«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2007-12-26 | #240, 2007-12-27 | #241, 2007-12-28


«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ 570 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ

Բջջային կապի երրորդ օպերատորն էլ կարող է լինել ռուսական

Ներկա դրությամբ վերականգնվել եւ միջազգային չափանիշներին համապատասխանում է Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհների 95 տոկոսը: Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարության 2007-ի գործունեությունն ամփոփելիս նշեց նախարար Անդրանիկ Մանուկյանը: Ըստ նրա, 2007-ի կարեւոր իրադարձություններից էր Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի մոտ 91 կմ երկարությամբ ճանապարհը շահագործման հանձնելը` շուրջ 15,2 մլրդ դրամ բյուջետային ֆինանսավորմամբ:

Նախարարի խոսքերով, այս տարի եւս վերանորոգվել ու վերականգնվել է 280 կմ երկարությամբ ճանապարհ, կառուցել է Ոսկեպար-Բաղանիս 6,3 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածը: Վերականգնվել է 15 կամուրջ, տեղադրվել 33,5 կմ մետաղական արգելափակոցներ եւ այլն:

Այս տարվանից սկսած Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ծրագրի իրականացման շրջանակներում 2008-2009-ին նախատեսվում է վերականգնել շուրջ 273 կմ գյուղական ճանապարհ, իսկ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ նույն ժամանակահատվածում կնորոգվեն Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերի 71 համայնքների շուրջ 223 կմ գյուղական ավտոճանապարհներ:

Երկաթուղային տրանսպորտի ոլորտի կտրվածքով դեկտեմբերի 28-ին կգնահատվի «Հայկական երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթին միակ հայտը ներկայացրած «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության տեխնիկական առաջարկը, իսկ հունվարի 8-ին` գնային առաջարկը, հունվարի 15-ին էլ կորոշվիՙ ռուսական ընկերությունը հաղթող կլինի, թե ոչ: Նշենք, որ կոնցեսիոն կառավարման է հանձնվում հայկական երկաթուղին 30 տարի ժամանակով` 20-րդ տարում եւս 20 տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Ռուսական ընկերությունը շուրջ 570 մլն դոլար ներդրումներ է խոստանում իրականացնել, ընդ որում, որոշակի պայմանների դեպքում` ավելին: Մասնավորապես, «Ռուսաստանի երկաթուղիները» պատրաստ է ներդրումների ծավալը հասցնել ավելի քան 2 մլրդ դոլարի, եթե մոտակա տարիների ընթացքում նախ բացվի թուրքական սահմանը, ապա նաեւ կապ հաստատվի ադրբեջանական ու աբխազական երկաթգծերի հետ:

Երկաթուղու առնչությամբ Իրան-Հայաստան գծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության հուշագիրն արդեն ստորագրված է, եւ, Մանուկյանի խոսքերով, մինչեւ 2008-ի ամառ որոշակի հստակություն կլինի, հատկապես որ բանակցություններ են տարվում ռուսական կողմի, նաեւ տարբեր ֆինանսական կառույցների հետ:

Միջոցներ են ձեռնարկվում նաեւ այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցության ուղիների ստեղծման ուղղությամբ: 2007-ին կազմակերպվեց եւ իրականացվում են երկաթուղալաստանավային փոխադրումներ Ռուսաստանի Կավկազ եւ Վրաստանի Փոթի նավահանգիստների միջեւ: Աշխատանքներ են տարվում Էնզելի (Իրան)-Ակտաու (Ղազախստան)-Աստրախան (Ռուսաստան) նավահանգիստների միջեւ միջազգային ավտոմոբիլալաստանավային հաղորդակցություն ստեղծելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է կապի բնագավառին, ապա, նախարարության տվյալներով, մինչեւ 2015 թվականը անալոգային հեռարձակումից կանցնենք թվային ձեւաչափին: Ֆիքսված հեռախոսակապի առնչությամբ էլ 2007-ի դրությամբ հեռախոսաֆիկացվել են 50 մարդուց ավելի բնակչություն ունեցող բոլոր գյուղերը, ինչպես նաեւ թվայնացվել են ավելի քան 800 գյուղեր:

Բջջային կապի ծառայությունների շուկայի ազատականացման արդյունքում երկրորդ օպերատորի մուտքն ապահովեց մատուցվող ծառայությունների որակի բարելավում: Երրորդ օպերատորի հնարավոր մուտքի առնչությամբ էլ նախարար Մանուկյանը նշեց, որ կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել մրցութային հանձնաժողով նախարարի գլխավորությամբ` մրցույթով նոր օպերատորի մուտքի համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու նպատակով: Ընդ որում, այդ մրցույթի արդյունքներն ամփոփված կլինեն արդեն մինչեւ 2008-ի հունիսի 30-ը:

Ամեն դեպքում, 2007-ին հեռահաղորդակցության եւ կապի բնագավառում իրադարձային էր բոլոր տեսակի մենաշնորհների վերացումը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. ՀՀ նախագահի հրամանագրով Կապան-Մեղրի ճանապարհի վերականգնման աշխատանքներում գործուն մասնակցության համար «Անանիա Շիրակացի» պարգեւին են արժանացել տրանսպորտի եւ կապի նախարարության «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Կարեն Գեւորգյանը, Մեղրու եւ Կապանի «Ճանշին» ընկերությունների տնօրեններ Ազատ Գասպարյանը եւ Արարատ Կարապետյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4