Նախորդ համարներից մեկում «Ազգն» արդեն տեղեկացրել է օրեր առաջ Վիեննայում տեղակայված միջազգային մամլո ինստիտուտի (IPI)ՙ Հրանտ Դինքին հետմահու «Աշխարհի լրատվական ազատության հերոս» (World Press Freedo ու Hero) կոչմանն արժանացնելու մասին:
Այդ նույն օրը Ավստրիայի վարչապետարանի խորհրդաժողովների դահլիճում «Մարդու իրավունքների» համաշխարհային օրվա առիթով Ավստրիայի «Ավստրո-օտարերկրյա բոլոր ընկերությունների տանիք կազմակերպության» կողմից «Բարեկամ բոլոր ժողովուրդների» «Հոբելյանական մրցանակ-2007»-ը հետմահու շնորհվեց Հրանտ Դինքին: Մրցանակը, որ Ավստրիայում կարեւորներից մեկն է համարվումՙ 10.000 եվրո արժողությամբ, հանձնվեց Հրանտ Դինքի այրունՙ Ռաքել Դինքին: Այս մասին տեղեկություններ մեզ հաղորդում է Ավստրա-հայկական մշակութային միության նախագահ Ռազմիկ Թամրազյան-Հարությունյանը, որից հարկ ենք համարում ներկայացնել մի քանի կարեւոր մանրամասներ եւս:
Վարչապետարանի կից պետքարտուղար տկն Հայդրուն Սիլհավին խոսել է Հրանտ Դինքի կատարած աշխատանքների, գաղափարական պայքարի մասին, չնայած կանխատեսելի վտանգներին: Նա անդրադարձել է հայ ժողովրդի պատմության ճակատագրական պահերինՙ հիշելով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Որից հետո նա Ռաքել Դինքին է հանձնել պատվոգիրն ու դրամական պարգեւը: «Հրանտ Դինքըՙ թուրք-հայկական «Ակօս» օրաթերթի գլխավոր խմբագիրը, աշխատեց սակայն խաղաղ աշխարհի համար, սակայն այս տարվա հունվարի 19-ին Կ. Պոլսում իր թերթի խմբագրության առջեւ, բաց փողոցում գնդակահարվեց»: Նա ավելացրել է, որ «Թուրքիայի համար մի չափանիշ կլինի, թե ինչպես կընկալեն այս երկրի քաղաքացիներն իրենց ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դրությունը»:
Շնորհակալությամբ ընդունելով պատվական պարգեւն, իր հերթին Ռաքել Դինքն ասել է. «Հրանտ Դինքը համոզված էր, որ պայմանական իրողությունները պետք է բացահայտել: Իմ ամուսինն ազատ խոսքի հերոս էր: Նրա միակ զենքը ճշմարտությունն էին ու իր գրությունները»: Տեղեկացնելով, որ ամուսինը գիտակից էր իր գործունեության հնարավոր հետեւանքին, նա ավելացրել է, որ «այժմ մի անգամ եւս սպանում են նրան, դժվարացնելով սպանության հետախուզման աշխատանքները: Այնքան ժամանակ, որ այսպիսի ոճրագործությունները չեն գիտակցվում, տեղի կունենան այսպիսի այլ սպանություններ»: «Հրանտ Դինք հիմնադրամ»-ը պետք է ամեն ջանք գործադրի նրա իդեալները կենդանի պահելու համար»:
Մ. Բ.