«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2007-12-22 | #238, 2007-12-25 | #239, 2007-12-26


«ԱԶԳԸ» ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում քաղաքական տրամադրությունների ու քաղաքական գործիչների նկատմամբ վերաբերմունքը ճշտելու համար Gallup-ի կատարած հարցումների համաձայն, մեր բնակչությունը հիմնականում տեղեկատվությունը ստանում է հեռուստատեսություններից: Սակայն բնակչության 41%-ը նախընտրում է տեղեկություններ քաղել թերթերից: Բարեկամներից եւ ծանոթներից (այսինքնՙ բամբասանքի միջոցով) տեղեկություններ ստանալու ավանդույթը պահպանվում է, եւ շատերը` մոտ 40%-ը, շարունակում են նաեւ վստահել լուրերի տարածման այս եղանակին: Հանրահավաքների ժամանակ տեղեկատվություն է ստանում մոտ 11%-ը, ինչը հոկտեմբեր ամսվա համեմատ ավելի է 4 %-ով: Տեղեկատվության տարածման ամենաժամանակակից ձեւից` ինտերնետից օգտվում է հետաքրքրասերների 7%-ը: Որպես տեղեկատվության աղբյուրի, թերթերին վստահող քաղաքացիների նախասիրությունները բաժանվել են հետեւյալ կերպ. 14%-ով առաջին տեղում է «Առավոտ» օրաթերթը: Վերջինիս վարկանիշը հոկտեմբերյան հարցման համաձայն եղել է 15%-ը, անկումը կազմել է 1%: Երկրորդ տեղում է «Ազգը» 11% վարկանիշով: Նկատենք, որ նախորդ` հոկտեմբերին տեղի ունեցած հարցման համաձայն, մեր թերթի վարկանիշը, ըստ Gallup-ի, ընդամենը 7% էր, եւ «Ազգը» զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը: Այսինքնՙ աճը վերջին 3 ամիսների ընթացքում կազմել է 4%: Մեզ հետ 3-րդ տեղը կիսող «Հայկական ժամանակի» վարկանիշը այս ամիսների ընթացքում ընկել է 3%-ով եւ այժմ 5-րդ տեղում է «Երկիր» շաբաթաթերթի հետ: Ըստ Gallup-ի, անկում է ապրել նաեւ «Իրավունքի» վարկանիշը, որը ներկայումս 9%-ով երրորդ տեղում է նախկին 2-րդի փոխարեն: Կտրուկ ընկել է նաեւ «Հայոց աշխարհի» վարկանիշըՙ 6-ից հասնելով 3%-ի: Համեմատաբար կայուն են «Հայաստանի Հանրապետություն», «Գոլոս Արմենիի», «Չորրորդ իշխանություն» թերթերի վարկանիշները:

Ինչեւէ, ամփոփելով Gallup-ի ներկայացրած արդյունքները եւ համեմատելով թերթերի վարկանիշները, կարող ենք նկատել, որ որոշակիորեն նվազել է այն թերթերի ընթերցողների թիվը, որոնք ընդգծված միակողմանի կերպով պաշտպանում են այս կամ այն թեկնածուին: Հասկանալի է, որ այս ֆոնի վրա «Ազգի» հավասարակշիռ եւ անկողմնակալ վերաբերմունքն արժանացել է ընթերցողների հավանությանը, ինչն էլ բերել է մեր թերթի վարկանիշի կտրուկ աճին:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4