«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2007-12-26 | #240, 2007-12-27 | #241, 2007-12-28


ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ամփոփելով աշնանային առաջին նստաշրջանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այն առանձնահատուկ էր երկու հանգամանքով: «Առաջինը այն գործընթացն էր, որ սահմանադրական փոփոխություններից երկու տարի հետո մեր օրենսդրությունը պետք է համապատասխաներ սահմանադրությանը: Անցած այդ երկու տարիները բավականին հագեցած էին քաղաքական իրադարձություններով, այնուամենայնիվ հաջողվեց այս աշնանային նստաշրջանում գործնականում ավարտել սահմանադրական փոփոխությունները, մեր օրենսդրությանը ներդաշնակեցնել»:

Այնուհետեւ պրն Թորոսյանը նշեց, որ մնացել է ամբողջությամբ ընդունել «Երեւանի մասին օրենքը», որը առաջին ընթերցումից հետո գարնանը 2-րդ ընթերցման է ներկայացված, որը եզրափակիչ ակորդը կլինի: «Նոր խորհրդարանի համար որոշ դժվարություններ եղան, նշեց պրն Թորոսյանը եւ ավելացրեց, քառօրյաներից բացի գումարվել են 3 արտահերթ նստաշրջան եւ 5 արտահերթ նիստ, որոնց ընթացքում ընդունվել են 111 օրենք եւ շրջանառության մեջ են մոտ 200-ը: Իհարկե կարեւորելով 2008-ի բյուջեն, նշեց, որ այն «որակապես այլ բյուջե է ու դրանով մեր երկրի համար սկսվում է նոր ժամանակաշրջան: Վստահ եմ, որ մի քանի տարում մեր երկրում հնարավոր է ապահովել բարեկեցիկ կյանք յուրաքանչյուր քաղաքացու համար»: ԱԺ նախագահը հատուկ նշեց, որ «այսօր ժամանակն է, որ մենք մեր կուտակած փորձի հիման վրա երկրում ձեւավորենք համերաշխության, հանդուրժողականության լիարժեք մթնոլորտ, ժամանակն է, որ լիարժեք մրցակցություն ապահովվի մեր տնտեսության մեջ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ունենա իր էական ազդեցությունը: Ես վստահ եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն ունենք առաջիկա 4 տարիների ընթացքում եւ վստահ եմ, որ կկարողանանք լուծել այն կարեւոր հիմնախնդիրները, որոնք մեր երկրի զարգացման, այդ երկրորդ սերնդի բարեփոխումների առանցքն են լինելու»:

Տիգրան Թորոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, կարեւորեց լրատվամիջոցների դերն ու նշանակությունը նախագահական ընտրությունների ընթացքում եւ նշեց, որ այդ ընթացքում թեկնածուների պահվածքը եւ իրար վարկաբեկելու փորձերը հարիր չեն, չնայած աշխարհում դա կարծես թե ընդունված է:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4