնույթ են, ուստի Կոնգրեսն իր գործունեության ընթացքում առաջին պլան է մղում գերակայություն ունեցող խնդիրները, որոնցից ամենագլխավորը աջակցությունն է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հայոց պետականության ամրապնդմանը, այդ գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավմանը: Այս տարի եւս շարունակել ենք այդ հիմնահարցի լուծմանը նպատակաուղղված մեր ավանդական ծրագրերը: Հունվարի երկրորդ կեսին կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը սփյուռքի մի շարք գործարարների հետ կժամանի Երեւան եւ հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու գալիք տարվա խնդիրները:

Ինչ վերաբերում է կոնկրետ այս տարվա առանձնահատկությանը, ապա առանց վերապահման 2007-ը կարելի է համարել կոնգրեսի երիտասարդական տարի: Անցյալ տարի ձեւավորված երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան այս տարի բավականին լայն գործունեություն ծավալեց: Հատկապես հիշատակման է արժանի Հայկական միջազգային երիտասարդական խորհրդաժողովը` «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» օրակարգով: Խորհրդաժողովի նպատակն էր ընթացիկ հարյուրամյակի մարտահրավերների համատեքստում քննարկել համազգային շահերի եւ իրավունքների պաշտպանության շուրջը հայ երիտասարդության համախմբման, Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք բազմակողմանի համագործակցության ամրապնդման ու զարգացման, քաղաքական, կրոնական, էթնոմշակութային տարբեր պայմաններում բնակվող հայության ազգային նկարագրի, ինքնության, մշակույթի եւ ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում երիտասարդության դերի բարձրացմանն առնչվող խնդիրները:

Խորհրդաժողովը բավականին ներկայացուցչական էր, մասնակցում էին 25 երկրների երիտասարդական պատվիրակություններ: Ակտիվ ներկայացված էին հատկապես ԱՊՀ երկրները: Երկօրյա քննարկումները գերազանցեցին սպասելիքները, դրանք բավականին գործնական էին, ինչի մասին վկայում են նաեւ արձագանքները` առաջարկելով նման հանդիպումները դարձնել պարբերական` տարբեր ձեւաչափերով:

Հաշվի առնելով կոնֆերանսում երիտասարդության առաջարկությունները` կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հանձնարարեց 2008-ին անցկացնել երիտասարդական միջազգային փառատոն, որի շրջանակներում տեղի կունենա նաեւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք` քննարկելու հետագա անելիքները:

- Ինչպիսի՞ն էին Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ավանդական դարձած օրերը Հայաստանում եւ Արցախում այս տարի:

- Օրերի շրջանակներում անցկացված բոլոր միջոցառումներն ունեին խիստ նպատակային բնույթ: Առաջին հերթին նշենք հանդիպումներն ըստ հետաքրքրությունների, որոնց շրջանակներում արտերկրից ժամանած հայտնի բժիշկների այցելությունները չսահմանափակվեցին մայրաքաղաքով, նրանք մեկնեցին Տավուշի մարզ, որտեղ եւ կայացան հանդիպումներ բնակչության եւ առողջապահության ներկայացուցիչների հետ: Ըստ հետաքրքրությունների հանդիպումների շարքում արդեն ավանդույթ են դարձել նաեւ ռուսաստանցի եւ հայաստանցի գրողների հանդիպումները, որոնք իրական հնարավորություն են ծանոթանալու Հայաստանին, նրա մշակույթին, առօրյա կյանքին: Հանդիպում են նաեւ նկարիչները, լրագրողները:

Այսօր Հայաստան-սփյուռք հարաբերություններում խիստ հրատապ խնդիր է դարձել հայկական սփյուռքի գործունեության ներկայացումը Հայաստանի հանրությանը: Նման տեղեկատվությունը մեծապես նպաստում է Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք կապերի ամրապնդմանը: Ելակետ ընդունելով այդ հանգամանքը` Օրերի շրջանակներում կազմակերպվեց «Սփյուռքի օր» միջոցառումը հանրապետության դպրոցներում` հայերի բնակության երկրների դեսպանների մասնակցությամբ: Օրինակ, Երեւանի թիվ 163 դպրոցում ներկայացվեց Ռուսաստանի հայ համայնքը, Չարենցի անվան դպրոցում` Մ. Նահանգների, իսկ թիվ 119 դպրոցի աշակերտները ներկայացրին Ֆրանսիայի հայ համայնքը:

Օրերի շրջանակներում կար եւս մեկ նոր երեւույթ` բանակի օրը: Արտերկրի տարբեր համայնքներ ներկայացնող պատվիրակության անդամներն այդ ընթացքում եղան Հայաստանի տարբեր զորամասերում, տեխնիկական-համակարգչային օժանդակություն ցուցաբերվեց (երկու տարվա համագործակցության ընթացքում բանակին կոնգրեսը տրամադրել է 400 համակարգիչ), նաեւ պարգեւատրումներ ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին, գրադարանների համալրում եւ այլն:

Այդ օրերին տեղի ունեցավ նաեւ կոնգրեսի ղեկավարության հանդիպումը Ուկրաինայի, Բուլղարիայի, Իրանի, Վրաստանի եւ այլ երկրների համայնքների ղեկավարների հետ, որտեղ Արա Աբրահամյանը ներկայացրեց կոնգրեսի գործունեությունը, քննարկվեցին հետագա համագործակցության խնդիրները: Որոշվեց 2008 թվականի առաջին եռամսյակում Մոսկվայում կամ Կիեւում կոնգրեսի եւ Ուկրաինայի հայերի միության հանդիպում կազմակերպել` քննարկելու հնարավոր համագործակցության խնդիրներ:

- Կա՞ն խնդիրներ, որ ընդգրկված էին Կոնգրեսի 2007 թվականի գործունեության ծրագրում, բայց չհաջողվեց իրագործել:

- Կոնգրեսի լայնածավալ գործունեության մեջ կային մի քանի հարցեր, որ այս տարի լուծում չստացան: Մենք ծրագրել էինք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի մասնաճյուղեր ստեղծենք Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում: Դա մնաց չիրագործված, մինչդեռ կազմակերպությունը ուժեղ է իր ներքին օղակներով: Նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են: Դա մեր հաջորդ տարվա ծրագրային նպատակներից մեկն է մնում: Այնուամենայնիվ, հիմնական խնդիրները կատարված են:

- Ռուսաստանի հայերի միությունը, հետագայում նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հետեւողական են ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի խնդրի շարունակական իրագործմանը, ինչպիսին Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացումն է:

- Մենք շարունակում ենք այդ շարժումը: Այս տարի ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով նորից ձեռք բերվեցին մի քանի հարյուր համակարգիչ, որոնց մի մասով արդեն համակարգչայնացվել են Երեւանի մի շարք դպրոցներ: Այս տարի ձեռք բերված համակարգիչների որոշակի քանակ նախատեսված է Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցների համար` նկատի ունենալով այդ համայնքների զարգացման վերաբերյալ անցյալ տարի Հայաստան-սփյուռք երրորդ խորհրդաժողովում ընդունված ծրագիրը: Սահմանամերձ գյուղերի ավելի քան 15 դպրոցներում հունվարին կձեւավորվեն համակարգչային դասարաններ: Դպրոցների համակարգչայնացման շարժման առնչությամբ մեր հիմնական խնդիրը մնում է համահայկական մասնակցության ապահովումն այն տրամաբանությամբ, ինչպես ասել է Վազգեն Առաջին կաթողիկոսը համահայկական հիմնադրամ ստեղծելու առնչությամբ. «...Մեզ համար ավելի կարեւոր է, որ մեկ միլիոն հայ ներդնի մեկական դոլար, քան մեկ հայ` մեկ միլիոն»:

Տարբերակված է Կոնգրեսի մոտեցումը նաեւ գիտությանը: Այս տարի Արա Աբրահամյանի առաջարկությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծվեց գիտության աջակցության հիմնադրամ` հոգաբարձուների խորհրդում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ու ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի համանախագահությամբ: Առաջին ներդրումն Արա Աբրահամյանի կողմից 200 հզ. դոլար է, որին միանալու ցանկություն են հայտնել նաեւ այլ երկրների հայ համայնքների ներկայացուցիչները: Կոնգրեսի ղեկավարության առաջարկությամբ աշխատանքներ են տարվում նաեւ Հայաստանում ստեղծագործական եւ գիտական մտավորականության կենտրոն կամ ակումբ հիմնելու ուղղությամբ` ակադեմիկոսների կենսական ակտիվ դիրքորոշումը Հայաստանի խնդիրների լուծման հարցում ապահովելու նպատակով:

- Արցախը միշտ եղել է Կոնգրեսի ուշադրության կենտրոնում: Ի՞նչ մոտեցումներ դրսեւորվեցին այս տարի:

- «ՀՀԿ եւ ՌՀՄ օրերը Հայաստանում եւ Արցախում» ծրագրի շրջանակներում Կոնգրեսի նախագահի գլխավորությամբ պատվիրակությունը եղավ Արցախում, հանդիպումներ ունեցավ նորընտիր նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ: Նշեմ, որ անցյալ տարվանից Ստեփանակերտում Արա Աբրահամյանի միջոցներով սկսվել է 6-րդ դպրոցի շինարարությունը` նախագծային 700 մլն դրամ արժեքով: Օրերի շրջանակներում նաեւ տեղի ունեցավ արցախյան հինգ դպրոցներում համակարգչային դասարանների բացումը: Կոնգրեսի պատվիրակությունը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկեց նաեւ զինվորականների համար բնակարանաշինության հարցում հնարավոր աջակցության խնդիրը: Իսկ այս տարվա նոյեմբերին Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ մոսկովյան հանդիպմանը մասնակից էին նաեւ մի շարք գործարարներ` քննարկեցին Արցախին օժանդակելու հարցերը:

- Կոնգրեսը մի շարք մրցույթներ է հայտարարել այս տարի: Ինչպիսի՞ն է ընթացքը, ե՞րբ են ամփոփվելու դրանց արդյունքները:

- Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի առիթով մեկնարկած «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» մրցույթը ուսանողների եւ բարձր դասարանների աշակերտների համար շարունակվեց նաեւ այս տարի` «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» թեմայով: Գնալով ընդարձակվում է մրցույթի աշխարհագրությունը, մեծանում է մասնակիցների թիվը: Այս տարվա հաղթողների աշխատանքները հրատարակվեցին առանձին գրքույկով, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու երիտասարդների ու պատանիների մոտեցումներին Հայաստանի եւ սփյուռքի տարբեր խնդիրների առնչությամբ: Եկող տարվա մրցույթի թեման էՙ «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»:

Բացի այդ, այս տարի հայտարարվեցին նաեւ մեր հիմնադիր երկու կազմակերպությունների հետ համատեղ մրցույթներ: «Հայը 21-րդ դարասկզբին» թեմայով գեղարվեստական արձակ, վեպ, վիպակ անվանակարգերով մրցույթ է հայտարարվել Գրողների միության հետ, իսկ Ժուռնալիստների միության հետ մրցույթի թեման Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք կապերի, ազգային շահերի շուրջը միավորման լուսաբանումն է: Այդ մրցույթների արդյունքները կամփոփվեն եկող տարվա հունվար-փետրվար ամիսներին:

- Կոնգրեսի գործունեության առումով ի՞նչ խոշոր միջոցառումներ են նախատեսվում իրականացնել 2008 թվականին:

- Արդեն նշեցինք, որ կլինի միջազգային փառատոն: Արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում տարբեր երկրների պատվիրակների մասնակցությամբ երիտասարդության հայ-վրացական երկխոսության հանդիպում կազմակերպելու ուղղությամբ` քննարկելու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում հայ-վրացական բարեկամության պահպանման եւ զարգացման հարցերը:

Նախատեսում ենք նաեւ անցկացնել «Կովկասի եւ Միջին Արեւելքի երկրները որպես հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործում» կոնֆերանսը, որին հրավիրված են ավելի քան 10 երկրների մասնագետներ: Ավանդական դարձած Օրերը եւս կնշանավորվեն նոր միջոցառումներով:

Եկող տարի լրանում է Կոնգրեսի հիմնադրման 5-րդ տարին: Աշնանը տեղի կունենա կազմակերպության հերթականՙ երկրորդ համագումարը, քննարկելու Կոնգրեսի ղեկավարության հաշվետվությունը կատարած աշխատանքների մասին, կառաջադրվեն նոր ծրագրեր առաջիկա հինգ տարիների համար:

Եվ օգտվելով առիթից` ՀՀԿ եւ ՌՀՄ անունից շնորհավորում եմ «Ազգ» օրաթերթի անձնակազմի եւ թերթի ընթերցողների Նոր տարին, ցանկանում առողջություն եւ երջանկություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4