«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


96 ՏՈԿՈՍԱՆՈՑ «ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ» ՆԱԽԱԳԱՀԱԾ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է 52 ՏՈԿՈՍՈՎ

Ընտրությունների վրացական նոր փորձ` բարձր մասնակցությամբ ու առանց երկրորդ փուլի

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հույսերն, առավել եւս կանխատեսումները, թե 2007-ի նոյեմբերի 2-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում մեկնարկած ընդդիմության ցույցը կարող էր հանգել առնվազն երկփուլ նախագահական արտահերթ ընտրությունների, ամենայն հավանականությամբ չդարձան իրականություն: Ամեն դեպքում, քանի դեռ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հրապարակել պաշտոնական ու վերջնական արդյունքները հունվարի 5-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրության, ներկա դրությամբ, երկրորդ փուլին տանող ոչ մի հիմք չկա:

Հետաքրքրական է, որ դեռեւս 2004-ի նախագահական ընտրություններում 96 տոկոս ձայն ստացած Միխեիլ Սաակաշվիլին այս անգամ պիտի «բավարարվի» միայն 50 տոկոսի փոքր գերազանցությամբ: Արդեն իսկ հաշվարկված քվեաթերթիկների տվյալներով, Սաակաշվիլու օգտին է քվեարկել ընտրողների մոտ 52 տոկոսը:

Այն հանգամանքը, որ, մի կողմիցՙ տարբեր դիտորդական առաքելություններ նշել են ընտրախախտումների մասին` չխոսելով ընտրությունների արդյունքների վրա դրանց հնարավոր ազդեցության մասին, մյուս կողմիցՙ ռուսաստանյան դիտորդները խախտումների բազմաթիվ լինելու առնչությամբ միակարծություն են հայտնել վրացական մի շարք ՀԿ-ների, նաեւ լրատվամիջոցների հրապարակումների հետ, ավելի հավանական է, որ ոչ մի ազդեցություն չունենա արդեն իսկ արմատավորվող այն իրականության վրա, թե արտահերթ ընտրությունների հաղթողը Սաակաշվիլին է: Եվ դա այն դեպքում, երբ ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն, նույն պաշտոնական, բայց դեռ նախնական տվյալներով, ստացել է ձայների մոտ 26 տոկոսը:

Տարբեր են, սակայն, քվեարկության նախնական արդյունքները Թբիլիսիի եւ տարածաշրջանների համադրությամբ: Մասնավորապես, թիֆլիսաբնակ ընտրողները նախընտրել են ընդդիմության միասնական թեկնածուին. ընդ որում, զգալի տարբերությամբ: Թբիլիսիի 10 շրջաններից 8-ում Լեւան Գաչեչիլաձեի գերազանցությունը կազմել է մոտ 15-20 տոկոս` ընդհանուրից մոտ 45 տոկոս քվե ստանալու տարբերակով այն դեպքում, երբ իշխող կուսակցությունը ներկայացնող Միխեիլ Սաակաշվիլու օգտին քվեարկել են 26-27 տոկոսի չափով: Թբիլիսիի հայաշատ թաղամասերի քվեարկության արդյունքներում յուրօրինակ հավասարակշռություն կա ընդդիմության միասնական եւ իշխանության թեկնածուների միջեւ:

Ինչ վերաբերում է տարածաշրջաններին, այն էլ ազգային փոքրամասնությունների հավաք բնակությամբ, ապա, որքան էլ կանխատեսելի էր, այստեղ ավանդույթը չի խախտվել: Մասնավորապես, մեծապես հայաբնակ Սամցխե-Ջավախեթիում եւ ադրբեջանական Քվեմո-Քարթլիում (կարելի է ամենայն վստահությամբ գուշակել, թե որքանով նախնական արդյունքները կհամապատասխանեն վերջնական ամփոփմանը) ձայների գերակշիռ տարբերությամբ հաղթել է իշխող կուսակցությունը ներկայացնող Սաակաշվիլին:

«Ազգի» տեղեկություններով, նշված տարածաշրջաններում հատկապես ընտրություններին մասնակցությունը բավականին ցածր է եղել: Չնայած դրան, մասնավորապես, արդեն իսկ հայտարարվել է, թե Սամցխե-Ջավախեթիի մի քանի շրջաններում մասնակցությունը կազմել է ավելի քան 55 տոկոս:

Թերեւս կարելի է եզրակացնել, թե տարածաշրջաններում Սաակաշվիլուն շարունակում եւ էլի շատ ավելի են «վստահում», քան մայրաքաղաքում: Ամեն դեպքում, ընդդիմությունը պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները, հատկապես որ, ընդդիմության միասնական թեկնածու Գաչեչիլաձեի իսկ խոսքերով, Սաակաշվիլու օգտին ձայների տոկոսը վերջնականում կներկայացվի որպես առնվազն 52,8` բնականաբար անհնար դարձնելով երկրորդ փուլի անցկացումը:

Միեւնույն ժամանակ, ընդդիմության տվյալներով, թեեւ հաղթողը կրկին Միխեիլ Սաակաշվիլին է, սակայն նրա եւ Լեւան Գաչեչիլաձեի ձայները բաշխված են 40/39 հարաբերակցությամբ: Ընդ որում, ընտրություններին մասնակից մոտ 2 միլիոն ընտրողները զգալի քվեներ են տվել նաեւ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլուն եւ վրաց լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլուն` 6,5-ական տոկոս:

Ինչեւէ, հետեւելով միջազգային արձագանքներին, տպավորություն կարելի է ձեւավորել, թե Արեւմուտքի «հավատը» Սաակաշվիլու հանդեպ ավելի է, քան որեւէ ընդդիմադիր վրաց գործչի նկատմամբ: Ավելին, արեւմտյան կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, «հորդորում են» ընդդիմությանը «հարգանք դրսեւորել ժողովրդավարական գործընթացների հանդեպ», այն է` ընտրությունների արդյունքների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4