Ինչպես տեղեկացանք փրկարար ծառայության լրատվական կենտրոնից, դեկտեմբերի 24-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շարուրի փողոցի թիվ 25 հասցեում` «Պապոյան Քրիստինե» ՍՊԸ-ի տարածքում բենզինի լի տարայի մեջ մարդ է ընկել, որին հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հիմնարկության պահակ, 1985-ին ծնվ. Սամվել Դանիելյանին 60 տ բենզինի տարայից հանելու նպատակով տարայի մեջ է մտել 4 հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ. Տիգրան Խաչատրյանը: Երբ Տ. Խաչատրյանը փորձել է դուրս գալ տարայից, այդ պահին նրա վրայից տարայի մեջ է ընկնում հատուկ թունանյութերից պաշտպանող (ԹՄՀ-8) շնչառական սարքը, ինչի հետեւանքով նա բենզինի գոլորշիներից թունավորում է ստանում եւ չի կարողանում դուրս գալ տարայից: Նրանց օգնության եկած փրկարարների ուժերով, անգիտակից վիճակում տարայից դուրս են բերվել Տ. Խաչատրյանը եւ Ս. Դանիելյանը: Տուժածներին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեկտեմբերի 25-ի առավոտյան հրշեջ-փրկարար Տ. Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Ս. Դանիելյանը դեռ անգիտակից վիճակում է: Բժիշկները անում են հնարավոր ամեն ինչ, որ փրկեն 22-ամյա տղայի կյանքը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ