Շաբաթներ առաջ ունեցած ու գրառված այս տրամադրություններս անհուսության պահեր համարեցի, որովհետեւ երբ ասում ենՙ «Ինչո՞ւ ես կյանքի այս մի երեսն էլ տեսնում (չեն ժխտում, որ դա կա), բա լուսավոր կետեր ու փողոցներ չկա՞ն»: Ասում եմՙ «Կան ու դրանց` ոչ էդքան փողոցների, էդ լուսավոր հատ ու կենտ կետերի մասին շատ եմ գրել»: Մեկն էլ կողքից ավելացնում է. «Չես տեսնում` էլիտար կյանք է գոյացել, էլիտար պողոտա, հագուստի ու գեղեցկության սրահներ, եւ դեռ այս բաներն արտացոլող «Էլ Style», «Elite Life» ժուռնալներ: Ու դեռ բողոքում եք, որ կյանքը լավ չէ: Արդար չեք»: «Ինչ անեմ, ծանոթ չեմ էդ էլիտ կյանքին, անծանոթ բանի մասին ի՞նչ գրեմ, որ սուտ չլինի: Ուզում եք` անպայման սո՞ւտ գրեմ»: «Լավ, ասում են, բա էն միջին խավը, հանգիստ իր համար ապրում է, խանութը փակում, գալիս տուն, իր սերիալը նայում»: Էն, որ ո՛չ դարդ ունի, ո՛չ ցավ, ո՛չ ազգային, ո՛չ մարդկային նկարագիր, մտածում ես ու լռում: Ժողովուրդը կասիՙ կերը տեղն ըլնի, տակը` չոր: Էդ ամորֆ մարմինը եղած-չեղած մի հաշիվ է: Իսկ իսկական միջին խավ մեզանում դեռ չի ձեւավորվել, ինչպես եւ որեւէ կերպ հնարավոր չէ ձեւավորել մտավորականության խավը:
Մեր կյանքի ներկա իրողությունը, ցավոք, բեւեռացում է ստեղծել, միջինը կորել է արանքում:
... Ինձ թվում էՙ արտաքուստ այդքան էլ վատ տեսք չունեցող հագուստի պատառոտված, քրջոտած աստառի նման, հասարակության (բոլորիս) մյուս երեսը ավելի լավ երեւում է ընտրությունից ընտրություն: Գործող հիմնական անձինք դիմակափոխության վարպետներն են. սրանք կամ դիմակ են հանում, կամ նորը կրում: Քանի որ Նոր տարին է մոտենում, կոնֆետ բաժանող Ձմեռ պապի դիմակն ավելի հարմար է կարծես: Գնեք, քանի ուշ չէ, թե չէ նորից ձեզնից շուտ գլխի կընկնեն ձայնավաճառները ու հնարավոր է, որ այս անգամ սակարկությունն ավելի թանկ լինի: Հայաստանյան ընտրություններին այս տարածքը ոնց որ` քարվանսարա, չէ՛, չէ՛, այս անգամ ոնց որ քավարանի մի բաժանմունք: Հայերն այստեղ էլ ծանոթով են անցաթուղթ տալիս, կամ էլ կեղծում են, որովհետեւ ընտրողաբար են հավատաքննության ենթարկում: Սրա մեկնաբանությունն էլ քարոզչության մի տեսակ է անում, որ հիշեցնում է հին անվաձողի ժանգոտ ճռինչ: Ու անցյալի սայլանիվին կառչած պահելով մարդկանց, խանգարում են նրան, ներկան կամ ապագան տեսնել, ու սա էլ շարունակ հետ-հետ նայելովՙ ավելի է խորանում ճահճուտում: Իսկ ճահճուտը համաճարակ ու գարշահոտ է տարածում: Ու որպեսզի մյուսներին էլ չվարակի, մի օր էլ այդ ճահճուտը չորացնում են:
Ընտրապայքարի ելածների խոսքը գնահատելու անցյալի փորձառությունը լիուլի բավարար էՙ ասելու, որ դրանք մեծ մասամբ գրոշի արժեք չունեն: Այս խառնակ բազմաձայնության քաոսի մեջ, ուր լսելի են ինչպես ստորապատման հերոսների (շառլատան-աճպարարներ, մտավորականակերպ պնակալեզներ, 1000 դրամանոց ինքնավաճառներ) ու հետն էլ մարմինն ու հոգին աճուրդի հանել չցանկացողների ձայներ, ի՜նչ սուր զգացողություն, ինչպիսի՜ կամք պիտի ունենալ` չմոլորվելու, նույնիսկ չխելագարվելու համար:
Խե՜ղճ ժողովուրդ, որ դեռ հույս ունի...
Անտարբեր ձեռք թափ տվողները կշարունակեն նույն կերպ ապրել, թե ոչինչ չի փոխվելու, այսպես սապատավոր եղել, սապատավոր էլ մնալու ենք, որովհետեւ մահապարտը, դարձյալ եթե պահանջվի, մահվանն ընդառաջ կգնա, ու թիկունքում իր երեխայի արցունքը սրբող չի լինի, իսկ գող մկները դարձյալ արագորեն թալանի կանցնեն, մի խումբ էլ ճամպրուկները պատրաստ` արեւմուտքի տաք ու հարմարավետ ափն իրեն կնետի, հետո չվող թռչունի պես որոշները մերթընդմերթ կգան խրատ կարդալու կամ կեղտաջուր լցնելու մեր տան մեջ կամ էլ գոհ-գոհ մրցանակ կստանան հայրենի կառավարիչներից ու կչվեն դարձյալ: Մնացածներից շատերը ոսկրացած ձեռքերը կմեկնեն իրենց նետված գրոշները վերցնելու, կյանքի մնացորդը քարշ տալու ստորացումները կլլելով: Շահառու կրքերին բավարարում տվողները կապականեն մեր գիրն ու լեզուն, որովհետեւ դատարկ տարածություններ ու ճաք լցնելու ժամանակներ են եկել, իսկ պարզունակները խոսքի մակերեսներին լող կտան, մինչեւ անզորությունից հարեւանների գիրկը նետվելըՙ խոսք մուրալու աստիճան: Հաճկատարների հայրենասիրություն-հերոսությունն էլ կչափվիՙ ով որքան շուտ ու շատ հայերենի բառապաշարը կանարգի (որովհետեւ սթափ քննադատը, վերլուծողն ու գրի պարտամուրհակ չստորագրողը բառապաշարի ցածր շերտերը չի քրքրում): Ու վաշխառուի հոգեբանությամբ ամեն խոսքի դիմաց շռայլ վարձատրման ակնկալիք սպասողների աչքը ջուր կկտրի, որովհետեւ աճպարարության ամենահմուտներն իսկ չեն կարող երեւակայել, որ իրենց ամենահզորից էլ հզորը կա, ու որ ժամանակները լպրծուն են, մերկասառույցի վրա սայթաքելու, կորչելու են` վաղ թե ուշ:
Որովհետեւ այս երկրի գյուղերից մեկում միջնադարյան եկեղեցու քարերն են հանում-տանում ու գյուղապետի տունը սարքում, երբ սփյուռքահայ մարդը գյուղացուն ասում էՙ եկեղեցու գմբեթը անտերուդուս աճած ծառերից մաքրի, գյուղացին ասում էՙ 100 դոլար տուրՙ մաքրեմ, երբ հանգիստ խղճով մատուռ են սրբապղծումՙ խաչ ու սրբապատկերներ գետնին շաղ տալիս, կամ էլ եկեղեցական համալիրի պարսպին կից գյուղապետի սարքած սրճարանն են մի կերպ հանել տալիս, այս բաները տեսնելուց հետո նույնի՜սկ մխիթարվում ես, որ, օրինակ, Աղթամարի Սուրբ Խաչը թեկուզ իբրեւ թանգարան վերանորոգում-վերաբացում են, թեկուզ առանց խաչի, որովհետեւ թանգարանի վրա խաչ չի լինում: Մտածում ես` ուրեմն Խաչատուր Աբովյանը դասագրքերից պիտի դուրս դրվի, որովհետեւ գրել է «Թուրքի աղջիկը», էն էլ ո՜նց է գրել, կամ Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Թումանյանը, եւ բոլոր էն հայ գրողները, որ այս երկու ժողովուրդների բարեկամության մասին գրել են, որովհետեւ իմաստուն էին, գիտեին, որ տեւական ատելության ու թշնամանքի գինը արյունն է:
Հետո մտածում ես, թե Կարսում Եղիշե Չարենցի տունը ինչո՞ւ եւ ինչպե՞ս են թուրքերը տուն-թանգարանի վերածելու: Մտածում եսՙ Երեւանից պիտի ցուցանմուշներ տանե՞ն, թե՞ լուսապատճենային կրկնօրինակ սարքեն: Զարմանում ես, որովհետեւ հանկարծ Նալբանդյան փողոցով ես անցնում ու աչքդ ընկնում է մի ցուցատախտակինՙ այս տանը այսինչ թվից այսինչը ապրել է Ակսել Բակունցը, կողքին տուֆե կարմիր հուշաքարն էՙ արձանագրությամբ: Ի՜նչ էլ տանն է ապրել Բակունցըՙ եռահարկ կառույց, առաջին հարկըՙ ապակե մեծ ցուցափեղկերով իտալական բարձրաոճ հագուստի «Stefanel» խանութն է, վերեւումՙ չգիտեմ, երեւի դրա պես մի բան: Տեսնես, չէի՞ն կարող հայերը Բակունցի ապրած տունը տուն-թանգարան դարձնել: Բակունցյան մասունքները հավաքելու համարՙ կարծես Թուրքիա գնալու հարկ չկա... Մեկ էլ հիշում եմ Նոր Ջուղայի ազնվական հոգով այն հային, որ տարիներ շարունակ ամեն զոհողություններով Հայաստան է տեղափոխում Նոր Ջուղայում անհետացման եզրին գտնվող հայ մշակույթի ամեն նշխարՙ ձեռագիր մատյաններից, գորգերից, լուսանկարներից, եկեղեցական պարագաներից մինչեւ անգամ ասեղնագործ թաշկինակներ: Ու ասում էրՙ թե հնար լիներ, տեխնիկան թույլ տար, մեր եկեղեցիներն անգամ կտեղափոխեր հայրենիք:
Ու մտածում եմ դարձյալ, թե թուրքը ինչո՞ւ պիտի մեր մատուռն ու վանքը պահպանի կամ թանգարան հիմնի, մենք էլ հույսներս իրենց եւ ուրիշների վրա դրած` առավոտից իրիկուն երգ ու պարի թատրոն սարքենք ու թամաշա անենքՙ քաջնազարի պես վայելք վայելենք: Թշնամի՞ ենք փնտրում ու չե՞նք գտնում, բա մեր ներսի թշնամին ի՞նչ էՙ քացկեղի մետաստազները մեր հոգեւոր մարմնի մեջ ո՜նց է տարածել ու ո՜նց չի թողնում առողջ մի բջիջ մնա: Բա հայկական հեռուստատեսությունն ի՞նչ էՙ մեր թշնամին չէ՞, որ ազգին պարտադրել է կապկանման խայտառակ այս տոնավաճառը-տափակ հումորի, անարվեստ երգ ու պարի, այլանդակ սերիալների, անվերջանալի կպչուն ծրագրերիՙ մարդկային նորմալ մտածողությունից դուրս լեզվով, բարոյական ամեն արժեք անարգող: Տեսնես էդ երգ ու պարով ո՞ւմ են կերակրում կամ ո՞ւմ աչքին թոզ փչում, ուզում են ասել, թե Հայաստանում կյանքը ավելի թեթեւ ու հեշտ է, քան, ասեք, Փարիզո՞ւմ, Ժնեւո՞ւմ կամ Դուբայո՞ւմ, կամ թեՙ դրախտը իրոք Հայաստանո՞ւմ է. թե դրախտ էՙ «Կատվի դրախտն» է («Նոր ալիքի» հերթական «գլուխգործոցը», եթե ծանոթ չեք, ամեն ուրբաթ 24-ից հետո, ժամը շատ ուշ չէ, այնպես որ դեռահասներն էլ կարող են որոշ բան սովորել): Բայց ինչքան էլ այդ ծրագրերի վրա գլուխ ջարդե՞ն, հո մի ամբողջ ազգի ուղեղը չեն լվանալու, մարդիկ կան, չէ՞, որ չեն բթանում, դեռ մտածելու, դատելու ունակությունը չեն կորցրել, տարբերակել գիտեն, ընտրել գիտեն, թացը չորից զանազանում են:
Հետաքրքրական էՙ տեսնես թուրքերը նախագահական ընտրապայքարի ընթացքում ի՞նչ միջոցների են դիմում, քաղաքակիրթ ձեւե՞ր են սովորել: Ասենք, հնարավոր էՙ իրենց քարոզչամիջոցները մեկին ոչնչացնելու համարՙ դրան իբրեւ հայամետ գործչիՙ վարկաբեկությամբ զբաղվեն, ասենք, մեղադրելով Հայոց ցեղասպանությանՙ դրական կողմնորոշումների մեջ: Հնարավո՞ր է: Հա, երեւի: Եթե հա, ուրեմն մենք լավ դաս ենք առել նրանցից: Բայց թուրքերը իրոք անթասիբ ժողովուրդ են, էդ ինչքան են հուսահատված, ողորմելիացած (թեպետ ցույցեր են անումՙ Եվրոպային մատ են թափ տալիս, ահաբեկում), որ իրենց հույսը կամ թունելի վերջում (սա կարծես մահից հետոն է) լույսը պատերազմը հաղթած շրջանի մեր նախագահի հետ են կապում: Տեսնես էդ երկրում մի ազգասեր թուրք չկա՞, որ աչքերը դուրս են գցել: Մենք էլ, դրանց փեշերից կախ ընկած, թուրքական մամուլն այս անգամ արդեն գոհունակությամբ ենք մեջբերում, հետն էլ եթերավորում: Ուրեմն հայի մեջ արժանապատվության վերջին կաթիլն էլ մեռա՞վ: Ուրիշ բան չկա՞, սպառվե՞լ է: Հայերին ո՛չ ազգային ոգին է հետաքրքրում, ո՛չ դեմոկրատիան, թե չէ ոչ վաղ անցյալի հիշողությունները չէին թողնի այս աստիճանի ուրացում:
Ու մտածում եսՙ էս ընտրություններն ինչու դարձյալ մոտեցան, հանգիստ ապրում էինք էլի մեր ճահճուտում ու նորից զարմանում ես լրատվամիջոցներիՙ մեզ տրամադրած պարզ /ան/ հավասարումը լուծելու իրենց անկարողության վրա: Ի՜նչ ճիգեր են գործադրում ապացուցելու, որ Գյումրիում, օրինակ, բոլորը միատեսակ են մտածում, ի՜նչ ուրախություն, ի՜նչ հրճվանք, երբ վկայաբերում են միջազգային եւ այն էլ հեղինակավոր ամերիկա-բրիտանական կազմակերպություններին, որ մեր թեկնածուներից առաջին նախագահի վարկանիշը օրինակ 2-3 տոկոսից չի անցնում: Լավ, հասկացանք, որ չի անցնում ու անգամ Տիգրան Կարապետյանին ու չառաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանին էլ է զիջում, այդ դեպքում ինչո՞ւ եք այնքան սեթեւեթումՙ եթերաժամի ու մամուլի այդքա՜ն թանկ էջերը ծախսումՙ զօր ու գիշեր այդ բաները թմբկահարելու: Էն մնացածները ազգընտիր հրեշտակնե՞ր են (խոսքը միայն մրցապայքարի մեջ մտածների մասին չէ), ոչ կասկածելի անցյալ ունեն, ոչ բան, հայրենանվեր, ազնիվ գործի՞ են լծված: Ափսո՜ս, որ քաղաքը փոքր է, ժողովուրդն էլ քչացել է, ու ամենքը ամեն բան գիտեն էդ ազգընտիր հրեշտակների անցյալի ու ներկայի մասին:
***
Այսպես ենք մենք հայերսՙ մերթ թուրքերին գովում (ի՜նչ մամուլ ունեն, է՜), մեկ էլ փնովում ենք: Ինչքան տխրեցինք, որ Օրհան Փամուքը, օրինակ, Նոբելյան մրցանակ ստացավ, վրդովվեցինք, թե նա մաքուր թուրք չէ, թե թուրքը լավ գրականություն չի կարող ստեղծել, բայց այս անգամ գյումրեցիների պես բոլորը միատեսակ չմտածեցին, մեր խմբագիը, օրինակ, ինձ նվիրեց Փամուքի մոսկովյան ընտիր մի հրատարակությունՙ «Ձյունը», ու հորդորեց, որ կարդամ, ու ես վատ զգացի իմ այն մտքից, թե որքան էլ` Նոբելյան մրցանակակիր, բայց թուրք գրողի գիրք չեմ ուզում կարդալ: Հետո մի լավ հոդված տպագրեցինք էդ մարդու մասին:
***
Երբեմն մտածում եսՙ սա ընտրություն է, թե՞ դասակարգային պայքար ու հետո զարմանում ես մարդկանց հետ խոսելուց ազդված (առանց ձայնագրիչի, երբ նրանք անկաշկանդ են), թե նույն արեւը ինչպես է այդքան տարբերՙ բոլորի համար: Ու դարձյալ զարմանում ես խոսքը բազմացնող, տիրաժավորողների վրա, թե այս մարդկանց ցավը ինչո՞ւ են բազմապատկում, բաց վերքի վրա լեղի թափում: Կամ ինչո՞ւ հաշվի չեն առնում, որ հասարակությունը շերտեր շատ ունի, ու հացը բոլորին է պետք: Ինչ հեշտ է, չէ՞, թագադրել սուտն ու պագանել կեղծիքը, երբ դա... բարիք է խոստանում: Բայց դրա բերած բարիքի գինը գիտենք արդյո՞ք: Ու էլ չեմ զարմանում, որ նույն հողի վրա կողք կողքի կարող են ապրել ազնվականն ու տականքըՙ ասենք Մարկոս Գրիգորյանն ու իրեն սպանողները...
...Մեր ծմակուտում կյանքը շատ խորշեր ունի: Ու չգիտեմ ինչու օրական մեկը այդ խորշերից դուրս է գալիս ու բաներ պատմում իր կյանքից: Ու որ հարցեր եմ տալիս, Թումանյանի «Հառաչանքի» ծերունու պես ասում էՙ «Է՜, մի խոսեցրու, թե չէ մի ղաչախ կդառնամ ես էլ»: Ու մի տաքսու վարորդ էլ միտքս տակնուվրա է անում` Աֆղանստանից, Ղարաբաղի պատերազմից, իր հաշմանդամությունից, տաքսու սերվիսից պատմություններով: Օրինակ, թե ինչպես է վարորդներից մեկը պատժվում, երբ շաքարամանից... չէ՜, չէՙ, սխալվեցի, երբ օրվա եկամտի 500 դրամը փորձում է շեֆից թաքցնել: Միայն թե իմանա՜ր դրա գինը: Մարդուն գցում են շան բունը, երկաթե շղթայով ծեծում ու խոտ կերցնում-պատկերացնո՞ւմ եք Եվրոմիություն գնացող մի երկրում: Մի ինտելիգենտ վաճառական, իր խոսած հայերենից զարմացած հարցիս պատասխանեց, թե լավ է փողոցում կարտոֆիլ վաճառի, քան նախկինի պես դպրոցում դաս տա, երբ աշակերտի ծնողը կարող է քունքիդ ատրճանակ պարպել... թվանշանի համար: Իսկ մի հարգելի անձնավորություն ասում էր, որ գիշերային հերթապահ բժիշկներ կան, որ դարակում ստիպված են ատրճանակ պահել, որովհետեւ հիվանդ մեկի հղփացած ազգականը, ամուսինը, որդին կամ ասենք եղբայրը բժշկին կարող է զենքով սպառնալ, եթե իրենց մահամերձ հարազատին չփրկի, որքան էլ անհնարին լինի: Իսկ մի նախկին ինժեներ, որ հիմա խոշոր մի ֆիրմայի սպասարկման ոլորտում է աշխատում եւ գործի բերումով շրջում ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում ու շատ նշանավոր տներում է լինում, մի բառով ասաց, որ երկրում կատաստրոֆա է: Որովհետեւ հասկացել է, որ հայի մեջ վերացրել են մարդ-մարդկայնությունը: Իսկ երեկվա երթուղայինի վարորդը ծռմռված ուղեւորներին խնդրում էր, որ մի կերպ իրար գիրկ նստեն, որովհետեւ ավտոտեսուչները ստուգումներ են անցկացնում ու 20.000 դրամ տուգանում խախտումների դեպքում: Թե ինչու են մերթընդմերթ օրինապահ դառնում այդ տեսուչները, ասացՙ «Դե դեմըՙ Նոր տարի է, փող է պետք, հետո մի ուրիշ բան է առջեւում, ավելի շատ փող է պետք, ու հացի գները նորից կկատաղեն, մենք էլ իրենց ճորտերն ենք, պիտի աշխատենք»: Ես էլ մտածեցի, թե Աստված ինչու այս երկրի վրա ձյունի կամ անձրեւի տեղակ, ասենք, փողի անձրեւ չի թափում ու շա՜տ-շա՜տ, այնքան, որ սովետական էն մուլտֆիլմի ագահ հերոսի պես թաղվենք, մնանք: Որովհետեւ կռվում վիրավորված զանգեզուրցի այդ վարորդը դաշույնի պես խոսքեր էր ասում, թե «քո ժողովուրդը, քույրիկ ջան, փողի .... է»: Ասում էր, «որ կռիվ լինի..., չէ, լավ է չհիշեմ շարունակությունը, դրանից սիրտս ցավում էր, որովհետեւ հոգեխախտում է: Ես էլ ափսոսում էի, որ օտար լեզու չգիտեմ, որ գոնե այս օրերին հայերեն չխոսեմ, որովհետեւ թունագրության վարպետները նույն լեզուն են գործածում: Ու էդ մարդը ինձ ասում էրՙ «Քուր ջան, էս ա մեր կյանքը, դու ի՞նչ ես ուզում»: «Հեչ, ասում եմ, ուզում եմ, որ ամեն մարդ իր վաստակով ու շնորհքով արժանապատիվ ապրի ու արեւը բոլորի վրա լինի»:
- Ուտոպիա՜, դոնկիխոտություն,- ձայնում են շուրջս գրեթե ամենքը:
... Բայց ամեն ինչ այդքան էլ վատ չվերջացավ: Կիրակի երեկոյան մի քրիստոնյա մարդ Մերգելյան ինստիտուտի դիմաց եկեղեցուց բերված ու խնամքով ծրարված նշխար տվեց ինձ ու աղոթարան... Այս ամենը տասնհինգ օր առաջ էր:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ