«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2007-12-25 | #239, 2007-12-26 | #240, 2007-12-27


ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՎԵՐՋԻՆ ԴՐԱՄԸ

142 հազար հաշմանդամներ դեռ մատչելի միջավայր են ուզում

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող տասնյակ հասարակական կազմակերպություններ կան Հայաստանում, որոնց ջանքերը սակայն մինչեւ այսօր գոնե մատչելի միջավայր ստեղծելու հարցում բավարար արդյունք չեն տվել: Մեր երկրում կան մոտ 142 հազար հաշմանդամներ, որոնցից 11 հազարը երեխաներ են: Ինչպե՞ս պիտի նրանք ինտեգրվեն հասարակությանը, երբ առ այսօր լուծված չէ թիվ մեկ` միջավայրի մատչելիության խնդիրը. հաշմանդամները կանգնած են ազատ տեղաշարժվելու խնդրի առաջ, իսկ քաղաքում կառուցված թեքահարթակները բավական չեն:

Հաշմանդամների «Փյունիկ» միության երեկ հրավիրված հանդիպման ժամանակ միության նախագահ Հակոբ Աբրահամյանը շեշտեց, որ այսօր հաշմանդամների խնդիրներին ուշադրություն դարձնելու առումով վիճակն ավելի բարվոք է` շատացել են հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները (ՀԿ), սերտացել է համագործակցությունը պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ստեղծվում են նոր թեքահարթակներ: Միության նախագահը իրավացիորեն նկատեց, որ հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ավելացումը դեռ չի նշանակում, թե խնդիրները լուծվում են: Հակոբ Աբրահամյանի խոսքով, հիմնական խնդիրը մնում է չհարմարեցված միջավայրը, որտեղ սահմանափակ կարողություններ ունեցող հաշմանդամները չեն կարողանում ազատ տեղաշարժվել: Խնդիր է նաեւ հաշմանդամների աշխատանքի հարցը:

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների կատարած աշխատանքի արդյունքը բավարար չէ այն պատճառով, որ մեզ մոտ, ըստ օրենքի, ՀԿ-ներն առանձին ֆինանսավորում չունեն, որպեսզի կայուն գործունեություն իրականացնեն: Այս կարծիքին է հաշմանդամների «Յունիսոն» կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը, ում խոսքով, հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ներն անընդհատ մտավախություն ունեն, որ դրամաշնորհների ավարտից հետո նոր դրամաշնորհ չի լինի, հետեւաբար աշխատանքի շարունակականությունը չի ապահովվի. «Իսկ դրամաշնորհի համար մրցակցությունն արդեն իսկ լավ նախապայման չէ համագործակցության համար»: Պարզ է, թե ինչ հանգրվանում է մի հարցի լուծումը, եթե շատ բան կախված է դրամաշնորհներ հայթայթելուց:

Որպես հաշմանդամների հաջորդ խնդիր` Արմեն Ալավերդյանը մատնանշեց հաշմանդամների աշխատանք չունենալը. «Աշխատունակ հաշմանդամների 8 տոկոսն է ապահովված աշխատանքով, իսկ թոշակների չափն ամոթ է նույնիսկ»: Նրա տեղեկացմամբ, բավականաչափ հաշմանդամներ այսօր աշխատում են «Վիվասել» ընկերությունում եւ կատարում են այն աշխատանքը, ինչ մյուսները: «Յունիսոն» կազմակերպության նախագահը համոզված է, որ մեզ մոտ էլ պետք է լիներ Եվրոպայում ընդունված քվոտաների համակարգը, երբ օրենքը բոլոր հիմնարկներին պարտադրում է որոշակի քանակի հաշմանդամների աշխատանքի վերցնել. «Մեզ մոտ ասում են` ինչպես կարող ենք մասնավորին պարտավորեցնել, որ աշխատանքի վերցնի հաշմանդամի: Դրա համար օրենք կա, ինչպես են, օրինակ, մասնավորին պարտավորեցնում հարկեր վճարել: Եթե նման օրենք այստեղ էլ լինի, զբաղվածության հարցը կլուծվի»:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ իրենց նախարարության գործառույթի շրջանակում փորձում են ներգրավել երիտասարդ հաշմանդամներին միջոցառումներում եւ տարատեսակ խաղերում: Իսկ սպորտի մասով` նախարարությունը համագործակցում է «Փյունիկ» ՀԿ-ի հետ` պարաօլիմպիկ խաղերում հաշմանդամներին ընդգրկելու համար: Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հաշմանդամների խնդիրների լուծմանն աջակցում է որոշ ծրագրեր ֆինանսավորելով:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4