Գյումրեցի Համոյի նախամանորյա երազն ու մաղթանքը
Վարպետ Համոն մի երկու լի տոպրակ ձեռքին, հանգիստ ու խաղաղ հայացքով շուրջը նայելովՙ տուն էր դառնում նախամանորյա հերթական գնումներից: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ թոշակ-նպաստից մի քանի դրամ հետ գցելով, իսկ ավելի շատՙ թիթեղագործի իր հին արհեստով մի բան աշխատելով, կարողացել էր նվազագույն չափով ապահովել Նոր տարվա գնումները, որ սեղանը դատարկ չլինի ու եկող-գնացողից չամաչի, իր ու պառավի Նոր տարին շնորհավորելու եկող թոռներին մի բանով ուրախացնի, ինքն էլ ուրախանա նրանց ու աշխարհի հետ, որ տոն է, առատություն եւ ուրախություն: Ոչինչ, որ հետո մի ամիս նեղ կապրեն, էս էլ իր տեղն ունի ու պետք է մարդուն, թե չէ միշտ նեղվելով ու մտածելով ո՞ւր կհասնես: Ամանորյա գնումները համարյա պրծել էր, հացի փողից բացի դեռ մի հինգանոց ուներ պահած, դրանով էլ բաստուրմից, ձիթապտղից մի բան կառներ, կարծես թե պակաս բան չէր մնա:
Համոն ինքն իրենից գոհ մտավ տուն, տոպրակները հպարտ-հպարտ դրեց սեղանին, խոհանոցում ալրոտած իր պառավին մի կատակ-խոսքով նախշեց ու գնաց ներս, մեկնվեց բազմոցինՙ վաստակած հոգնությունից քիչ հանգստանալու: Պառկեց ու քիչ հետո խորասուզվեց...
Մի պահ վարպետ Համոն զգաց, որ շչակի ձայն է լսում: Ձայնը հին հուշեր արթնացրեց, սիրտը շոյեց. այդպես հարազատ քաղաքի երբեմնի տեքստիլ կոմբինատի «գուդոկն» էր հնչում, իր հազարավոր բանվոր-ծառայողներին հրավիրում աշխատանքային հերթափոխի: Մի քաղաք պահող հսկա տեքստիլը վաղուց չկա, իզով-թոզով կորել է ու «տեղը դաշտ է հիմա»: Չկան մյուս գործարանները, ֆաբրիկաները, կա մի կիսակառույց ու չաշխատելուց մեծ մասամբ խեղճության դատապարտված քաղաք: Բայց այս ի՞նչ է, վարպետ Համոն իրեն տեսնում է փողոցում քայլելիս, զարմացած շուրջն է նայում ու...աչքերին չի հավատում: Քաղաքային բազմապատկված տրանսպորտում եռուզեռ է, մարդիկ գործի են շտապում... Հանկարծ միտքը պայծառացավ, ու հիշեց բաներ, որ նախկինում եթե իմանարՙ չէր հավատա: Հա, չէ՞ որ հանրապետության նախագահի ընտրություն էր եղել, ժողովուրդն էր իր ուզածով, ընդհանուր համաձայնության մթնոլորտում ընտրել նոր նախագահին ու, կարծես թե, ամենաճիշտ ընտրությունն էր կատարել: Ընտրվելուց մեկ ամիս հետո նոր նախագահը ծրագրային ելույթ էր ունեցել, այլ հարցերի թվում հատուկ անդրադարձել էր 20-ամյա աղետի գոտու խնդրին ու ասելՙ այս վիճակը ամոթ է մեր պետության համար, ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկելու: Հաջորդ օրը նախագահը դիմել էր համայն հայությանը, համազգային ծրագիր էր կազմվել, անցկացվել էր իրոք համահայկական դրամահավաք-մարաթոնՙ բոլոր հայ գաղթօջախների, Հայաստանի Հանրապետության ու հայ Արցախի ամեն մի հայի մասնակցությամբ: Հավաքված հսկայական միջոցներին պետությունն էլ իրենն էր ավելացրել ու գործի էր անցել: Գյումրին ու Շիրակի մարզը հայտարարվել էին, էն ինչ են ասո՞ւմ. հա, զարգացման հատուկ գոտի, դրանից բխող հատուկ ծրագիր էր կազմվել, տեղական ու արտասահմանյան ներդնողների էին խրախուսել, բերել, արդյունաբերություն էր սկսել աշխատել: Ուղղակի հրաշք էր: Վարպետ Համոյի սիրտն ուռչում էր: Որ տեղ տան, վստահենՙ այս տարիքում ինքն էլ կլծվի հարազատ քաղաքի շենացման գործին, մի բանով օգտակար կլինի: Գյումրին, երբեմնի հպարտ Գյումրին, որ ոտքի կանգնիՙ պարտքի տակ չի մնա, ինքը երկրին, հայ ժողովրդին իր աշխատանքով բազմապատիկը կհատուցի:
Համոն հաճելի զարմացած քայլում ու մտածում էրՙ այս բոլորն ախր ինչպե՜ս էր մոռացել: Քայլում ու ամեն կողմից լսում էր շինարարի մուրճի արդեն մի քանի տարի լռած զնգոցը, որ հիմա իր ականջներում հնչում էր որպես սիրտ թունդ հանող երաժշտություն: Հիշեց. «Հայլուրով» հայտնել էին, որ Գյումրիում երկրաշարժից անօթեւանների համար այս տարի երկու հազար, հաջորդ տարիՙ եւս այդքան բնակարան է կառուցվելու-հանձնվելու, ու եկող տարվա վերջում քաղաքում ոչ մի տնակաբնակ անօթեւան չի լինելու: Դրա համար ողջ հանրապետությունից շինարարական բրիգադներ ու տեխնիկա են բերել, այստեղ նախարարներ են նստում-հսկում, ու գործը եռում է: «Փառք քեզ, Տեր, ղուրբանդ էղնիմ», ուրախությունից հուզված մրմնջաց տարիքն առած վարպետն ու շտապեց տան կողմՙ կնոջը, զավակներին, հարեւաններին աչքալուսանք տալու, քանի որ չգիտես ինչուՙ նրանք ոնց որ թե այս ամենից անտեղյակ էին:
«Համո, ա՛յ Համո, զարթնի՛ր», այստեղ լսեց կնոջ ձայնն ու... արթնացավ: «Համո, գազի տղեքը եկել են, գազն անջատում են, հազար դրամ վառած գազի ու երեք հազար դրամ ներտնային ծառայության պարտք ունենք»: Ուրեմն տեսածը երազ էր եղել: Համոն դեռ շշմածՙ գրպանից մեքենայորեն հանեց հինգ հատ հազարանոցից չորսը, տվեց կնոջն ու նստեց: Դե, բաստուրմեն ու ձիթապտուղը էս անգամ, ոչինչ, յոլա կգնանք: Իսկ ահա տեսած երազը մտքից դուրս չէր գալիս: Մտածեց-մտածեց ու չուզեց հավատալ, որ դա իրականություն չէր: Հետո մի քիչ էլ մտածեց ու...հավատաց երազին: Հավատաց, որ իրականում մի օր հենց այդպես էլ կլինի: Կնոջը կանչեց, լցրեց իր եւ նրա բաժակը գորիսեցի հին ընկերոջից բաժին ստացած թթի թունդ օղին: Ու չնայած Նոր տարվա գալուն դեռ օր կար, կյանքում շատ բան տեսած վարպետը առավ բաժակն ու իր հոգուց բխած մաղթանքն արեց:
Ասացՙ թող ամենից առաջ երկիր-աշխարհքին խաղաղություն, հացինՙ էժանություն ու մահին թանկություն լինի, թող շեն ու ծաղկուն լինի մեր Հայաստան երկիրը, ու թող պայծառ լինի մեր զավակների, թոռների ապագան: Ասացՙ թող թասիբ ու նամուսն իշխի մեզ բոլորիս, մեր երկրի ղեկավարներին, մեծ ու փոքրին, որ բարին անպակաս լինի էս հողից, էս երկրից: Վարպետ Համոն խորապես հավատաց, որ այդ դեպքում մի օր մեր երկրում էլ ամեն ինչ իր տեղը կընկնի ու բոլոր դժվար խնդիրները կդառնան լուծելի:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ