«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2007-12-25 | #239, 2007-12-26 | #240, 2007-12-27


ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՈՉ ՈՔ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԹՈՌՈՄԱԾ ԾԱՂԻԿՆԵՐՙ ՄԵԶ ՊԵՏՔ ԵՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ»

Եկող տարվանից միացնենք նոր սկզբի ժամացույցը, որը վերջ կտա ցինիզմին ու ամենաթողությանը: Սա «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունն է, որ երեկ հրավիրած ասուլիսում բարձրաձայնեց կուսակցության նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: Նպատակը քաղաքականապես, տնտեսապես ամուր, մրցունակ եւ ժողովրդավար պետության կառուցումն է, միջոցըՙ քաղաքացիական շարժումը, որ հայտարարում է ՕԵԿ-ը, ինչպես տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը, ունենալով քաղաքացիական աջակցության 10 հազարից ավելի խմբեր, որոնք ներառում են 3-5 ազատ քաղաքացիներիՙ անկախ կուսակցական պատկանելությունից: Ի վերջո նախագահի ընտրությունը կուսակցական չէ եւ վերաբերում է ամեն մի հայաստանաբնակի, հայրենակցի: Այս համատեքստում էլ կարեւորվում է քաղաքացիական ակտիվությունը: Բանախոսը գտնում է, որ Հայաստանին անհրաժեշտ է լեգիտիմ ու ժողովրդական նախագահ, որին հասարակությունն իրոք սիրի եւ ունենա փոխադարձություն: Այդպիսի նախագահ ունենալու համար էլ կարեւորվեց ազատ, ժողովրդավարության պայմաններում անցկացվող ընտրությունը: «Եթե որեւէ մեկը գտնում է, որ կեղծիքներով կարող է ընտրվել, ապա ասում ենքՙ կեղծիքով չես կարող ընտրվել: Կընտրվեսՙ վատ կլինի ե՛ւ քեզ, ե՛ւ ժողովրդի համար», պարզաբանեց Արթուր Բաղդասարյանն, ընդգծելով, որ լեգիտիմ նախագահի որոշումներն էլ այդպիսին կլինեն: Նույն այդ շարքում բանախոսը դիտարկեց թարմության ու նոր գաղափարների եւ դրանք կրողների համախմբման կարեւորությունը. «Ոչ ոք չի սիրում թոռոմած ծաղիկներ: Նոր սկիզբ է պետք, նոր մոտեցումներ են պետք, մեզ պետք են նորարարություն, ստեղծարարություն, համարձակություն եւ հասարակությունը որակական նոր զարգացումների ճանապարհով տանել է պետք: Մենք գնալու ենք այս ճանապարհով եւ նույնը կոչ ենք անում մեր հայրենակիցներին, որոնցից յուրաքանչյուրը, ցանկության դեպքում, կարող է միանալ այս ճանապարհին», հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Ամեն դեպքում ազնիվ ընտրություններով հաղթած թեկնածուին շնորհավորելու պատրաստակամություն հայտնելով, ՕԵԿ նախագահն ընդգծեց, որ վստահ է ընտրությունների երկու փուլով տեղի ունենալուն եւ քննարկման առարկա չի դիտարկում երկրորդ փուլում իր չհայտնվելու տարբերակը եւ թեկնածուներից որեւէ մեկին սատարելու հարցը. «Նույնիսկ կեղծ, պատվիրված հարցումներով, որով փորձում են ճշմարտությունը քողարկել, էլի մենք այսօր երկրորդ տեղում ենք: Բնականաբար, մի վարկած, որը քննարկման առարկա չէ, մենք չենք էլ արձագանքում, որովհետեւ դա ճիշտ չէ նաեւ մեր համախոհների համար, բոլոր այն մարդկանց համար, ովքեր գալիս են մեր հետեւից, իսկ դրանք հարյուր հազարավոր մարդիկ են: Բնականաբար, մենք հանդես ենք եկել, եւ այսօր էլ հանդես ենք գալիս ընդդիմության, առողջ ուժերի համախմբման օգտին, իսկ ժամանակն արդար դատավոր է եւ ցույց կտա յուրաքանչյուրիս տեսակետի հիմնավորվածությունը, ճշմարտացիությունը եւ հետեւողականությունը»: Հարցումներն Արթուր Բաղդասարյանը համարում է հասարակության ուղեղալվացման գործընթաց: Այդ շարքից դուրս չի դնում նաեւ «Գելափի» անցկացրած հարցումները, որոնց արդյունքներով ՕԵԿ նախագահը երկրորդն էՙ Սերժ Սարգսյանից հետո. «Գելափ» կազմակերպությունը, տվյալ պարագայում ամերիկյան հանրապետական ինստիտուտը, պատվիրատու է: Հարցումն իրականացնում են բոլորին քաջածանոթ Գեւորգ Պողոսյանը եւ նրա ղեկավարած Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը: Եվ այդ հարցումները տեղի են ունենում մարդկանց բնակարաններում: Նույն «Գելափի» հարցումների համապատասխան, մարդկանց 60 տոկոսից ավելին վախեցած է: Հիմա դուք պատկերացրեք, գնում են մարդու տուն, որոնց 60 տոկոսը վախեցած է, ասում ենՙ ո՞ւմ ձայն կտաս: Բնականաբար շատ-շատերը չեն կարող արտահայտել շիտակ դիրքորոշում, որովհետեւ գյուղապետների հիմնական մասը իշխող կուսակցության թեկնածուների քարոզով են զբաղվածՙ պլան է դրված, որ ամեն մեկն այսքան քանակի ձայն պետք է բերի: Եվ ոչ մի գյուղացի չի ուզում իր գյուղապետի հետ կոնֆլիկտի մեջ հայտնվել: Նույնը վերաբերում է ժեկերին ու համատիրություններին», մանրամասնեց Արթուր Բաղդասարյանը: «Գելափի» հարցումները կասկածի տակ առնելու եւս մի պատճառ ներկայացրեց ՕԵԿ նախագահըՙ չի երաշխավորվում հարցման գաղտնիությունը: Եվ չնայած դրան, համեմատության մեջ «Գելափի» հարցումները քիչ ավելի հավաստի են: Իսկ հավաստի արդյունքների համար ՕԵԿ-ն առաջարկում է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին պրոֆեսիոնալ սոցիոլոգների խմբեր կազմել եւ իրական սոցհարցում անցկացնել: Ի դեպ, կուսակցությունն իր մտահոգությունը ներկայացրել է նաեւ «Գելափին» եւ ստացել աջակցելու պատրաստակամություն:

Ամեն դեպքում Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ երկրում վախի մթնոլորտը կոտրվում է եւ որպես ապացույց փաստում հանրահավաքներին հասարակության մասնակցությունը. «Չնայած իշխանությունների բիրտ ճնշումներին, մարդիկ գնում են Երեւանում կազմակերպվող հանրահավաքներին»: Հակառակ դրան, իշխանությունների վարվելակերպում ճնշումների առկայությունը, բանախոսի կարծիքով, իշխանությունների վախի ապացույցն է. «Թե իրական լիներ ներկայացվող մեծ վարկանիշը, իշխանությունը չէր դիմի ճնշումների», եզրափակեց ՕԵԿ նախագահը, ընդգծելով, որ հարազատ կուսակցության եւ իր ուզածն այն Հայաստանն է, որում ո՛չ ժողովուրդը, ո՛չ իշխանությունը վախի զգացողություն չի ունենա, եւ ազատորեն կընտրվի լեգիտիմ ու ժողովրդական նախագահ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4