«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2007-12-22 | #238, 2007-12-25 | #239, 2007-12-26


ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ ՆՊԱՍՏԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ

Նախարարն ամփոփեց մրցաշրջան-2007-ի արդյունքները

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց մրցաշրջան-2007-ում նախարարության կատարած աշխատանքները եւ ծանոթացրեց հաջորդ տարվա ծրագրերին: Նա նշեց, որ նախարարության գործունեության կենտրոնում է եղել բնակչության առողջ ապրելակերպի պրոպագանդումն ու տարբեր մարզաձեւերի ազգային հավաքականների նախապատրաստության համար անհրաժեշտ մարզումային պայմանների ստեղծումը:

Մասսայական սպորտի պրոպագանդման եւ զարգացման գործում նախարարը կարեւորեց 10 խոշոր միջոցառումների անցկացումը: Դրանցից առաջինը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառումն է, որի եզրափակիչ փուլն անցկացվեց Ծաղկաձորում: Այս տարի այդ մրցումներին մասնակցել է 105 ընտանիք: Տարեցտարի մասնակիցների թիվն աճում է:

Մասսայական սպորտի զարգացմանը նպաստում են նաեւ հանրակրթական դպրոցների սպարտակիադաները, որ անցկացվում են 6 մարզաձեւերից եւ ընդգրկում են մեծ թվով դպրոցականների: 2008-ին նախատեսվում է մարզական ճամբարների հիմնումը: Այս ծրագիրը նախարարությունը կիրագործի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ: Մարզերից կընտրվեն երեխաներ, որոնք ճամբարում կընդգրկվեն տարբեր մարզաձեւերի խմբակներում: Նախատեսվում է վերսկսել Սպորտլանդիաների անցկացումը եւ դրանց լուսաբանումը Հանրային հեռուստատեսությամբ:

Որոշակի փոփոխություններ են նախատեսվել մանկապատանեկան սպորտի մասին օրենքում, որն արդեն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է: 2008-ից ուժի մեջ կմտնեն սպորտի վաստակավոր վարպետ եւ վաստակավոր մարզիչ կոչումները, որոնք կշնորհվեն արժանիներին: Աշխատանքներ են տարվել մարզիչ-մանկավարժների աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ: Նախագիծը կքննարկվի կառավարությունում փետրվարին: Դա հնարավորություն կընձեռի մոտ 2000 մարզիչների սոցիալական վիճակը որոշակիորեն բարելավելու:

Աշխատանքներ են տարվել նաեւ մարզակառույցների վերանորոգման ուղղությամբ: Եթե մի քանի տարի առաջ լուրջ հիմնախնդիր էր ձմռան ամիսներին մարզումների անցկացումը, ապա այժմ հնարավորություն կա շուրջ տարի պարապելու: Ընդհանուր առմամբ 59 մարզակառույցներ հիմնովին վերանորոգվել ու ժամանակակից տեսքի են բերվել:

Մեծ սպորտի բնագավառում նախարարությունը տարբեր մարզաձեւերից Հայաստանի 78 առաջնություն է անցկացրել, որին մասնակցել են 5104 մարզիկներ: Կազմակերպվել է 113 ուսումնամարզական հավաք 3050 մարզիկով: Մեր մարզիկները մասնակցել են միջազգային 114 մրցաշարերի, աշխարհի եւ Եվրոպայի 74 առաջնությունների, որոնցում ընդհանուր առմամբ արժանացել են 104 մեդալի:

Նախարարը կարեւորեց նաեւ Համահայկական խաղերի հաջող անցկացումը, որին այս անգամ մասնակցեցին ռեկորդային թվով (97) քաղաքների մարզիկներ: 2009-ին Համահայկական խաղեր կանցկացվեն բասկետբոլից ու ֆուտբոլից, իսկ Ծաղկաձորում տեղի կունենան ձմեռային առաջին խաղերը: 2008-ը վարկանիշային կլինի ձմեռային մարզաձեւերի ներկայացուցիչների համար: Սովորաբար մեր մարզիկները ձմեռային օլիմպիադաներում հանդես են գալիս դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, գեղասահքի եւ բոբսլեյի (այս մարզաձեւում հանդես են եկել ամերիկահայ մարզիկներ) մրցումներում: Նախարարը հույս հայտնեց, որ դրանց կմիանա նաեւ բիաթլոնը:

Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Պեկինի օլիմպիական խաղերին մեր մարզիկների նախապատրաստությանը: Նա տեղեկացրեց, որ ստեղծվել են հանրապետական նախապատրաստական շտաբ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ կառավարական կազմկոմիտե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, որոնք կկորդինացնեն նախապատրաստական բոլոր աշխատանքները: Արտերկրի ֆիրմաներից մեկի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել օլիմպիական հանդերձանքի հարցում: Մարզիկների շքերթային մարզահագուստը պատվիրվել է «Արեւիկ» մոդելային ընկերությանը, որի ներկայացրած 3-4 տարբերակներից ընտրություն կկատարվի: Կառավարությունն արդեն գումար հատկացրել է օլիմպիական խաղերի նախապատրաստության համար: Այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում ըմբիշներն ու ծանրորդները: Այսօրվա դրությամբ մեր մարզիկներն արդեն 12 ուղեգիր են նվաճել: Հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի առաջնություններում ու վարկանիշային երկու մրցաշարերում մեր մարզիկները կփորձեն եւս օլիմպիական ուղեգրեր նվաճել: Արմեն Գրիգորյանի կարծիքով, Պեկինում հանդես կգան 20-25 հայ մարզիկներ:

Ամփոփելով 2007-ում նախարարության կատարած աշխատանքները, Արմեն Գրիգորյանը այն գնահատեց բավարար: Նա նշեց, որ ամեն ինչ պետք է արվի Պեկինի օլիմպիական խաղերում հնարավորինս հաջող հանդես գալու համար: Նաեւ տեղեկացրեց, որ 2009-ից գործողության մեջ է մտնելու ֆեդերացիաների ֆինանսավորման նոր կարգը, որը հաշվի է առնելու յուրաքանչյուր մարզաձեւի ներկայացուցիչների նվաճումները:

Անդրադարձ եղավ նաեւ արեւելյան մարզաձեւերին: Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախարարությունում ստեղծվել է այդ մարզաձեւերի աշխատանքը կոորդինացնող բաժին: Այսօր արդարադատության նախարարությունում գրանցված են այդ մարտարվեստների 100-ից ավելի ֆեդերացիաներ: Նախարարության խնդիրն է պարզել, թե արդյոք բոլո՞րն են ճիշտ աշխատում, մարզիչներն իրավունք ունե՞ն մարզելու երեխաներին:

Վերջում նախարարը շնորհակալություն հայտնեց մարզական լրագրողներին հայկական սպորտի իրադարձությունները լուսաբանելու համար, շնորհավորեց նրանց եւ մարզիկների գալիք Ամանորը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4