Վերջերս մի քանի թերթերում հրապարակումներ եղան, որ Երեւանի Բագրատունյաց 41 հասցեում գտնվող «Ունիվերսամը» որպես սեփականություն տրվել է ԱԺ պատգամավոր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանին: Այդ կապակցությամբ այդ թերթերի խմբագրություններին է դիմել «Ունիվերսամի» իրական սեփականատերը, հերքելով «Ունիվերսամը» Վլադիմիր Բադալյանին պատկանելու մասին տեղեկությունը: Սակայն նրա պարզաբանումը հրաժարվել են հրապարակել այդ թերթերում:
Խմբագրությանը դիմելու առիթ հանդիսացավ Բագրատունյաց 41 հասցեում գտնվող «Ունիվերսամի» շուրջը չհանդարտվող կրքերը: Ինձ համար անհասկանալի են այն մոտեցումները, որոնցով առաջնորդվել են նախորդ հրապարակումների հեղինակները:
Նախ, շտապեմ տեղեկացնել, որ «Էնթրոն» ՍՊԸ միակ եւ իրական սեփականատերը ես եմՙ Արմեն Ստեփանյանս, ոչ մի կապ չունեմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանի հետ: Սույն փաստը շատ հեշտ է ճշտել համապատասխան մարմիններին հարցում կատարելու եւ պարզաբանելու միջոցով (ինչը չգիտես ինչու մոռացել են անել հրապարակումների հեղինակները կամ հեղինակը): Ավելին, հեշտացնելու համար նշված խնդիրը, բոլոր հիմնավորող եւ համոզիչ փաստաթղթերի պատճենները, իրականացվելիք ներդրումների չափը, ստեղծվող նոր աշխատատեղերի քանակը եւ այդ տարածքի օգտագործման նպատակը ես կարող եմ տրամադրել խմբագրությանը: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 3,5-4,0 մլն ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում կստեղծվի 250-300 աշխատատեղ, եւ «Ունիվերսամը» իր հյուրընկալ դռները կբացի ազգաբնակչության առջեւ` գեղեցիկ եւ հարմարավետ նոր առեւտրի կենտրոնի տեսքով: Իմ կարծիքով, հենց վերը նշված չափանիշներն են եղել այն ազդեցիկ փաստարկները, որոնցով եւ առաջնորդվել է գույքի սեփականատերը` նախընտրելով «Էնթրոն» ՍՊԸ-ին:
Ուզում եմ անդրադառնալ նաեւ խնդրո առարկա «Ունիվերսամի» գնին: Նախ եւ առաջ նշեմ, որ 1988-ից ի վեր «Ունիվերսամը» չի շահագործվել, այսինքն` չի ջեռուցվել եւ չի վերանորոգվել (հիմնական եւ ընթացիկ), շինությունը գտնվում է ծայրաստիճան վատթար` գրեթե վթարային վիճակում: Բոլոր թերահավատներին առաջարկում եմ այցելել եւ անձամբ համոզվել իմ խոսքերի իրավացիության մեջ: Չնայած այս հանգամանքին, «Էնթրոն» ՍՊԸ-ն պատրաստ է վճարել անկախ գնահատողի ներկայացրած եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ամբողջ արժեքը: Ուզում եմ անպայման անդրադառնալ մի հանգամանքի եւս: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կոմերցիոն գործարքներն իրականացվում են հաշվի առնելով զուտ բիզնեսի նպատակահարմարությունը, շահավետությունը, անհրաժեշտ ներդրումների ծավալը եւ, անշուշտ, ակնկալվող շահույթի ծավալները, այլ ոչ թե գնվող մակերեսի արժեքը: Իսկ կոնկրետ մեր պարագայում դա պետք է ընկալվի ոչ թե որպես բնակարան եւ գնահատվի զուտ մակերեսի արժեքով, այլ որպես տարածք եւ նրանում կատարվելիք հսկայածավալ ներդրումների չափով:
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ