«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2007-12-27 | #241, 2007-12-28 | #242, 2007-12-29


ԱՄԵՆ ՕՐ ՆՈՒՅՆ ՏԱՍԸ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԵՆՔ ՊԱՏՄՈՒՄ

Վարազի կամ խոզի տարին ազգովին փակում ենք ու հանձնվում առնետին` նորի հանդեպ դեռ կասկածով, խոզի միամիտ բարությունից երես առած, առնետի առնետությունից, ժողովուրդը կասեր` «կռիսությունից» զգուշանալով, հնի լավն ու վատն ի մի բերելով, էլի շնորհակալ, որ դեռ ողջ ենք, ապրում ենք, որ դեռ երկրագունդը չի շեղվել իր առանցքից, որ էս երկիրը դեռ կարողանում է իր խնդիրները մանր-մանր լուծել, որ ազգս, չնայած թանկուկրակ Նոր տարվա գներին, դեռ վերջնականապես չի կորցնում լավատեսությունը... Որ... որ... որ...

Հետ նայենք մի պահ` առաջ նայելու համար, հասկանալու, թե ի՞նչ տվեց տարին հասարակ հայ մարդուն: Խմբագրի հանձնարարությունը` ամփոփել ներքին քաղաքական տարին, մի տեսակ չի ստացվում, քանի որ ի վերջո ստացվում է մի քանի գործող անձերով տարվա ամփոփում: Բայց ընթերցողն այլ բան է սպասում, ընթերցողը սովորական հայ մարդն է, որ ուզում է իր մասին կարդալ` ոչ միայն Տիգրան Թորոսյանի ու Տեր-Պետրոսյանի: Սովորական մարդն ուզում է իր պատկերը տեսնել թերթի էջերում, ոչ միայն մեր մեծամեծերի: Իսկ մենք կլոր տարին ասում ենք` վարչապետը բյուջեի մասին էս ասաց (հա, ասաց` հավակնոտ բյուջե), Ազգային ժողովի նախագահը էսինչ առիթով իր ելույթը սկսեց ինչպես միշտ` «Այ, որ մենք բոլորս մեր տեղերում կարգուկանոնով աշխատենք` ամեն ինչ իր հունով կընթանա, երկիրն էլ երկիր կդառնա», դե Ծառուկյանն էլ ասաց, գիտեք` իրա խոսքի տերն ա, կոալիցիոն համաձայնագրով-բանով, երկրի նախագահն էլ հենց երեկ էր ասում` անորոշությունն այնքան էլ վատ բան չէ, վերջը մի բան կորոշենք (խոսքը վարչապետ աշխատելու իր ուզել-չուզելուն էր վերաբերում): Բայց դե ստացվում է, որ ամեն օր մի տասը մարդու մասին ենք պատմում, դեռ տարվա վերջին էլ պետք է էդ 10 մարդու կյանքն ամփոփենք: Մի կողմից` երկիր-ժողովուրդ ես, բա երկրիդ առաջին-երկրորդ-երրորդ դեմքերի մասին չպատմե՞ս, բա ընդդիմությանդ էլիտայի շնչոց-արտաշնչոցը չվկայե՞ս` ժո-ղո-վր-դա-վարական երկիր ենք, բա ոնց: Մի խոսքով, ժողովուրդ ջան, շատ օբյեկտիվ պատճառներով քո մասին չեն թողնում շատ հիշենք` իրենք ու իրենք են: Բայց դե իրենք էլ քեզ համար են, եւ սկզբունքի հետեւից որ գնանք` իրենք քո ծառան են, ու իրենց արածը մեր մտածածով քեզ պիտի հետաքրքրի: Մենք էլ գրում ենք:

Ու հիմա էլ, որ ամփոփելու լինենք` ամփոփելու բան կա:

Լուրջ ամփոփում` եթե կուզեք

Լրջորեն ուզում եմ գալ խմբագրիս ասած երեք կարեւոր քաղաքական իրադարձություններին` էս էՙ կստացվի: Շատ բաներ են կատարվել այս տարի, բայց հավանաբար ամենակարեւոր քաղաքական իրադարձությունն անցնող տարում հենց մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքները դեռ մայիսի 8-ին այնքան էլ կանխատեսելի չէին թվում: Մեկն ասում էր` կարկատանային խորհրդարան է լինելու, մեկն ասում էրՙ ոչ ոք միայնակ չի կարող պարզերես դուրս գալ, թափ հավաքող բարգավաճականները խոսում էին նոր խորհրդարանում 3/4 տեղեր ունենալու մասին, ՀՀԿ-ի մեջքը նոր-նոր էր ուղղվում Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, ընդդիմության տարբեր միավորները եւս խոսում էին խորհրդարանի կեսից ավելին վերցնելու մասին: Տեղի ունեցած ընտրությունները բոլորի ախորժակը դարձրին իրենց վերմակի չափով: ՀՀԿ-ն ստացավ այնպիսի մեծամասնություն, որ ստիպված էր գործակցության գնալ իշխանական մյուս թեւերը ներկայացնող խորհրդարանական հանրության հետ, «Բարգավաճ Հայաստանը», որ ստեղծվել էր խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն ապահովելու առաքելությամբ (հիմա ո՞վ է հիշում դա), ստանալիք տեղերի առումով չբավարարված մնաց, իսկ ընդդիմությունը որպես այդպիսին, նոկաուտի ենթարկվեց ընտրողների կողմից, եւ քաղաքական կյանքի հետագա ընթացքն ու այսօրվա ներկան շատ բանով էին պայմանավորված հենց դրանով: Պահի խնդիրն, այդպիսով, իշխանությունը լուծեց, երկիրը զերծ մնաց ցնցումներից, բայց չի կարելի ասել, որ կուտակված խնդիրները չմնացին: Հատկապես հանրության սոցիալական խնդիրները, որոնք շարժիչ ուժ եւ դրդապատճառ էին հենց խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընտրողի համար, մնացին ու փոխանցվեցին` այսօր էլ սպառնալով նախագահական ընտրություններին նախագահացուին տրվող քվեի շարժառիթ դառնալ: Այո, խնդիրներից շատերը մնացել են, հանրության մեծ մասի համար կյանքը չի փոխվում, բյուջեն ի զորու չէ ամեն օր առաջացող գների հետեւից հասնել: Հասարակ հայ մարդու համար Նոր տարուն հաջորդելու են անփող հունվարի վերջն ու փետրվարի սկիզբը, քանի որ շատերը պարտքով են Նոր տարի անելու, ու հենց այդպես էլ դուրս ենք գալու նոր ընտրություններին ընդառաջ: Չեն թողնում, էլի, կշտացած ու ոչ աչքը կուշտ ժամանակի մեջ ընտրության գնա ժողովուրդը, որ ոչ մեկը չտրվի գայթակղության, ու ոչ մեկը հետո չխոսի ընտրակաշառքից:

Վերադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին` ասենք, որ երկրորդ կարեւոր քաղաքական իրադարձությունը հենց դրա հետեւանքն է: Փաստորեն հունիսից մինչեւ սեպտեմբեր երկիրն առանց ընդդիմության էր: Այսինքն` ընդդիմության միավորներն ու նրանց ղեկավարներն իրենց գրասենյակներում նստած էին, բայց նոկաուտից խելքի չէին գալիս, ու նրանց թմբիրից սեպտեմբերի 21-ին հանեց մի մարդ, ով գիտակցաբար կամ ակամա ստանձնեց ընդդիմության ուժային կենտրոններից մեկը լինելու դերը, եւ էլի ակամա թե գիտակցված` ապագա նախագահական ընտրությունները լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ դարձնելու խնդիրը: Այո, անսպասելիորեն քաղաքական դաշտ վերադարձած Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնությունը խառնեց մի շարք խաղաթղթեր, սակայն ոչ ամենեւին գլխավոր խաղացողի, որովհետեւ նրան (նրանց) անհրաժեշտ էր մի ֆիգուր, ով կհավաքեր գոնե ցրիվ եկած ընդդիմության գոնե մի մասի բեկորները եւ ուժեղ կենտրոն ձեւավորելով` խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժերի հակակշիռ կկազմեր` ապահովելով լեգիտիմ ընտրված նախագահի իրողությունը: Հենց այս տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի վերադարձով, գիտակցված թե ակամա, սա այլ խոսակցության նյութ է: Կարեւորն այստեղ այն է, որ ամեն ինչ տեղավորվում է դասական քաղաքագիտության սխեմաներում: Մնացածն առասպելաբանություն է ու կարեւոր չէ այնքան, թե սխեման ինքն իրե՞ն է ստացվել, թե ինչ որ մեկի պատվիրածն եւ գծածն է. դասական առումով` արդյունքն ավելի կարեւոր է, քան բուն խաղը: Իսկ մնացածը զանազան վերլուծություններ գրողների երեւակայությունից եւ շարժառիթներից է կախված: Ահա սրանք էին այն երկու կարեւոր իրադարձությունները, որոնք որոշելու են նոր հայկական տասնամյակի դեմքը, իսկ մնացած բոլոր քաղաքական իրադարձությունները ստորադաս կամ հետեւանք են սրանց: Այնպես որ խմբագրի ասած երեք կարեւորներին չձգեցի:

Վերադառնալով հասարակ հայ մարդուն

Անառակ որդին վերադառնալով ներում է խնդրում իր ծնողից: Ես էլ նույն վիճակում եմ: Այս տարի քիչ գրեցի ամեն օր խցանված փողոցներում նյարդահան լինող մեր համաքաղաքացիների (հենց մե՛ր) մասին, քիչ եմ մտածել ամեն օր աղբամանները քրքրող անտունների մասին, քիչ եմ հայացք պահել ու անգամ չեմ գրել հենակներով ազատամարտիկ-կնոջ մասին, ով ամեն օր կանգնում է կառավարության կամ Ազգային ժողովի դռանը` սպասելով իր հին ընկերներին, հուսալով, որ նախարար ու պատգամավոր դարձած նրանցից ո՞ր մեկն այդ ամիս կհոգա իր ապրուստը: Այս տարի շատ չեմ պատմել օր-ապրուստ հոգացող հասարակ հայերի մասին, ովքեր բողոք-նամակներ գրելու համար խռնվում են չինովնիկական ընդունարաններում, ովքեր անիրավ օրինապահի ձեռքն են ընկել կամ տուժել են առհասարակ մարդկային անարդարությունից: Ներում եմ խնդրում նրանցից` նոր տարում խոստանալով նրանց հանդեպ ավելի ուշադիր լինել, որովհետեւ այս երկիրը հենց նրա՛նք են, ու առանց նրանց ո՛չ լրագրողն է լրագրող, ո՛չ պետության ղեկավարը` ղեկավար, ո՛չ էլ քաղաքական գործիչը` ինչ-որ կարեւոր բան:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4