Խոսքի ազատության եւ ՀԸ պաշտպանության շտաբի երկու հաղորդագրությունը
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը տարածել է երկու հաղորդագրություն: Դրանցից առաջինում նշվում է, որ ԳԱԼԱ-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն նոյեմբերի 16-ին բողոքարկել էր ընկերությունում կատարված ստուգումներից հետո հարկայինի կազմած ակտը եւ դրանում առկա ոչ պատշաճ հիմքերը, առարկություն հղելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավարին: Ծառայության օպերլիազորների կազմած հիշյալ ակտով, ինչպես հայտնի է, ՍՊԸ-ին վերագրվել է մոտ 25,7 մլն դրամի հարկային պարտավորությունՙ ներառյալ տույժերն ու տուգանքները: Հարկային ծառայությանն առընթեր գանգատարկման հանձնաժողովը նիստ է հրավիրել դեկտեմբերի 14-ին (բողոքարկումից համարյա մեկ ամիս հետո-Գ. Մ.) եւ ուսումնասիրել առարկությունը, լսելով նաեւ «ՉԱՊ» ՍՊԸ-ի տնօրենի մեկնաբանությունները: Ինչպես տեղեկացվում է, դեկտեմբերի 24-ին ստացվել է գանգատարկման հանձնաժողովի եզրակացությունը, որով այս մարմինը, հաշվի չառնելով ներկայացված հանգամանքները, վերահաստատել է օպերլիազորների «նկարած» թիվը: Եզրակացությունում ավելացված է նաեւ, որ ՍՊԸ-ն կարող է դիմել դատարան, ինչն, ի դեպ, արդեն արված է. հարկայինի ակտն անվավեր ճանաչելու պահանջով նրա հակընդդեմ հայցը դատարանի կողմից ընդունվել է վարույթ:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը սույն եզրակացության կապակցությամբ հայտարարել է, թե հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովն այդ ծառայության ուղղակի կցորդն է եւ անկախ մարմին չէ, որովհետեւ ամեն մի տրամաբանող եւ, մանավանդ, կոլեգիալ մարմին, ուսումնասիրելով առարկությունում բերված հանգամանքները, հեշտությամբ եզրակացության կգար, որ հիշյալ ակտում բերված հիմքերի ճնշող մեծամասնությունը պատշաճ չէ:
Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում է հարկային օպերլիազորի եւ ԳԱԼԱ-ի նկարահանող օպերատորի միջեւ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջադեպին: Այդ օրը, երբ «ՉԱՊ» ՍՊԸ-ում հարկային օպերլիազորների խումբը շարունակում էր ստուգումները, մի միջանկյալ արձանագրություն կազմելու ժամանակ ՀԸ նկարահանող օպերատոր Գրիգոր Շաղոյանը սկսել էր նկարահանել այդ ընթացքը, ՀՊԾ ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը հարձակվել էր օպերատորի վրա, նախ փակել էր տեսախցիկի օբյեկտիվը, ապա փորձել տեսախցիկը խլել, հետո, հաջողության չհասնելով, բռնել էր օպերատորի կոկորդից: Օպերլիազորը կարգի էր հրավիրվել ներկա մյուս օպերլիազորների եւ ԳԱԼԱ ՀԸ-ի աշխատակիցների շնորհիվ: ԳԱԼԱ-ի պաշտպանության շտաբը բազմիցս հայտարարել է, որ հարկային օպերլիազորի վարքը լիովին «տեղավորվում է» ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը) նկարագրության շրջանակներում, այսինքնՙ քրեորեն պատժելի է: Մինչեւ դեկտեմբերի 18-ը ԳԱԼԱ-ից մոտ մեկ տասնյակ անգամ բանավոր հարցումներ են արվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին, կամենալով պարզելՙ քրեական գործ հարուցվե՞լ է, եւ մշտապես պատասխան է ստացվելՙ «դեռ ոչ»: Դեկտեմբերի 18-ին Գրիգոր Շաղոյանին հանձնվել է մի նամակՙ ՀՀ ՈՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի որոշումը, որում ասվում է, թե միջադեպի առթիվ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվել: Ի դեպ, որոշումը թվագրված էր նոյեմբերի 30-ով, բայց ուղարկվել էր դեկտեմբերի 17-ին...
Պաշտպանության շտաբը ակնհայտ է համարում, որ քննչական մարմինը այս հասարակ գործի հանգամանքների ուսումնասիրությունը ձգձգելով եւ դեպքի առնչությամբ քրեական գործ չհարուցելով, պաշտոնական դիրքի չարաշահում է կատարել, այդպիսով միացել ԳԱԼԱ ՀԸ դեմ ճնշումներ կիրառած մյուս պետական կառույցներին: Ինչպես հաղորդվում է, օպերատոր Գ. Շաղոյանը դեկտեմբերի 24-ին բողոք է հղել ՀՀ գլխավոր դատախազին, որում ներկայացնելով գործի հանգամանքները, խնդրել է վերացնել քրեական գործ չհարուցելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Ջ. Քալաշյանի որոշումը:
Գ. Մ.