«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2007-12-27 | #241, 2007-12-28 | #242, 2007-12-29


«ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ 70 ՏՈԿՈՍԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼՈՒ ՊԱՀԻՆ»

Հավաստիացնում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, պատասխանելով «Ազգի» այն հարցին, թե ընտրական գործընթացներն ի՞նչ ազդեցություն են ունենում անշարժ գույքի շուկայի վրա այս ամիսներին, ասաց, որ, սովորաբար, քաղաքական գործընթացների ժամանակ շուկայում որոշ պասսիվացում լինում է, բայց նշեց, որ այս տարվա մայիսին նման պասսիվացում չի եղել: «Եթե նախորդ տարվա 126 հազար գործարքների դիմաց այս տարի կատարվել են 152 հազար գործարքներ, ի՞նչ պասսիվացման մասին է խոսքը», ասաց Մանուկ Վարդանյանն, ավելացնելով, որ ներկայումս նույնպես, չնայած նախագահական ընտրություններին նախորդող շրջան լինելուն, նման պասսիվացում չի նկատվում:

Մեր մեկ այլ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Երեւանում գների աճի տեմպի որոշ նվազումը, Մանուկ Վարդանյանը պատասխանեց, որ կենտրոնում նման երեւույթ կա, բայց քաղաքի մյուս մասերում գների աճի տեմպը պահպանվում է: Կենտրոնում, ըստ կադաստրի կոմիտեի նախագահի, մարդիկ նախընտրում են բնակարան ձեռք բերել նորակառույց շենքերում, որտեղ կենցաղային ավելի լավ հարմարություններ կան: Կառուցապատման ծրագրերով կառուցվող շենքերի բնակարանների գները չեն ընդգրկվում կադաստրի պետական կոմիտեի ամենամսյա հաշվետվությունների մեջ, քանի որ դրանք ավելի բարձր են եւ կարող են ոչ ճիշտ պատկերացում տալ գների ընդհանուր ցուցանիշի մասին: Մանուկ Վարդանյանի հավաստմամբ, նորակառույց շենքերի բնակարանների մոտ 70 տոկոսն արդեն իսկ վաճառված է լինում դրանց կառուցումը սկսելու պահին: Այն լուրերը, թե Հյուսիսային պողոտայի կամ այլ նորակառույց շենքերի բնակարանները չեն վաճառվում, կոմիտեի նախագահը հերքեց, ասելով, որ այդ բնակարանների պահանջարկը շարունակում է բարձր մնալ:

Ամփոփելով 2007-ի արդյունքները, Մանուկ Վարդանյանը տեղեկացրեց, որ ավելացել են ինչպես գույքի եւ հողի հարկի բազաները, այնպես էլ կատարված վճարները: Ըստ կադաստրի կոմիտեի նախագահի, սակայն, շուրջ 891 հազար միավոր գույքի 65 տոկոսը (Երեւանում 35 տոկոսը) ընդգրկված չէ գույքահարկի բազայում, քանի որ մինչեւ 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանները օրենքով հարկման դաշտից դուրս են:

Կադաստրի կոմիտեի նախագահի հավաստմամբ, մի քանի տարի առաջվա համեմատ փոխվել են նաեւ շուկայի աշխարհագրությունն ու պատկերը: Եթե նախկինում միայն առուվաճառքի գործարքներ էին եւ հիմնականում Երեւանում, ապա այժմ զգալի թիվ են կազմում գրավադրման, հիպոթեկային, վարձակալության, կառուցապատման եւ այլ գործարքները եւ գործարքների միայն շուրջ 40 տոկոսն է կատարվում Երեւանում: Դա, ըստ բանախոսի, արդյունք է երկրի տնտեսական զարգացման եւ քաղաքական կայունության:

«Անցյալ տարի շուրջ 320 հազար մարդ է սպասարկվել կադաստրի տարածքային ստորաբաժանումներում», նշեց Մանուկ Վարդանյանը: Նրա հավաստմամբ, ոչ մի պետական կառույց այդքան շատ շփումներ չի ունենում քաղաքացիների հետ, որքան կադաստրի կոմիտեն:

Այս տարի գրեթե ավարտվել են բնակավայրերի հայերենացման աշխատանքները, բացառությամբ 27 համայնքի եւ Երեւանի որոշ տեղանունների: Իրականացվել է գյուղերի հասցեավորումը: Գյուղական համայնքներին են վերաբաշխվել պահուստային հողերը եւ այլեւս համայնքների վարչական սահմաններում գտնվող եւ համայնքների չպատկանող հողեր չեն լինելու: 2007-ին ավարտվել եւ տպագրության են ուղարկվել Ազգային ատլասի Բ հատորի հայերեն տարբերակը եւ Ա հատորի անգլերեն տարբերակը: Հայաստանի համար նմանատիպ ատլաս ստեղծվել է 1961-ին, բայց ընդգրկվածությամբ, որակով, ճշգրտությամբ եւ ընդհանրապես բոլոր այլ առումներով ներկայիս ատլասը միանշանակ գերազանցում է 50 տարի առաջ հրատարակվածին: Վերոնշյալը կադաստրի պետական կոմիտեի իրականացրած ծրագրերի միայն որոշ մասն է:

Ներկայումս Հայաստանի կադաստրի համակարգը իր 6,5 մլրդ դրամ ակտիվներով, տեղեկատվությունը մշակող եւ վերամշակող սարքավորումներով, գեոդեզիական եւ հողաչափման սարքավորումներով լավագույնն է ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլեւ Արեւելյան Եվրոպայում: Տեղեկացնելով այդ մասին, Մանուկ Վարդանյանը նշեց, որ այդ ամենին իրենք հասել են առանց պետական բյուջեից ծախսեր անելու եւ հիմնականում Համաշխարհային բանկի, միջազգային այլ կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությունների շնորհիվ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4