Դեկտեմբերի 25-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում մամլո ասուլիս էր հրավիրել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը: Ասուլիսը մեկնաբանեցին մի քանի թերթեր (այդ թվում նաեւ «Ազգ»-ը) եւ հեռուստաալիքներ, ազգային ռադիոն: Ո՞րն էր այս ասուլիսի կազմակերպման նպատակը: Անգամ մշակույթից, արվեստից հեռու մարդիկ նկատեցին, որ նպատակը Մ. Սարյանի տուն-թանգարանի այժմ արդեն նախկին տնօրեն, արվեստաբան Շահեն Խաչատրյանին վիրավորելն էր: Ինչո՞ւ: Մեր կարծիքով, Ռուզան Սարյանին զայրացրել է Շահեն Խաչատրյանի վերջերս լույս տեսած գիրքը` «Թանգարանի զինվորը», որտեղ ներկայացված որոշ փաստերի հետ, բնականաբար, համամիտ չէր կարող լինել Ռ. Սարյանը: Ի դեպ, նշենք, որ գրքի մասին տեղեկություն տրվել է «Ազգ»-ում (դեկտեմբերի 25-ի համարում):
Երեկ «Ազգ»-ի խմբագրություն եկավ Շահեն Խաչատրյանը, որից փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ մամլո ասուլիսում իր հասցեին հնչած մեղադրանքների կապակցությամբ: Ահա, թե ինչ ասաց արվեստաբանը.
- Ես առանձնապես անհրաժեշտություն չունեմ այդ բոլոր հարցերին պատասխանելու, որովհետեւ նախ չեմ պատկերացնում, թե ինչ նպատակով է այդպիսի ասուլիս կազմակերպվել, այդքան լրագրողներ են հավաքվել, իմ հասցեին այդքան մեղադրանքներ հնչեցվել` չտեսնելով իմ շուրջ 38-ամյա գործունեության մեջ որեւէ դրական բան: Քննադատվում եմ ես, երբ այդ քննադատությունները հիմք չունեն: Եթե Ռուզան Սարյանը ցանկանար զրուցել ինձ հետ, ապա կարող էր իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալ, եւ այս ասուլիսի կարիքը բնավ չէր լինի:
- Ձեր միջեւ զրույց չի եղե՞լ:
- Բացարձակապես չի եղել: Ես նույնիսկ մի փոքր վատ եմ զգում, որ երեք տարվա ընթացքում ոչ մեկ անգամ չի եղել, որ ինձ կանչի կամ զանգահարի, կամ հրավիրի որեւէ ցուցահանդեսի: Նույնիսկ Սարյան թանգարանի 40-ամյա հոբելյանին ինձ չեն հրավիրում: Իսկ այս տուն-թանգարանն անչափ կարեւոր է եղել, տաճար է եղել ինձ համար: Ես, իհարկե, կարող էի հաճույքով գնալ, մեկ-երկու գեղեցիկ խոսք ասել թանգարանի մասին, գնահատել թանգարանի դերը մեր մշակութային աշխարհում, գնահատել նաեւ այն աշխատանքը, որ ինձնից հետո արվել է այստեղ: Այսինքն, տիկին Ռուզան Սարյանը չի ցանկանում, չի ուզում ինձ հետ առնչություն ունենալ: Ավելին, նույն այդ օրերին նա աշխատանքից ազատում է 40 տարի թանգարանին ծառայած փոխտնօրեն Լուսիկ Միրզոյանին: Հայ մարդու բարության, կամ Մարտիրոս Սարյանի բարության ի՞նչ դրսեւորում է սա: Ի՞նչն է այս ամենի պատճառը: Ես դա կարող եմ բացատրել, յուրովի... Պատկերացրեք մի թոռնիկ, որ մեծանում է իր մեծ հոր հետ, պապիկը խաղում է նրա հետ, ժամանակ անցկացնում, տեսնում է, թե իր պապը ինչ նշանակություն ունի բոլորի համար: Եվ հանկարծ այդ թոռնուհին պետ է դառնում մի հայտնի թանգարանի` չունենալով մասնագիտական կրթություն, որեւէ մասնագիտական հոդվածով կամ ուսումնասիրությամբ հանդես չի եկել: Իհարկե, նա շփոթության, գլխապտույտի մեջ կընկնի: Եվ ով էլ նրա դեմ դուրս գա` նա վերջինիս ընդունել չի կարող: Սա բնավորություն է, մարդկային արժանիքներ, իմաստություն, հարգանք, բարեկամություն դեռ չեն կոփված իր մեջ: Ուստի եւ նա տհաճությամբ է վերաբերվում նույնիսկ այն մարդուն, ով իր կյանքն է դրել այդ թանգարանի ստեղծման, կայացման եւ ճանաչման համար: Նա ընդունում է միայն իրեն ու իր աշխատանքը: Ուստի զանազան պատճառներ է փնտրում, որպեսզի նեղանա, որպեսզի մեղադրի, արդարանա: Չեմ հասկանում` ի՞նչ է իր նպատակը, ի՞նչ է ուզում արած լինել: Թերեւս չկարողացավ իմ նվիրած արժեքավոր նկարի կեղծ լինելը փաստել տալ, որպեսզի ինձ պատասխանատվության ենթարկեր, կամ դատի տար... Չկարողացավ, երեւի դրա համար էլ դիմել է այս քայլին: Անցած երեք տարիների ընթացքում ես որեւէ վատ խոսք, գրավոր կամ բանավոր, չեմ ասել Սարյանի ժառանգի մասին: Միայն սպասել եմ իր հաջողություններին: Չէ՞ որ այսօր կատարվող աշխատանքը միայն շարունակությունն է այն աշխատանքի, որ ես եմ արել: Ոչ մի կանչ չեղավ: Բարեկամությունը պահպանելու հատկություն չունի այս մարդը: Մեծամտությունն է խանգարողը: Մնացածը փնտրված, հնարված բաներ են:
- «Հայոց աշխարհ» թերթում տպագրված հարցազրույցը բավականին հստակ պատկերացում է տալիս մամլո ասուլիսի մասին: Բայց մամլո ասուլիսում տիկին Սարյանը մի շարք մեղադրանքներ է ներկայացնում ձեզ: Խոսենք մեկի մասին: Խոսքը վերաբերում է կողոպուտներին, որոնք ոչ անմիջականորեն, այլ ենթագիտակցաբար ուղղված են Ձեր դեմ:
- Այսպես: Առաջին կողոպուտը տեղի է ունեցել 1968-ին, երբ թանգարանը միայն մեկ տարի էր գործում: Ես թանգարանում մեկ անկյուն ստեղծեցի, որտեղ Սարյանի ուսանողական շրջանի գործերից կախեցի: Եվ հանկարծ ինձ ասացին, որ նկարը պատռել, գողացել են: Ես անմիջապես դիմեցի նախարարությանը: Հետաքրքրվեցի, իմացա, որ նկարը տարել էր գեղարվեստի ուսումնարանի ուսանողներից մեկը, որին, ինչպես եւ նկարը, հայտնաբերել չհաջողվեց: Այդ ժամանակ ՀԽՍՀ մշակույթի փոխնախարարն ինձ իմաց տվեց, որ Թբիլիսիում Մարտիրոս Սարյանի վաղ շրջանի նկարներ են ծախվում: Անմիջապես մեկնեցի Թբիլիսի եւ 2 նկար գնելով, բերեցի թանգարան: Սարյանի ուսանողական շրջանի մեկ գործը փոխարինվեց նույնպես ուսանողական շրջանի երկու հուզիչ գործերով:
Երկրորդ գողությունը վերաբերում էր Այվազովսկու նկարին, որը թանգարան էի բերել Ուլյանովսկից: Գիշերով բակի կողմից գողերը արվեստանոցի պատշգամբ էին բարձրացել, բացել դուռն ու տարել էին նկարը: Արվեստանոցից էին տարել այդ նկարը: Փառք Աստծո, մեկ տարի չանցած նկարը գտնվեց (թեեւ մեկ-երկու տեղից ճաքած), վերանորոգվեց եւ մասնակցեց ցուցահանդեսի:
Երրորդ գողությունը տեղի է ունեցել մի օր, երեկոյան պահին, թանգարանի փակման ժամանակ, երբ ինչ-որ ավտոմեքենա կանգնել էր փողոցում, դիմակավոր ինչ-որ մարդիկ մտել էին թանգարան, աշխատակից կանանց վրա ատրճանակ պահել, ահաբեկել եւ 4 նկար տարել էին: Այս 4 նկարներից 3-ը հայտնաբերվեցին Մոսկվայում եւ հետ վերադարձվեցին: Ի դեպ, ասեմ, որ այդ նկարներից 2-ը պատկանում էին պատկերասրահին եւ ոչ թե` տուն-թանգարանին: Չորրորդ նկարը հայտնաբերեցին ոստիկանները ինչ-որ կիսավարտ մի շինարարությունում, եւ այն նույնպես հետ վերադարձվեց: Արի մի զարմացիր, Ռուզանը խոսում է տուն-թանգարանից կատարված գողությունների մասին, բայց դրանց հայտնաբերման մասին ոչ մի խոսք չի ասում:
- Նա Ձեզ մեղադրում է այն բանում, որ թանգարանը Ձեզանից ժառանգել է վատ վիճակում: Նա ասում է. «Ամենասարսափելին, սակայն սարյանական կտավների ահավոր վիճակն է, ինչը ժառանգեցի»:
- Նույն վիճակով էլ ինձ է ժառանգված: Այս մասին անընդհատ խոսելը, հիշելը չգիտեմ, թե ինչ է նշանակում: Նախ ասեմ, որ տեմպերայով կտավի վրա նկարված գործի վերանորոգումը բավականին բարդ գործ է: Մեր ժամանակ թանգարանը որեւէ գումար չէր ստանում: Այսօր հակառակն է: Տիկին Ռուզան Սարյանը կարող է սա չիմանալ (նա ոչ նկարիչ է, ոչ թանգարանային գործի գիտակ): Ու չարժե անընդհատ խոսել նկարների վատ վիճակի մասին, պարզապես պետք է հնարավորություններ ու միջոցներ գտնել շատ վաղուց վնասված նկարները վերանորոգելու համար:
«Հայոց աշխարհ» թերթում կարդացի ինչ-որ կեղծ նկարների մասին: Այո, Կանադայում տպագրված ալբոմում կա մի նկար, որ երկարավուն չափով կարծես Սարյանինը չէ: Ես կարծում եմ, որ դա ավելի շուտ վերաբերում է «Արարատյան դաշտը Արագածի լանջերից» նկարին, որը Սարյանինն է: Դա սկզբում եղել է մի խոշոր նկար, որը հետո բաժանվել է երկու մասի: Ապա այդ նկարի մեկ կեսը հայտնվում է Կանադայում, մյուս կտորը` Լոս Անջելեսում: Այդ նկարի երկու կտորները, որքան գիտեմ, առանձին-առանձին վաճառել է Ռուզան Սարյանի մայրը: Իսկ ինչ վերաբերում է 1906-ի «Պոետը» նկարին, այդ մասին առանձին, մանրամասն կգրեմ:
Ես կուզենայի, որ այսպիսի խոսակցություններ, այսպիսի ասուլիսներ չլինեին: Եվ ինչ է նշանակում խոսել հեղինակային իրավունքների մասին: Սարյանի ընտանիքը միշտ էլ ստացել է այն, ինչ տրվում է հեղինակային իրավունքով; Ինչո՞ւ է ժխտվում այս ամենը: Եթե մենք անցած տարիների դժվար պայմաններում գիրք ենք հրատարակել Սարյանի մասին, ապա գոհ ենք եղել Սարյանի արվեստի մասսայականացման համար, ոչ թե մտածել ենք փողի մասին: Շատ ավելի կարեւոր է Սարյանի արվեստի պրոպագանդումը: Ինքս այդպես եմ դատում, այդ նպատակով եմ գործել: Եվ օրենքները մինչեւ վերջին կետը պահպանվել են: Ասեմ, որ ընդհանրապես իմ բոլոր հրատարակած գրքերի համար ես որեւէ գումար երբեւէ չեմ ստացել:
Ռուզանը բողոքում է, որ Ֆրանսիայի Անտիբ ծովափնյա քաղաքում խոնավ է եղել եւ ցուցադրված գործերը վնասվել են: Հետաքրքրական է, թե ո՞նց է դա ստուգել, երբ Տրետյակովյան եւ Ռուսական թանգարանից ցուցահանդեսին մասնակցած գործերի մասին ոչ մի բողոք չի եղել: Եվ եթե այդ ցուցահանդեսի մեծ հաջողությունը չլիներ, եւ Սարյանի գինը չբարձրանար, այսօր կեղծ նկարներ չէին հայտնվի աճուրդատներում: Ուրեմն, զգույշ պիտի լինենք բոլորս:
Կուզենայի միայն, որ Ռուզան Սարյանը, վարպետիՙ մեր աչքի առաջ մեծացած թոռնիկը, միշտ հիշեր, որ իրեն կոչել են Մուրացանի «Ռուզան» կամ «Հայրենասեր օրիորդ» պիեսի խորագրից մեկնելով: Ուրեմն, թող չմոռանա նաեւ, որպես թանգարանի ղեկավարի, իր նվիրվածությունը մեծ հոր արվեստին: Եթե ընտանիքին պատկանող մեկ նկար կարելի է վաճառել տասնյակ հազարավոր դոլարներով, ապա ափսոս չէ՞, Տրետյակովյան թանգարանում գտնվող հանճարեղ նկարի գծանկար-էսքիզը, որ ուսումնասիրության կարեւորագույն նյութ է, վաճառել ասվածի համեմատությամբ չնչին գումարով...
Արժե՞, արդյաք, տարօրինակ միջոցների դիմելՙ տուն-թանգարանի նախկին տնօրենի վաստակը վարկաբեկելու համար...
Հարցազրույցը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ