«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2007-12-22 | #238, 2007-12-25 | #239, 2007-12-26


ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԱՎԵԼԻ ՏԿԱՐ ԿԼԻՆԵՆ

Հասարակական գիտությունները դուրս են մղվում բնագիտական համալսարանից

Հարցեր վարչապետին

«Ազգի» միջոցով հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին հարցեր ուղղելու ցանկություն ունեցողները մեզանում, անշուշտ, սակավաթիվ չեն, սակայն տարօրինակ զուգադիպությամբ, վերջին հարցադրումների հեղինակները բուհերի դասախոսներ են, որոնց հետ այս կամ այն պատճառաբանությամբ այս ուստարում պայմանագիր չի կնքվել: Երեւանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանը դադարեցրել է փիլիսոփայության գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պետրոսյանի հետ անցած տարի կնքած պայմանագիրըՙ քաղաքագիտություն առարկան ուսումնական ծրագրից հանելու պատճառով: «Ի՞նչ նպատակ է հետապնդում Թոքմաջյանը եւ բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են այդ առարկայից հրաժարվելու տեսակետը: Ինչո՞ւ են ցանկանում, որ բուհ ավարտած մասնագետը քաղաքականապես լինի տգետ, պասսիվ, անտարբեր: Հավանաբար այդպիսի ղեկավարներն առաջնորդվում են «որքան տգետ է հասարակությունը, այնքան հեշտ է նրան կառավարելը» մտածելակերպով», գրում է Պետրոսյանը, հավելելով, որ այդ պաշտոնում ընտրվելուց հետո համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ առաջին հանդիպման ժամանակ ռեկտորն իր ելույթը սկսել է հետեւյալ հայտարարությամբ. «Սա տեխնիկական բուհ է, այստեղ հասարակագիտական առարկաները երկրորդական են, եւ եթե ուսանողը մաթեմատիկայից դրական է ստանում, ապա հասարակական գիտությունների դասախոսներն իրավունք չունեն բացասական գնահատելու: Հետեւաբար առաջին իսկ հրամանով վերացնում եմ հասարակական գիտությունների ամբիոնը, այդ առարկաները կցելով մասնագիտական տարբեր ամբիոններին»:

Այդ խոսքերից հետո ռեկտորը դիմել է հասարակական գիտությունների դասախոսներին, ասելով, որ իր համար նրանց դասավանդած առարկաները զրոյական նշանակություն ունեն: Նրա այդ մոտեցումը, Պետրոսյանի պնդմամբ, փոխանցվել է դեկաններին, ամբիոնների վարիչներին ու հատկապես ուսանողներինՙ հասարակագիտական առարկաների նկատմամբ առաջացնելով հեգնական եւ արհամարհական վերաբերմունք:

Պատասխան ստանալու ակնկալիքով նա վարչապետին դիմում է հետեւյալ հարցադրումներովՙ իրավունք ունի՞ բուհի ղեկավար աշխատելու այդպիսի մտածելակերպ ունեցող մարդը, մեղադրելի չէ՞ այդպիսի մոտեցումը, նման գործունեությունը պետական հանցագործություն չէ՞:

Պարզաբանում ԵՃՇՀ-ից

Պետրոսյանի նամակը ընթերցելուց հետո հեռախոսով զրուցեցինք Երեւանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի ու կառավարման ամբիոնի վարիչ Սարգիս Ստեփանյանի հետ: Նա հաստատեց, որ քաղաքագիտություն առարկան տարեսկզբին իրոք հանվել է ուսումնական ծրագրից, քանի որ «Եվրոպական տեխնիկական բուհերում այդպիսի քաղաքականացված ծրագիր գոյություն չունի, ոչ մի տեղ չեն դասավանդվում քաղաքագիտություն, տնտեսագիտություն, պատմություն, որովհետեւ տեխնիկական առարկաները չեն տեղավորվում հատկացված ժամաքանակում: Այդ առարկաների հիմնական դրույթները դասավանդվում են միջնակարգ դպրոցում եւ իմացության այդ մակարդակը լիովին բավարար է տեխնիկական բարձրագույն կրթություն ունեցողի համար»:

Կրթության նախարարի զարմանքը

Պետրոսյանի նամակի եւ Ստեփանյանի պատասխանի մասին երեկ տեղեկացրինք գիտության եւ կրթության նախարարությունում տարեվերջյան ամփոփիչ ասուլիս հրավիրած Լեւոն Մկրտչյանին: Նա խիստ զարմացավ, որ որեւէ բուհ կարող է այդպիսի ինքնակամ որոշում կայացնել. «Այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ գործող օրենքի համաձայն, բոլոր բուհերում հասարակական առարկաների համար նախատեսված է որոշակի ժամաքանակ: Ձեր նշած իրողության մասին ինձ չի տեղեկացվել, որեւէ դասախոսից բողոք չի հասել: Եթե «Ազգում» այդ մասին գրվի, անմիջապես ընթացք կտանք, որովհետեւ պետական բուհերն աշխատում են պետական չափորոշիչներին համապատասխան եւ աշխարհում չեք գտնի բնագիտական մի բուհ, որում տեղ չունենան հասարակական առարկաները: Ինձ համար սա նոր հարց է եւ հենց այսօր անպայման կճշտեմ», ասաց նախարարը:

Ինչո՞ւ է մեր նորակոչիկների կրթական մակարդակը ցածր

Մեզ հետ առանձնազրույցում կրթության նախարարն անդրադարձավ նաեւ նորակոչիկների գիտելիքների ցածր պաշարին, որից վերջերս հրապարակավ դժգոհություն էր հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարը: «Այդ խնդիրը միշտ եղել է, հատկապես գյուղական բնակավայրերում ութամյա կրթություն ստացածները աչքի են ընկել կրթական ցածր մակարդակով: Անշուշտ, իրենց մեղքը ունեն դպրոցները, սակայն մենք պարտավոր ենք այդ երեխաներին կրթել, հատուկ ուշադրություն դարձնելով այդ բնակավայրերի վրա: Դրանք հիմնականում բարձրլեռնային եւ անասնապահական շրջաններն են, որոնք վերահսկման կարիք ունեն: Դրանց թիվը շատ մեծ չէ, այդ իմաստով եվրոպական ցուցանիշներին համարժեք պատկեր ունենք»:

Երեկ հրավիրած ասուլիսում Լեւոն Մկրտչյանը խոսեց կրթական բարեփոխումների մասին (հատկապես կարեւորելով ավագ դպրոցի ստեղծումը), որոնց վերաբերյալ մասնագետների կարծիքը պարբերաբար հնչել է մեր թերթում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4