«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2007-12-26 | #240, 2007-12-27 | #241, 2007-12-28


ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Եվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2007-ը: Ընթացիկ մրցաշրջանը եւս հարուստ էր մարզական զանազան իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Մրցաշրջան-2007-ը նախաօլիմպիական էր, ուստի օլիմպիական մարզաձեւերի ներկայացուցիչների առաջնահերթ խնդիրն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր: Այսօրվա դրությամբ մեր մարզիկներն արդեն օլիմպիական 12 ուղեգիր են նվաճել: Իսկ միջազգային մրցասպարեզներում Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ 2007-ին նվաճել են 104 մեդալ:

Ծանրորդների հարուստ ավարը

Եթե անցած մրցաշրջանում նշանակալի հաջողության էին հասել հայ շախմատիստները եւ նրանց առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել էր հանրապետության լավագույն մարզիկ, ապա 2007-ին գերազանց հանդես եկան մեր ծանրորդները: Պատանիների, երիտասարդների ու մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեր ծանրորդները նվաճեցին 47 մեդալ (ընդհանուր պարգեւների 45 տոկոսը): Մարզական լրագրողներն էլ ըստ արժանվույն գնահատեցին ծանրորդների ելույթները` Գեւորգ Դավթյանին ճանաչելով տարվա լավագույն մարզիկ: Պատահական չէր, որ լավագույն տասնյակում ընդգրկվեցին հինգ ծանրորդներ:

Հայ ծանրորդների փայլուն հաղթանակների սկիզբը դրվեց ապրիլին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Մրցահարթակ դուրս եկած մեր 9 ծանրորդներից երեքը` Գեւորգ Դավթյանը (77 կգ), Մելինե Դալուզյանը (63 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ, իսկ Նազիկ Ավդալյանը (58 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (69 կգ) եւ Արա Խաչատրյանն (77 կգ) արժանացան արծաթե մեդալների: Ընդհանուր առմամբ հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 18 մեդալ (10 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե)` թիմային հաշվարկով գրավելով 1-ին տեղը:

Հունիսին Պրահայում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կրկին վստահ հանդես եկավ Հռիփսիմե Խուրշուդյանը` երկամարտի 245 կգ (108+ 137) արդյունքով արժանանալով ոսկե մեդալի: Արայիկ Միրզոյանը (69 կգ) դարձավ բրոնզե մրցանակակիր: Հռիփսիմեն հաջողությունը կրկնեց նաեւ հոկտեմբերին Իսպանիայի Տեներիֆե քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նրա օրինակին հետեւեց նաեւ Արայիկ Միրզոյանը: Իսկ Մելինե Դալուզյանն ու 17-ամյա Ռուբեն Ալեքսանյանը (94 կգ) դարձան Եվրոպայի փոխչեմպիոններ: Վերջինիս իրոք կարելի է ընթացիկ մրցաշրջանի հայտնությունը համարել: Օգոստոսին Իտալիայի Պավիա քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում նա երկամարտի 386 կգ (170+216) արդյունքով չեմպիոն հռչակվեց` սահմանելով պատանեկան 8 ռեկորդ: Սմբատ Մարգարյանը (50 կգ) եւ Հեղինե Եփրեմյանը (58 կգ) արժանացան արծաթե մեդալների: Ընդհանուր առմամբ Իտալիայում մեր ծանրորդները նվաճեցին 4 ոսկե եւ 4 արծաթե մեդալ` թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը:

Հայ ծանրորդների համար գլխավոր քննությունը սեպտեմբերին Թայլանդում կայացած աշխարհի մեծահասակների առաջնությունն էր, որում խաղարկվում էին նաեւ Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Տղամարդկանց հավաքականը նվաճեց խաղարկվող վեց ուղեգրերից հինգը, իսկ կանայք մեկ ուղեգիր նվաճեցին (եւս 1-2 ուղեգիր նրանք հնարավորություն ունեն նվաճելու 2008-ի ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունում): Թայլանդում կրկին իր վարպետությունը դրսեւորեց Գեւորգ Դավթյանը, որը շատ մոտ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Սակայն վերջին պահին բուլղարացի ծանրորդը մեկ կգ-ով գերազանցեց Գեւորգի երկամարտի արդյունքը: Բայց աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսն էլ մեծ նվաճում է: Մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ուներ Հռիփսիմե Խուրշուդյանը, սակայն երկու անհաջող մոտեցումները նրան առաջին անգամ առանց մեդալի թողեցին (4-րդ տեղ):

Անպարտելի Արթուրն ու ռինգի նորահայտ «աստղը»

2007-ի հայկական սպորտի փառահեղ նվաճումների թվին անշուշտ պետք է դասել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի եւ նորահայտ «աստղ» Սյուզի Քենտիկյանի հաղթական ելույթները: Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Արթուր Աբրահամն իսկական մարզական սխրանք գործեց: Անցած տարվա սեպտեմբերին Էդիսոն Միրանդայի հետ մենամարտը ջարդած ծնոտով շահելուց հետո Արթուրին բավական ժամանակ պահանջվեց ապաքինվելու եւ չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը պատշաճ ձեւով նախապատրաստվելու համար: Ի պատիվ Արթուրի, նրա վերադարձը ռինգ նշանավորվեց նոր հաղթանակներով: Այս տարի նա եւս 3 անգամ (ընդամենը 6 անգամ) հաջողությամբ պաշտպանեց միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Մայիսի 26-ին Գերմանիայի Բամբերգ քաղաքում կայացած մենամարտի արդեն 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկեց Սեբաստիան Դեմերսին: Օգոստոսի 18-ին նման ճակատագրի արժանացավ նաեւ Խորեն Գեւորը` հատակին հայտնվելով 11-րդ ռաունդում: Դեկտեմբերի 8-ին Բազելում Աբրահամի հարվածներին չդիմացավ նաեւ անգլիացի Ուեյն Էլկոկը: Արթուրը նրա հաշիվները «մաքրեց» 5-րդ ռաունդում:

Իր անվանի հայրենակցից հետ չմնաց հայկական բռնցքամարտի նորահայտ «աստղ», ներկայում Գերմանիայում բնակվող 19-ամյա Սյուզի Քենտիկյանը: Այս տարվա փետրվարի 16-ին Քյոլնում 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Վենեսուելայի ներկայացուցիչ Կարոլինա Ալվարեսին, Սյուզին նվաճեց WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը, որը հետագայում 3 անգամ հաջողությամբ պաշտպանեց: Իսկ վերջերս էլ Համբուրգում հաղթելով ֆրանսուհի Նադյա Հոքմին, նվաճեց նաեւ WIBF-ի վարկածով չեմպիոնական գոտին:

Իմաստուն խաղի վարպետները

Հայաստանը վաղուց շախմատային գերտերություններից մեկն է աշխարհում եւ մեր շախմատիստները մեկ անգամ եւս դա հաստատեցին: Ճիշտ է, նախորդ մրցաշրջանի համեմատ այս անգամ շախմատիստների նվաճումներն ավելի համեստ էին: Տղամարդկանց հավաքականը, որ նախորդ տարի Թուրինում օլիմպիական չեմպիոն էր դարձել, Եվրոպայի թիմային առաջնությունում գրավեց 2-րդ տեղը: Սպասելիքները գերազանցեցին կանայք` դառնալով Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիրներ: Իսկ ահա մեր պատանի շախմատիստների ավարը շատ համեստ էր: Տարիքային տարբեր խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճվել է ընդամենը մեկ բրոնզե մեդալ (Կարեն Գրիգորյան, 12 տարեկանների Եվրոպայի առաջնությունում):

Տարին հաջող սկսվեց Լեւոն Արոնյանի համար, որը հաղթող դարձավ Վեյք ան Զեեի մրցաշարում: Այնուհետեւ Էլիստայում նա նվաճեց աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք, կրկին արժանացավ Ֆիշերի շախմատի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Սակայն Մեխիկոյում աշխարհի թագի համար մրցավեճում, ինչպես նաեւ Խանտի Մանսիյսկում աշխարհի գավաթի խաղարկությունում Արոնյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ:

Դիրքերը զիջեց նաեւ մեր կանանց «Միկա» թիմը, որը նախորդ տարի նվաճել էր Եվրոպայի չեմպիոնների գավաթը: Այս անգամ «Միկան» բավարարվեց բրոնզե մեդալներով: Այդ մրցաշարում Գաբրիել Սարգսյանը «Լինեքսի» կազմում արժանացավ չեմպիոնի տիտղոսին, իսկ Վլադիմիր Հակոբյանն արծաթե մեդալ նվաճեց «Ուրալի» կազմում:

Դիրքերը զիջեցին

Նախորդ մրցաշրջանի համեմատ բավական համեստ էր մեր ըմբիշների եւ բռնցքամարտիկների ավարը: Եթե 2006-ին ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճել էին երկու ոսկե, երեք արծաթե եւ երկու բրոնզե մեդալ, ապա Սոֆիայում հանդես եկած մեր 15 մարզիկներից միայն ազատ ոճային Շամիլ Գիտինովը (96 կգ) դարձավ մրցանակակիր` արժանանալով բրոնզե մեդալի: Իսկ Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում հավաքականին «պարզերես» արեց ու ստիպեց կազմակերպիչներին հայկական եռագույնը բարձրացնել Յուրի Պատրիկեեւը (120 կգ, բրոնզե մեդալ): Վերջինիս հետ օլիմպիական ուղեգիր նվաճեց նաեւ Արման Ադիկյանը (66 կգ):

Բռնցքամարտիկներն էլ թեեւ Չիկագոյում կայացած աշխարհի առաջնությունում օլիմպիական երեք ուղեգիր նվաճեցին (Հովհաննես Դանիելյան, Հրաչյա Ջավախյան, Էդուարդ Համբարձումյան), սակայն անմասն մնացին խաղարկվող մեդալներից:

Ինչ խոսք, մարզական մեծ իրադարձություն էր Հայաստանում Համահայկական 4-րդ խաղերի անցկացումը, որին մասնակցեցին ռեկորդային թվով` 94 քաղաքների շուրջ 2500 մարզիկներ:

Սառույցը կոտրվեց

Մրցաշրջան-2007-ն ընդհանուր առմամբ կարելի է հաջող համարել հայկական ֆուտբոլի համար: Շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդի բեղմնավոր մարզչական գործունեության արդյունքում մեր ազգային հավաքականի խաղում որոշակի առաջընթաց նկատվեց, հայ ֆուտբոլիստները դիտարժան խաղ ցուցադրեցին: Ցավոք, Պորտերֆիլդի վաղաժամ մահը թույլ չտվեց շարունակել առաջընթացը: Ուրախացրեց նաեւ մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը` մտնելով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ փուլ: Ակումբային մակարդակով էլ որոշակի տեղաշարժ կար: Առաջին անգամ միանգամից երկու թիմի` «Փյունիկին» ու «Միկային» հաջողվեց հաղթահարել եվրոգավաթների առաջին փուլի արգելքը: Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում էլ նախորդ տարիների համեմատ բավական համառ մրցակցություն էր ծավալվել չեմպիոնի տիտղոսի համար:

Մյուս մարզաձեւերում էլ գրանցվեցին առանձին ձեռքբերումներ: Տեղին է հիշատակել հայ մարզիկներից օլիմպիական առաջին ուղեգիրը նվաճած հրաձիգ Նորայր Բախտամյանին (աշխարհի գավաթի խաղարկության փուլի 2-րդ մրցանակակիր), ձյուդոյիստներ Արմեն Նազարյանին (համաշխարհային Ունիվերսիադայի 3-րդ, երեւանյան մրցաշարի 2-րդ մրցանակակիր), Հովհաննես Դավթյանին (Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի հաղթող, երեւանյան մրցաշարի արծաթե մեդալակիր) եւ Անուշ Հակոբյանին (համաշխարհային Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր), սամբիստներ Աշոտ Դանիելյանին (Եվրոպայի փոխչեմպիոն) եւ Էմիլ Ասլանյանին (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր), սուսերամարտիկ Միքայել Ղազարյանին (աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր), թեթեւատլետ Մելիք Ջանոյանին (Եվրոպայի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մրցանակակիր):

Ավարտվում է մարզական իրադարձություններով հարուստ 2007-ը: Առջեւում Պեկինի ամառային օլիմպիական խաղերն են: «Ազգի» մարզական բաժինը շնորհավորում է մարզաշխարհի ներկայացուցիչներին, բոլոր մարզասերներին Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք: Թող որ 2008-ը նորանոր նվաճումների, օլիմպիական մեդալների նվաճման տարի դառնա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4