Ֆուտբոլային արձակուրդներն ավարտվել են եւ Հայաստանի առաջնության մասնակից թիմերը սկսել են նախապատրաստությունը նոր մրցաշրջանին: Դեկտեմբերի 10-ից մարզումներն է սկսել հանրապետության արծաթե մրցանակակիր «Բանանցը», որը մեր թիմերից առաջինը կմտնի մրցասպարեզ: Ինչպես հայտնի է, երկրորդ տարին անընդմեջ «Բանանցը» «Փյունիկի» փոխարեն Հայաստանը կներկայացնի ԱՊՀ երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» մրցաշարում, որն այս անգամ անցկացվելու է հունվարին Սանկտ Պետերբուրգում:
Թիմը մարզումներն անցկացնում է սեփական մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում: Դա կարեւոր հանգամանք է, քանի որ Սանկտ Պետերբուրգում մրցաշարն անցկացվելու է հենց նմանատիպ մարզասրահում: Առայժմ «Բանանցի» պարապմունքներին մասնակցում են միայն տեղացի ֆուտբոլիստները մարզիչ Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ: Իսկ գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովն ու թիմի լեգեոնականները կոլեկտիվին կմիանան Ամանորից հետո:
«Բանանցի» կազմում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմի ղեկավարությունը հրաժարվել է դարպասապահ Նենադ Ռադաջայի եւ կիսապաշտպան Սուրեն Սարգսյանի ծառայություններից: Արամ Հակոբյանի պայմանագրի ժամկետը լրացել է եւ այն չի երկարաձգվի: Հակոբյանն առայժմ մարզվում է «Ուլիսի» հետ: Գեւորգ Ղազարյանը, որ մրցաշրջանի 2-րդ կեսում վարձավճարով հանդես եկավ «Բանանցում», վերադարձել է «Փյունիկ»: Թիմի հինգ ֆուտբոլիստներ` Ռոմեո Ջենեբյանը, Կարեն Սիմոնյանը, Հովհաննես Գրիգորյանը, Ստեփան Ղազարյանը եւ Արամ Բարեղամյանը վիրահատությունից հետո սկսել են մարզումները:
Ընթացիկ առաջնությունում իրենց լավ դրսեւորած Արարատ Առաքելյանով ու Սամվել Մելքոնյանով հետաքրքրվում են Գերմանիայի, Շվեդիայի եւ Դանիայի մի քանի ակումբներ: Եվ հավանականությունը մեծ է, որ այս ֆուտբոլիստների տեղափոխման հարցը դրականորեն լուծվի: Ինչ վերաբերում է լեգեոնականներին, ապա սպասվում է, որ թիմի դարպասապահ Դմիտրի Պիվովարենկոն, պաշտպան Անդրեյ Չերեւկոն, կիսապաշտպան Նոա Կասուլեն կշարունակեն ելույթները «Բանանցում»:
Ինչպես հայտնի է, «Համագործակցության գավաթի» մրցաշարում «Բանանցն» ընդգրկված է «D» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ուկրաինայի չեմպիոն Կիեւի «Դինամոն», բելառուսական ԲԱՏԷ-ն եւ Ուզբեկստանի ամենատիտղոսակիր ակումբը` Տաշքենդի «Պախտակորը»: Ամենայն հավանականությամբ Կիեւի «Դինամոն» Սանկտ Պետերբուրգում հանդես կգա երկրորդ կազմով:
Հիշեցնենք, որ անցած խաղարկությունում, այս տարվա հունվարին Մոսկվայում կայացած մրցաշարում «Բանանցն» ընդգրկված էր «C» խմբում, որտեղ հայ ֆուտբոլիստների մրցակիցներն էին Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» (երկրորդ կազմը), Տաշքենդի «Պախտակորն» ու Լատվիայի «Վենտսպիլսը»: «Բանանցն» անհաջող հանդես եկավ մրցաշարում` այդպես էլ չճաշակելով հաղթանակի քաղցրությունը: Առաջին խաղում ՀՀ փոխչեմպիոնը ոչ-ոքի (2-2) ավարտեց հանդիպումը «Շախտյորի» հետ, ապա 0-3 հաշվով զիջեց «Պախտակորին»: Ավարտական խաղում կրկին ոչ-ոքի (2-2) խաղալով «Վենտսպիլսի» հետ, «Բանանցը» դուրս մնաց հետագա պայքարից: Հարկ է խոստովանել, որ «Բանանցին» իրոք ուժեղ մրցակիցներ էին բաժին ընկել: Դա է վկայում այն փաստը, որ եզրափակիչում պատվավոր մրցանակը վիճարկեցին հենց «Բանանցի» երկու մրցակիցները` «Պախտակորը» ու «Վենտսպիլսը»: 11 մ հարվածաշարով (հիմնական ժամանակը` 0-0) հաղթող ճանաչվեց «Պախտակորը»:
«Բանանցը» Սանկտ Պետերբուրգ կմեկնի հունվարի 18-ին: Հաջորդ օրը մեր թիմն անդրանիկ խաղում ուժերը կչափի ԲԱՏԷ-ի հետ: Հունվարի 20-ին «Բանանցի» մրցակիցը կլինի «Պախտակորը», իսկ երկու օր անց հայ ֆուտբոլիստները կմրցեն Կիեւի «Դինամոյի» հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ