Կանադահայ կոմպոզիտոր, խմբավար, գրող Հակոբ Մանուկյանի երեւանյան մեծարման ցերեկույթին ներկա էին անվանի կոմպոզիտորներ, երաժշտագետներ, գրողներ ու շատ հյուրեր: Խնկո-Ապոր անվան գրադարանի դահլիճը լեփ-լեցուն էր: Նա ծնվել է Հալեպում, երաժշտական կրթությունը կատարելագործել Անգլիայում, ԱՄՆ-ում: Նաեւ ուսանել է Կիպրոսի Մելգոնյան հանրահայտ վարժարանում: Հակոբ Մանուկյանը Եթովպիայում (Ադիս-Աբեբայում) 18 տարի շարունակ զբաղվել է եթովպացիների հոգեւոր երաժշտության ձայնագրությամբ, մշակումներով: Մեծարման ցերեկույթի բանախոս, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը նշեց. «Հակոբ Մանուկյանը եթովպական հոգեւոր բազմաթիվ մեղեդիներ է ձայնագրել, նոտագրել, ուսումնասիրելով երաժշտության ոճական առանձնահատկությունները, լադային, ռիթմաինտոնացիոն հատկությունները, որի արդյունքում ի հայտ է բերել 14 պատարագ»: Այս աշխատանքը բազմաշնորհ երախտավորը համատեղել է հայ երգ-երաժշտության տարածման եւ ուսուցման գործինՙ աշխատելով եթովպական Սբ. Գեւորգ եկեղեցում եւ Կեւորկով վարժարանում: Հակոբ Մանուկյանի ստեղծագործություններում հստակ ընդգծվում են հայ ազգային երաժշտության բնորոշ ռիթմաինտոնացիաները, որոնք հաստատում են, որ տիրապետում է ինտոնացիոն տարբեր ակունքների հնչերանգներին: Նրա ստեղծագործությունները բազմաթիվ են եւ բազմաժանր: Նախասիրությունը տալով երգային ժանրին, Հ. Մանուկյանը օգտվել է Վ. Թեքեյանի, Ն. Զարիֆյանի, Վ. Մավյանի, Վ. Տերյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի բանաստեղծություններից: Բացի այդ, Հակոբ Մանուկյանի գրական ստեղծագործությունները լրացնում են հայազգի արվեստագետի նկարագիրըՙ «Տիրուհի», «Իմ գիրքը», «Քամանչիստ Ռուբենի հուշերը» բազմաթիվ պատմվածքները առանձնանում են: Հ. Մանուկյանը բեղուն գործունեություն է ծավալել նաեւ հայ երաժշտության խմբերգային արվեստի ժանրում: Հաբելյարը մեծարման ցերեկույթին բազմաթիվ ողջույնի ու գնահատանքի ուղերձներ ստացավ: «Ազգի» հետ զրույցի ժամանակ Հակոբ Մանուկյանը նշեց, որ հաջորդ տարի, կրկին հայրենիքում, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ կկայանա հեղինակային համերգ: Ցերեկույթի ընթացքում հնչեցին Հ. Մանուկյանի ստեղծագործությունները անվանի երաժիշտների, երգիչների կատարմամբ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ