Պարզաբանելով, թե ինչու թուրքերը չեն մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների, որոնք անցկացվել էին դեկտեմբերի 19-20-ին: Լսումների անցկացումը Ազգային ժողովի հարկի տակ, դրանց բացումը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ելույթով, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Հարավային Կովկասում Եվրոմիության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի եւ այլ գործիչների ելույթները վկայում էին միջոցառման բարձր մակարդակի մասին:
Տարողունակ էին նաեւ ենթաթեմաներն ու դրանց շրջանակներում բացված հարցերը, որոնք ավելի քան ընդգրկուն էին դարձնում լսումների թեման: Դրանց կազմակերպման բարձր մակարդակը, թեմայի ընդգրկունությունը, հասարակական լայն հնչեղություն են հաղորդել լսումներին: Այդ իսկ պատճառով լսումների արձագանքները դեռեւս շարունակվում են:
Լսումներին արձագանքել է նաեւ Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը, ի դեմս տնօրենիՙ նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմի: Նրա արձագանքը հրապարակվել է այդ ինստիտուտի ամենօրյա տեղեկագրի դեկտեմբերի 24-ի համարում: Դա ուշագրավ է ոչ միայն լսումներին Լյութեմի մոտեցման, այլեւ մասնակցության հրավերի մերժման թուրքական պատճառաբանությունների առումով, որոնց մասին ելույթում արտահայտվել է պրն Ռուստամյանը:
Նկատի ունենալով, որ Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Լյութեմի արձագանքը կհետաքրքրի ինչպես լսումների կազմակերպիչներին ու մասնակիցներին, այնպես էլ լսումներով հետաքրքրվող ընթերցողներին, հարկ համարեցինք դա թարգմանաբար ներկայացնել: Ահա թե ինչ է գրել Լյութեմը.
«Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դաշնակցական նախագահ Արմեն Ռուստամյանից վերջերս ստացած ինտերնետային նամակով հրավիրվեցի մասնակցելու դեկտեմբերի 19-20-ը խորհրդարանում նախատեսվող լսումներին: Որքան էլ այս կարգի միջոցառումները չհանգեցնեն արագ արդյունքի, սկզբունքորեն օգտակար են, որովհետեւ կողմերին տալիս են միմյանց տեսակետներն ավելի հեշտ ըմբռնելու հնարավորություն: Սակայն Ռամազանի տոներին համընկնող այդ օրերին այլ ծրագրեր ունենալու պատճառով հայտնեցի, որ չեմ կարող մասնակցել:
Այնուհետեւ մամուլից տեղեկացա, որ այս միջոցառմանը շուրջ 20 թուրք է հրավիրվել: Նրանց մեջ են եղել Թաներ Աքչամի, Ֆաթմա Մյուգե Գյոչեքի, Հալիլ Բերքթայի պես հայկական տեսակետներին լիարժեք հավանություն տվող, դրանց ընդունման համար պայքարող անձինք, Օրհան Փամուքը եւ Բասքըն Օրանը, որոնք մոտ են կանգնած այդ տեսակետներին, ինչպես նաեւ Ջան Փեքերի նման հարցին Եվրոմիության տեսանկյունից մոտեցողներ:
«Թուրքական տեսակետներն» արտահայտելու համար ինձ հետ հրավիրել են նաեւ Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուին, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ընկերության նախագահ Սեդաթ Լաչիներին: Ըստ երեւույթին, Մութաֆյան պատրիարքին հրավիրել են, որ ներկայացնի Թուրքիայի հայերի տեսակետները: Հրավիրվածների մեջ, իբրեւ պետական գործիչ, հիշատակվում է արտգործնախարար Ալի Բաբաջանի անունը միայն: Ենթադրելի է, որ հրավիրված կլինեն Թուրքիայի ազգային մեծ ժողովի որոշ անդամներ:
Հրավիրված թուրքերը միաձայն հայտնել են, որ չեն մասնակցելու: Դրա պատճառը, Ռամազանից բացի, հրավերի շատ ուշ ուղարկումն է: Արմեն Ռուստամյանը, առանց կազմակերպչական այս թերությանն անդրադառնալու, ելույթում նշել է, որ թուրքական կառավարությունը դեմ էր միջոցառմանը, այդ իսկ պատճառով հրավիրված թուրքերը հրաժարվեցին մասնակցելուց: Ըստ երեւույթին, նա Թուրքիան ինչպես հարկն է չի ճանաչում: Մեր օրերում Թուրքիայի որեւէ պետական կառույց չի կարող համանման պահանջ ներկայացնել հրավիրվածներին:
Քանի որ թուրքերը հրաժարվել են մասնակցել լսումներին, ուստի մասնակիցների թիվը, արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, հայերով է սահմանափակվել, մեկ էլ ԵՄ-ի ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիով: Չհաշված ոմանց Թուրքիային հասցեագրած չափազանց խիստ քննադատություններին, ելույթներում որեւէ նորություն չի եղել:
Ինչպես արդեն նշեցի, այսպիսի լսումները միմյանց տեսակետներն ու դիրքորոշումները կողմերին ավելի ըմբռնելի են դարձնում, այսպիսով նպաստում են երկխոսության հաստատմանը: Այս առումով նպատակահարմար ենք գտնում, որ առաջիկա ամիսներին Թուրքիայի ազգային մեծ ժողովի համապատասխան հանձնաժողովը նման միջոցառումներ ձեռնարկի մեր երկրում»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ