«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2007-12-26 | #240, 2007-12-27 | #241, 2007-12-28


ՆԱԽ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆԸ, ԱՊԱՙ ԱՌՕՐԵԱԿԱՆՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆԸ

«Ազգի» կայքէջում ընթերցում են նաեւ վեպ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հաճախ եւ մեզանից շատերն առիթ-անառիթ դժգոհում են այն հասարակությունից, երկրից, որում ապրում ենք: Դժգոհում ենք անգամ մարդկությունից, թե էլ մարդ լինելն արժեք չէ, իսկ գթասրտությունն ու բարությունը դարձել են անտիկ ժամանակների բնութագրական խոսքեր: Եվ հրաշալի է, որ միշտ չեն մեր նման հոռետեսական մտքերն իրականությունն արտացոլում:

«Ազգի» քառալեզու կայքէջի այցելուները հետաքրքրական վիճակագրություն են ստեղծում իրենց այցելություններով եւ ընթերցած նյութերով: Երեք տարում հայերեն կայքէջում ռեկորդակիր են երկու այնպիսի հոդվածներ, որ ի ցույց են դնում մեր ընթերցողների մարդասիրական մոտեցումները: Երկու երեխաների համար օգնության կոչ անող երկու հոդվածներն ամենամեծ թվով ընթերցողներ են ունեցել:

«Ազգի» հայալեզու ինտերնետային էջի գրեթե նույն թվով այցելուներ ունեցած հոդվածներից է նաեւ Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցը, որից հետո մեծ հետաքրքրություն է ներկայացրել շենգենյան երկրների հետ համագործակցող մեր գործարարների մուտքի վիզաների ստացման հեշտացումը:

Գրեթե նույն քանակությամբ այցելողներ են եղել նաեւ 2005 թվականի դեկտեմբերի 28-ով թվագրված այնպիսի մի հոդվածի, որում ներկայացվել են երկրի նախագահի եւ նախկին վարչապետի, տարբեր քաղաքական գործիչների թեւավոր խոսքերը:

«Ազգի» ռուսալեզու ինտերնետ ընթերցողները եւս մարդասիրական մղումներին մեծ տեղ են տալիս: Եվ նույն չափով էլ հետաքրքրություն է դրսեւորվել Արամ Ասատրյանի մահվան, բռնցքամարտուհի Սյուզի Կենտիկյանի մասին պատմող նյութերի հանդեպ:

Յուրօրինակ օրինաչափությամբ անգլիալեզու էջի այցելուներն ավելի շատ ընթերցել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, նաեւ վերջին քաղաքական իրադարձություններին ու ընտրական գործընթացներին վերաբերող նյութեր: Հետաքրքրության զգալի մասն էլ բաժին է ընկել հայ խաղաղապահների, հայ-ռուսական հարաբերությունների մասին նյութերին:

«Ազգի» թուրքալեզու էջի այցելուները հետաքրքրությունների ավելի նեղ շրջանակ են ընտրել` սահմանափակվելով Թուրքիայում հայ համայնքի իրադարձությունները, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը ներկայացնող հոդվածներով:

Այս տարի առաջին անգամ հետեւեցինք, թե լրագրային նյութերի կողքին կայքէջում ինչ հետաքրքրություն կառաջացնի գեղարվեստական գործը: Մայիսի 4-ից սեպտեմբերի 7-ը, շաբաթական պարբերականությամբ թերթում տպագրվեց Պարույր Հակոբյանի «Խաչագող» վեպը, որը զուգընթաց տեղադրվում էր կայքէջում, նույնպես շարունակաբար: Ի տարբերություն թերթի, մեր առջեւ ուրվագծվում էր կայքէջի ընթերցանության քարտեզըՙ քանի անգամ էին բացում վեպկայքը, որ մասերը, ինչքան էին արտատպում, ուղարկում էլեկտրոնային փոստով, քանի հոգի էր սպասում հերթական մասի թողարկմանը եւ ինչպես էր շարունակվում ընթերցանությունը հաջորդ օրերին, որ գլուխներն էին ավելի շատ ուշադրության արժանանում: Ամեն մի հեղինակի համար անչափ հաճելի եւ հետաքրքրական հնարավորություն: Ստույգ չենք կարող ասել, թե ինչ չափով եւ հետաքրքրությամբ են ընթերցում վեպը կայքէջում, քանի որ արձանագրում ենք միայն այցելությունների ու մյուս գործողությունների թվերը եւ ոչ թե ժամանակն ու տպավորությունը: Համենայն դեպս, թվերից նույնպես կարելի է եզրակացություն անել: Մինչ օրս գրանցվել են (եւ շարունակվում են) վեպի մասերի ընդհանուր թվով 15 հազարից ավելի բացումներ եւ 1700 արտատպումներ:

Ինտերնետային կայքէջը թերեւս երբեք չպարգեւի անկողնում ընթերցանությամբ գիշերը լուսացնելու բավականությունը, բայց գուցե գրքի նկատմամբ եղած հետաքրքրությունը եւ ուշադրությունը վերադարձնելու միջոց դառնա: Ինչպես ասում ենՙ ով խանգարում էր, ինքն էլ կօգնի մեզ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4