«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2007-12-25 | #239, 2007-12-26 | #240, 2007-12-27


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ»

Հայկական բանկերը գրավիչ են օտարերկրյա ներդնողների համար

Համաշխարհային խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ կամ IFC) եւ հայկական «Արդշինինվեստբանկը» համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի, ՄՖԿ-ն 10 մլն դոլար է ներդրել բանկի բաժնեմասում եւ 15 մլն դոլարի երկարաժամկետ (8 տարով) վարկ տրամադրել: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով այդ իրադարձությունը, «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Արամ Անդրեասյանը նշեց, որ ինստիտուցիոնալ ներդնողի կողմից ընդհանուր առմամբ 25 մլն դոլարի գործարք Հայաստանի ֆինանսական հատվածում դեռեւս չի եղել եւ սա ամենախոշորն է: Դրա արդյունքում ՄՖԿ-ն դարձավ բանկի 10 տոկոսի բաժնետերը:

Ներկայացնելով «Արդշինինվեստբանկի» այս տարվա գործունեության արդյունքները, Արամ Անդրեասյանը հայտնեց, որ բանկն ունեցել է 4 մլրդ դրամի զուտ շահույթ, որը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա շահույթը, ընդհանուր կապիտալը կազմել է 19 մլրդ դրամ, տարեսկզբի 11 մլրդ դրամի փոխարեն, ակտիվներն ավելացել են 23 մլրդ դրամով կամ 34,5 տոկոսով, կազմելով 93 մլրդ դրամ: Վարկային նեդրումների ծավալով «Արդշինինվեստբանկն» առաջինն է Հայաստանի բանկային համակարգում: Տարեվերջին այն կկազմի 57 մլրդ դրամ: Վարկերի 22 տոկոսը ուղղվել է արդյունաբերության, 13 տոկոսըՙ առեւտրի, 8 տոկոսըՙ շինարարության ոլորտներին, իսկ 37 տոկոսը կամ մոտ 20 մլրդ դրամՙ սպառողական վարկերին:

Առավել հանգամանորեն ներկայացնելով բանկի եւ ՄՖԿ-ի միջեւ կնքված 25 մլն դոլարի գործարքը, կորպորացիայի Հայաստանի ներկայացուցիչ Ներսես Կարամանուկյանը տեղեկացրեց, որ ներդրված գումարը կուղղվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորմանը եւ հիպոթեկային շուկայի ֆինանսավորմանը: Նա ասաց, որ ՄՖԿ-ն ներդրումներ է կատարել նաեւ այլ հայկական բանկերում, բայց դրանք չեն եղել վերոնշյալ ծավալների: Ներսես Կարամանուկյանը հավաստիացրեց, որ իր ներկայացրած կազմակերպության վարկային միջոցները տարածաշրջանում ամենաէժանն են:

Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը երեք խումբ գործոններով պայմանավորեց Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարած այս ներդրումը: Առաջինը Հայաստանի բանկային համակարգի կայունությունն է, հուսալիությունը եւ թափանցիկությունը, երկրորդըՙ մեր տնտեսության եւ բանկային համակարգի գրավչությունը օտարերկրյա ներդնողների համար, երրորդՙ Հայաստանում, առավելապես բանկերում կորպորատիվ կառավարման առկայությունը: Նա նաեւ հայտնեց, որ մինչ այժմ այս միջազգային ֆինանսական կազմակերպության ներդրումները Հայաստանում կազմել են 18 մլն դոլար:

ԿԲ փոխնախագահի հավաստմամբ, ՄՖԿ-ի նման մուտքը բանկային համակարգ կբերի կորպորատիվ կառավարման նոր թռիչքի, մրցակցության աճի, տոկոսադրույքների իջեցման, նոր գործիքների ներդրման եւ նոր չափանիշների առաջադրման:

Որպես Հայաստանի բանկային համակարգի գրավչության ապացույց, Արթուր Ջավադյանը նշեց, որ ընդամենը հայկական երկու բանկում օտարերկրյա կապիտալ չկա: Նա միաժամանակ նշեց, որ եկող տարվա սկզբին եւս 2-3 նման գործարքներ տեղի կունենան:

Հիպոթեկային վարկավորման ներկայիս տոկոսադրույքների մասին տրված հարցին պատասխանելով, «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Արամ Անդրեասյանը հայտնեց, որ բանկի կողմից տրվող հիպոթեկային վարկերի տարեկան տոկոսադրույքները գտնվում են 13-14 տոկոսի սահմաններում, վարկերը տրվում են մինչեւ 10 տարի ժամկետով: Սակայն, բանկի ղեկավարի կարծիքով, հիպոթեկային վարկավորման տոկոսները եկող տարի կնվազեն:

«Ազգի» հարցին, թե «Արդշինինվեստբանկը» մտադիր չէ՞ պարտատոմսեր թողարկել, Արամ Անդրեասյանը պատասխանեց, որ եկող տարի նախատեսվում է թողարկել 3 մլրդ դրամ արժողությամբ պարտատոմսեր, իսկ առաջիկայում փակ բաժնետիրական ընկերությունից վերածվել բաց բաժնետիրական ընկերության, ունենալով իր արժեթղթերի ազատ շրջանառություն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4