«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2007-12-25 | #239, 2007-12-26 | #240, 2007-12-27


ԻՆՉ ԲԱՆ Է ԿԵՂԾ ԿԱՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքագիտության մեջ վաղուց արդեն հայտնի է կեղծ կամ արհեստական պետություն սահմանումը: Այսպես են կոչվում պետական այն միավորները, որոնք ստեղծվում են ոչ թե ազգային կամ կրոնական հենքի, այլ տարածքային սկզբունքի վրա, եւ այդ պետություններն անվանվում են ոչ թե այնտեղ բնակվող ժողովուրդների անունով, այլ տարածքային տեղանունով: Որպես կանոն նման պետությունները ստեղծում են հզոր տերություններըՙ սեփական քաղաքական շահերի պահպանման եւ նույնիսկ այդ տարածաշրջանից հեռանալու դեպքում ազդեցության սեփական լծակներն ունենալու համար: Ժամանակին նմանատիպ պետությունների ստեղծման ակտիվ ջատագովն էր Մեծ Բրիտանիան, որն իր գաղութներում սեփական ազդեցությունը պահպանելու համար ստեղծում էր արհեստական պետական միավորներ, որոնք հենվում էին ոչ թե ազգային կամ էթնիկ մեծամասնության վրա, այլ քաղաքական կամ էթնիկ այն ուժի վրա, որի հետ ավելի հեշտ է լեզու գտնել: Օրինակ, հայտնի է, այսպես կոչված, Սայքս-Պիկոյի պայմանագիրը, որը կնքվեց անգլիացիների եւ ֆրանսիացիների միջեւ, որի հետեւանքով ձեւավորվեց ժամանակակից Մերձավոր Արեւելքի քաղաքական քարտեզը: Նման կեղծ կամ արհեստական պետական միավորների օրինակ են Պակիստանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան եւ այլն:

Համարվում է, որ նմանատիպ պետական միավորները երկար կյանք ունենալ չեն կարող եւ վաղ թե ուշ փլուզվելու են: Այդ պետությունները կարող են գոյատեւել միայն բռնատիրական կոշտ համակարգերի պայմաններում, ժողովրդավարությունը նմանատիպ երկրների համար հակացուցված է, քանի որ անմիջապես ի հայտ կգան դրանց խոցելի տեղերը` էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների խնդիրները, որոնց պայքարը սեփական իրավունքների համար վաղ թե ուշ կբերի ներքաղաքական բախումների եւ քաղաքացիական պատերազմների: Ճնշված էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձեն բարձրացնել իրենց ոտնահարված իրավունքների եւ սեփական պետություն ունենալու հարցերը: Օրինակ, Իրաքի թուլությունը հատկապես ի հայտ եկավ ամերիկյան ներխուժման ժամանակ: Իշխանությունը այդ պետությունում պատկանում էր սուննի փոքրամասնությանը, որը կազմում էր բնակչության 30 տոկոսը միայն: Եվ իշխանությունը վերադարձնելու փորձերը 60 տոկոս կազմող շիա մեծամասնությանը հանգեցրին ներիրաքյան սուր բախումների: Արդեն այսօր իսկ պարզ է, որ Իրաքը որպես ամբողջական պետական միավոր կարող էր գոյություն ունենալ միայն Հուսեյնի բռնապետության պայմաններում: Իսկ ամերիկյան զորքերի հեռացումը միայն կնպաստի այդ երկրի փլուզմանը եւ պառակտմանը 3 մասի, սուննիների, շիաների եւ քրդերի միջեւ: Արհեստական պետությունների ամենացայտուն օրինակ է նաեւ Պակիստանը, որը ժամանակին բրիտանացիների կողմից հատուկ անջատվեց Հնդկաստանիցՙ թուլացնելու համար վերջինիս հզորությունը: Բազմազգ այս պետությունում, որի հովանավորը սկզբում Մեծ Բրիտանիան էր, իսկ այժմՙ ԱՄՆ-ն, պետական լեզուն է ուրդուն, որով խոսում է բնակչության միայն 10 տոկոսը: Պակիստանի գոյությունը պայմանավորված է բանակի վրա հիմնված հզոր իշխանական մեքենայի գոյությամբ, հակառակ դեպքում կպառակտվեր էթնիկ ու կրոնական տարբեր համայնքների միջեւ առաջացած լուրջ բախումների հետեւանքով:

Նման արհեստական պետական միավոր է նաեւ մեր հարեւան Ադրբեջանը, որը ժամանակին ստեղծվեց Օսմանյան Թուրքիայի աջակցությամբ եւ այդ պետության անվանումն իսկ ցույց էր տալիս քաղաքական եւ տարածքային այն հավակնությունները, որոնք 20-րդ դարի սկզբներին ունեին թուրքերը: Ընդհանրապես այդ տարածքում, որն ընդգրկվում է ներկայիս Ադրբեջանի կազմի մեջ, երբեք էլ միասնական էթնիկ խմբեր չեն ապրել: Այնտեղ հավասարապես ուժեղ են եղել թե՛ սուննի եւ թե՛ շիա մահմեդականները, որոնց միայն մի մասն էր նստակյաց կյանքով ապրում, հիմնական զանգվածը, որն էլ թուրքախոս էր, մինչեւ այդ տարածքի խորհրդայնացումը դեռ քոչվորական կյանք էր վարում: Որ Ադրբեջան կոչվող պետությունը արհեստածին է, ընդունում էին նաեւ Օսմանյան Թուրքիայում, որի ղեկավարությունը, այսպես կոչված, մուսաֆաթական Ադրբեջանի գոյության ողջ ընթացքում այն պաշտոնապես այդպես էլ չճանաչեց ու Բաքվում նույնիսկ չբացվեց Թուրքիայի դեսպանատունը, երբ նմանատիպ դեսպանատներ կային Թիֆլիսում եւ Երեւանում: Ադրբեջան անունով պետության գաղափարը հետագայում ընդունեցին եւ սկսեցին զարգացնել բրիտանացիները, որոնք էլ փաստորեն իշխում էին այնտեղ Նուրի փաշայի գլխավորած թուրքական բանակի նահանջից հետո: Հենց բրիտանացիներն էլ դարձան այդ երկրի առաջին ֆինանսավորողը եւ հենց նրանց օգնությամբ ու թուրք սպաների աջակցությամբ էլ ստեղծվեց ադրբեջանական բանակը, որը սկսեց հարձակումներ կատարել հայաբնակ շրջանների վրա: Սակայն այդ պետությունը երբեք չկարողացավ իր իշխանությունը տարածել Ղարաբաղի եւ Ելիզավետապոլի նահանգի վրա, որտեղ հայաշատ շրջանները զինված հակահարված էին հասցնում «ադրբեջանացող» թուրքերի հրոսակներին: Հետագայում, երբ այս տարածաշրջանը խորհրդայնացվեց, բոլշեւիկները նույնպես որոշեցին այդ անվանումը պահպանել, քանի որ որոշակի քաղաքական ու տարածքային հավակնություններ էին ստեղծվում հարեւան Իրանի նկատմամբ եւ ընդհանրապես, ըստ բոլշեւիկների, այսպիսով հնարավորություն են ստանում իրենց ազդեցությունը տարածելու հարեւան թուրքալեզու ազգերի վրա: Այսինքնՙ կարող ենք ասել, որ Ադրբեջան կոչվող պետական միավորը ստեղծվել է թուրքա-բրիտանա-բոլշեւիկյան խարդավանքների եւ տարածաշրջանում այդ տերությունների կողմից սեփական ազդեցության տարածման պայքարի արդյունքում:

Արդեն խորհրդային շրջանում հարեւան Ադրբեջանի ղեկավարությունը «ձեռնամուխ» եղավ շուտափույթ կերպով, այսպես կոչված, ադրբեջանցի ազգի ձեւավորման գործընթացին: Եվ այսպես, այդ տարածքները բնակեցնող թուրքախոս ցեղերը, որոնք իրենք իրենց մահմեդական կամ թուրք էին անվանում, իսկ ռուսներըՙ կովկասյան թաթարներ, հզոր գաղափարական քարոզչության միջոցով սկսեցին վերաձեւել նոր ազգի: Հասկանալի է, որ նմանատիպ մասշտաբային ծրագրի իրագործման համար պետք է ուծացման քաղաքականությունը տարածել ոչ միայն թուրքախոս ցեղերի, այլեւ մյուս ժողովրդների` իրանախոս թաթերի, թալիշների, ինչպես նաեւ քրդերի, հյուսիսային շրջաններում բնակվող ավարների, լազերի եւ լեզգինների նկատմամբ: Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգի գոյության պայմաններում այս քաղաքականության համար կային բոլոր հնարավորությունները: Այնպես որ ադրբեջանցի ազգի ձեւավորման համար հարեւան հանրապետությունում արգելվեց այլ լեզուներով դասավանդումը դպրոցներում, իսկ բոլոր մահմեդականները համարվում էին ադրբեջանցիներ: Նման ձուլման հետեւանքով վերացավ նաեւ, այսպես կոչված, Կարմիր Քուրդիստան կոչվող շրջանը: Սակայն այս քաղաքականության ողջ սնանկությունն ի հայտ եկավ ղարաբաղյան շարժման տարիներին, երբ ադրբեջանացող ազգային փոքրամասնությունների մեջ եւս սկսվեց ազգային զարթոնք, ինչը հատկապես նկատելի էր Ադրբեջանի հյուսիսաբնակ ժողովուրդների եւ հարավում իրանալեզու թալիշների մեջ: Վերջիններս նույնիսկ փորձեցին սեփական պետական միավորումը ստեղծել, ինչը սակայն ճնշվեց ադրբեջանական բանակի միջոցով:

Ինչեւէ, հարեւան Ադրբեջանում մինչ օրս էլ ազգային փոքրամասնություններին սպառնում է ուծացման վտանգը: Արգելվում է դպրոցներում նրանց լեզուներով դասավանդումը, փակվում են նրանց թերթերը եւ ձերբակալվում ազգային գործիչները: Եվ չնայած դրան, մի բան պարզ էՙ անցած տարիներին ադրբեջանցի ազգ որպես այդպիսին չի ձեւավորվել: Այս փաստը լավ է հասկանում Ադրբեջանի ներկա ղեկավարությունը, որն էլ այդ ազգի ձեւավորման համար փորձում է ներմուծել հակահայկականության գաղափարը, ինչն, ըստ նրանց, կդառնա այն միավորող ուժը, որն էլ կբերի ադրբեջանցի ազգի ձեւավորմանը: Կարող ենք եզրակացնելՙ սնանկ է այն ազգը, որը ձեւավորվում է մեկ այլ ազգի նկատմամբ ատելություն սերմանելու միջոցով:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4