«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2007-12-25 | #239, 2007-12-26 | #240, 2007-12-27


ՎԵՐՋԻՆ 18 ՕՐԵՐԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՐԿԻԶՎԵԼ Է 18 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Դեկտեմբերի 1-ից թուրքական ռազմաօդային ուժերը հրետանու աջակցությամբ Իրաքի Թուրքիային սահմանակից շրջաններից օդային հարվածներ են հասցնում: Վերջին հարվածը նրանք հասցրել են երեկ: Հարվածների պատճառաբանությունը PKK-ի Հյուսիսային Իրաքում տեղակայված հենակետերի եւ ապաստարանների ոչնչացումն է:

Թեեւ դրան առարկում են Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին եւ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, սակայն կարեւորը ոչ այնքան առարկումներն են կամ թուրքական հարվածները, այլ PKK-թուրքական զինված ուժեր հակամարտությունների վերածումը թուրք-քրդական բախումների:

Դեկտեմբերի 25-ին ամփոփելով Հյուսիսային Իրաքում ծավալվող ռազմական գործողությունների արդյունքները, զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ից ի վեր թուրքական ինքնաթիռները ոչնչացրել են ավելի քան 200 նշանառության թիրախ, ինչի հետեւանքով չեզոքացրել են PKK-ի 150-175 մարտիկներ:

Դեկտեմբերի 25-ին այդ մասին նշել էր CNN-Turk-ը: Նույն հեռուստատեսությունը կայքէջում հաջորդ օրը նշեց, որ չի հաջողվում Ստամբուլում կանխել տրանսպորտի միջոցների հրկիզումը: CNN-Turk-ը հիմք ընդունելով քաղաքի անվտանգության գլխավոր վարչության տվյալները, ընդգծեց. «Վերջին 18 օրերին Ստամբուլում հրկիզվեց 42 ավտոմեքենա»: Այդ ընթացքում վարչապետ Էրդողանը, ըստ ամենայնի նկատի ունենալով PKK-ի համակիրներին, հայտարարել է. «Մեզ խիստ մտահոգում են այս հրկիզումները: Դրանք կարող են լինել հոգեբանական առավելության հասնելու դրսեւորումներ»:

Չի բացառվում, որ հրկիզումները տարածվեն այլ քաղաքներում: Ի դեպ, նման դեպքեր Ադանայում արդեն գրանցվել են: Հրկիզումների տարածման պարագայում PKK-ի հետ թուրքական զինված ուժերի բախումները կվերաճեն թուրք-քուրդ հակամարտության, քանի որ քրդերը Թուրքիայում կազմում են բնակչության ավելի քան 1/4-ը եւ բնակվում նույնիսկ առափնյա քաղաքներում, ինչպիսին է Մերսինը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4