«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2007-12-22 | #238, 2007-12-25 | #239, 2007-12-26


ԲՌՆԿՈՒՄՆԵՐ Մ. ՍԱՐՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ

Երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած մամլո ասուլիսին, որը հրավիրել էր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, հիմնականում խոսվել է Շահեն Խաչատրյանի տնօրենության շրջանի եւ վերջերս նրա հրատարակած «Թանգարանի զինվորը» գրքի մասին: Տկն Ռ. Սարյանը մի փոքրիկ պատիվ էլ արել է մեր թերթին: Գրեթե բառացի ներկայացնելով ասուլիսի նյութը, անգամ չուղղելով մեջբերված խոսքերը, մեզ իրավունք ենք վերապահում թերթի առաջիկա համարում անդրադառնալ հնչած մեղադրանքներին:

Երկար ժամանակ արվեստագետների ու արվեստասեր հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվել են Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցող իրադարձությունները:

«Ուրբաթ» ակումբում հերթական անգամ արվեստաբան Շահեն Խաչատրյանի հասցեին վիրավորանքներով ու մեղադրանքներով հանդես եկավ վարպետի թոռնուհին, Մ. Սարյանի տուն-թանգարանի այսօրվա տնօրեն Ռուզաննա Սարյանը:

«Չուզեցի հանդուրժել այս իրավիճակը: Շատ բաներ հասարակությանը հայտնի չեն», ասում է նա ու ներկայացնում 40-ամյա թանգարանի պատմությունն ու «իրական» պատմություններ:

«1978-ին տեղի ունեցավ առաջին գողությունը եւ անհետացավ «Ղարաքիլիսա» կտավը: Գողության երկրորդ դեպքը կապված էր Այվազովսկու կտավի հետ, իսկ 1992-ին տեղի ունեցավ զինված ավազակություն, ու տարան 4 կտավ»: Ըստ Ռ. Սարյանի, իրադարձությունները թանգարանի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանի «անփույթ աշխատանքի» արդյունքն են: «Շահեն Խաչատրյանի տնօրինության օրոք վերահսկիչ չկար: Նա անպատասխանտու էր, այդ պատճառով էլ թանգարանում երեք անգամ գողություն տեղի ունեցավ», ասում է նա ու նշում, թե այդ անփութության պատճառով է, որ այսօր արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ կանգնած են ոչնչացման եզրին:

Ռ. Սարյանն ասաց, որ «անթույլատրելի է նկարների գոյության հաշվին ցուցահանդես կազմակերպել: 2003-ին Ֆրանսիայի Գրիմալդի դղյակում, ուր բացվել է նաեւ Պիկասոյի թանգարանը, կազմակերպվեց Սարյանի ցուցահանդեսը: Թանգարանը չուներ ջերմակայունացումն ապահովող սարք, պատուհանները բաց էին դեպի Միջերկրական ծով: Հասկանալի է, որ այդպիսի պայմաններում Սարյանի կտավները երկար գոյատեւել չէին կարող: «Պոլսո շներն» արդեն վթարային վիճակում էին գտնվում ու պետք է անգամ չտեղաշարժեին: Իհարկե, վարկանիշը բարձր էՙ ցուցահանդես կազմակերպել Պիկասոյի թանգարանում, բայց պետք է նաեւ մտածել կտավների հետագայի մասին»:

Ռ. Սարյանը նշում է, թե տնօրենության գերխնդիրն է փրկել կտավները: Նրանք դիմել են համապատասխան ռեստավրացիոն կենտրոն եւ «այսուհետ ո՛չ մի փշուր ներկաշերտի կորուստ չենք ունենա»: Իսի լը Մուլինոյի քաղաքապետ Անդրեա Սանտինիի հատկացրած գումարով վերանորոգվել են մի քանի ստեղծագործություններ: Այդ թվում «Երեւանյան բակը գարնանը» (1928) եւ «Արագած» (1925):

Ռ. Սարյանը նշում է, թե տնօրենի պաշտոնը ստանձնել է Լինսի հիմնադրամով թանգարանը վերանորոգելուց հետո, եւ այն պետք է լիներ բարվոք վիճակում: «Բայց 3 տարի չեմ կարողանում շինարարությունը վերջացնելՙ տանիքը կաթում է, կոյուղին, մանրահատակը խայտառակ վիճակում են: Ջեռուցման խնդիրն այդպես էլ չի լուծվում»:

Ստեղծված իրադրությունն ավելի բորբոքելու, թեժացնելու համար Ռ. Սարյանն անդրադարձավ Շ. Խաչատրյանի «Թանգարանի զինվորը» գրքին: «Շատ փաստեր աղավաղված են, շատ բաներ անընդունելի: Ինչպիսի միտում ունի իր հավաքչական գործը սկսել մի նկարի պատմությունիցՙ «Գիշերային բնանկարը», որ պատկանում է Սարյանի ընտանիքին: Գնվել է Սարյանի կենդանության օրոք, կարելի է ասել Սարյանի դրամով, եւ կախվել թանգարանումՙ հանդիսանալով ընտանիքի սեփականություն: Անհասկանալի է, թե ո՞րն է իր արժանիքը»: Խոսքն, իհարկե, Շահեն Խաչատրյանի մասին է:

Ռ. Սարյանը ներկայացնում է նաեւ մի շարք կտավների «իրական» պատմությունները:

««Գիսաստղ» նկարը Ղազարոս Սարյանի սիրած նկարն է, որ զարդարում է նրա աշխատասենյակը: Գրքում պատմում է պատմություններ, որ չեն համապատասխանում իրականությանը: Ինչումն է նրա դերըՙ անհասկանալի է:

Ինձ վրդովվեցրել է հատկապես «Արեւելյան սենյակի ինտերիեր» կտավի պատմությունը, որ թանգարանին նվիրել է Գուրգեն Յանիկյանը:

Գրքում զետեղված փաստերը սուտ են: Մտածում եմՙ շուտով հրատարակվող «Հուշեր Սարյանի մասին» գրքում ինչեր է գրելու»:

Մ. Սարյանի ընտանիքի անդամներին ու տնօրենությանը մտահոգող ամենամեծ խնդիրը Սարյանի հեղինակային իրավունքի խախտման փաստն է:

«Հրապարակված ալբոմներում բազմաթիվ կեղծիքներ կան: Կեղծվում են Սարյանի կտավները եւ կտավների տակ Շահեն Խաչատրյանի ստորագրությունն էՙ որպես փորձագետի: Սարյանի կեղծ կտավներ են հայտնվել կանադական մասնավոր հավաքածուներում: Կեղծ կտավներ են հայտնվել անգամ Սոթբիսի աճուրդում եւ վերջին պահին կարողացանք կանխել, որպեսզի կատալոգում չհայտնվեն»:

Տարօրինակ է, որ այսպիսի ծանրակշիռ մեղադրանքներ անելու ժամանակ տիկին Սարյանի ձեռքի տակ չկան ապացույցներ եւ իրավաբանական փաստաթղթեր: Ռուզաննա Սարյանը հեղինակային կոպիտ խախտում է համարում նաեւ այն փաստը, որ Շ. Խաչատրյանի «Թանգարանի զինվորը» գրքի շապիկը զարդարված է Սարյանի կտավներով:

Ըստ Ռ. Սարյանիՙ մինչ գրքի ձեւավորումը, նախ պետք է խոսեին ընտանիքի անդամների հետ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4