«Դեկտեմբերի 10-15-ի ընթացքում Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատում ընդունված «S. 888»` ցեղասպանություն գործադրողներին «պատասխանատվության կանչելու օրենքը» կարեւոր քայլ է պատժելու բոլոր նրանց, ովքեր երկրից դուրս մասնակցել են ցեղասպանական գործողությունների, ապաՙ ապաստան գտել Ամերիկայում» հայտարարել են, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուները:
Մինչեւ այդ գործող օրենքի համաձայն, ցեղասպանություն էր համարվում միայն երկրի ներսում կամ ամերիկացի քաղաքացու կողմից դրսում կատարված որեւէ ցեղասպանական արարքը: Նոր օրենքը արդարադատության քարտուղարությանն իրավունք է վերապահում հետապնդելու բոլոր այլազգիներին, ովքեր դրսում գործել կամ մասնակցել են ցեղասպանական արարքների եւ այնուհետեւ մուտք գործել Մ. Նահանգներ` ապահով ապաստան գտնելու նպատակով:
«Դրանով մենք այդ մարդկանց պարզապես թույլ չենք տալիս մեր երկիրը օգտագործել որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց», նշել է այս առթիվ Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի նախագահ Ջոն Քոնյերսը (դեմոկրատ` Միչիգանից):
«Մենք հպարտ ենք աջակցելու Քոնյերսին եւ համաձայնելու նրա հետ, որ սա վերջակետը չէ: Հաջորդ քայլը լինելու է ընդունել երկար սպասված «H. Res. 106» բանաձեւը, որը Հայոց ցեղասպանության ճանաչումը դեմ է դնելու բոլոր տեսակի ժխտողական մոտեցումներին», հայտարարել է Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Նոր օրենքը հաստատել են մարդու իրավունքների պաշտպան բազմաթիվ ամերիկյան միջազգային կազմակերպություններ:
Հ. Ծ.