«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2007-12-26 | #240, 2007-12-27 | #241, 2007-12-28


«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՕՐԻՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵՆՔ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՓԱԿ, ԿԻՍԱԲԱՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՈՒ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ»

2007-ը Երեւան քաղաքում տարվող շինարարական աշխատանքների համար հաջող տարի էր: Մոտ երկու-երեք օրից Երեւանում չենք հանդիպելու փակ ու կիսաբաց փողոցների ու խաչմերուկների: Այս մասին «Տեսակետ» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը: Ազատության պողոտայի գետնանցումի կառուցման եւ Գետառի վրա դեռեւս տարվող շինարարական աշխատանքներն ամփոփեց «Արարատշին» շինարարական ընկերության խորհրդի նախագահ Գագիկ Թովմասյանը: Ազատության պողոտայի գետնանցումը, ըստ Գագիկ Թովմասյանի, շատ շուտ կառուցվեց եռահերթ աշխատանքի շնորհիվ: Իսկ Գետառի կառուցումը երկու փուլով է ընթանում: Առաջին փուլը արդեն ավարտվել է, հունվարին սկսվելու է երկրորդ փուլը, որը 2008-ին ամբողջությամբ կավարտվի:

Արագած Ախոյանը, որը «Հայկարշին» ընկերության նախագահն է, իր հերթին նշեց, որ ավելանում են շինարարության ծավալները: Փոքր կենտրոնից բացի կառուցապատում է սկսվել Աջափնյակում, Դավիթաշենում, Նոր Նորքում: 2008-ին շարունակվելու են Գետառի հունով ավտոմայրուղու կառուցման շինարարական աշխատանքները, «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ տրանսպորտային խաչմերուկի հանգույցի աշխատանքները: Քաղաքապետարանի կողմից կկառուցվի Ավետիսյան փողոցով Սարալանջի պողոտայի շարունակությունը մինչեւ Դավիթաշենի կամուրջ, որպեսզի մայրուղին վերջնական նպատակին ծառայի: «Բելլաջիո» ռեստորանի հարեւանությամբ թունելի շինարարությունն է ընթացքի մեջ, որը նույնպես Սարալանջի մայրուղու տրանսպորտային հանգույցներից մեկն է լինելու: Կավարտվեն Կոմիտասի պողոտայի շինարարական աշխատանքները: Քաղաքապետարանի ծրագրերով Սեբաստիա փողոցը` Կիեւյան կամրջից Լենինգրադյան փողոցով մինչեւ նախկին «Փարոս» ռեստորանի խաչմերուկը 2007-ին վերակառուցվեց, իսկ այս տարվա ծրագրերով շարունակվելու են Սեբաստիա փողոցի տրամվայի գծերի ապամոնտաժումը եւ փողոցի վերակառուցումը մինչեւ 6-րդ հիվանդանոցի խաչմերուկ: Բաղրամյան-Օրբելի խաչմերուկի բացումը պլանավորված է այսօր: Ճանապարհաշինարարության մասով, ըստ Բասենցյանի, 2007-ին ծախսվել է մոտ 4,5 մլրդ դրամի գումար: Ցավոտ խնդիրներից Է մնում երիտասարդ կադրերի պատրաստման հարցը:

Շինարարները առաջարկում են նաեւ վերականգնել խորհրդային պրոֆտեխնիկական ուսումնարանները:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4