«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Հունվարի 6-ի ուշ երեկոյան հնգօրյա պաշտոնական այցով Վաշինգտոն է ուղեւորվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այցը, CNN-ի տվյալներով, իրականացվում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հրավերով եւ 12 տարվա ընդմիջումից հետո միայն: Այսինքնՙ Թուրքիայից նախագահի մակարդակով պաշտոնական վերջին այցելությունը ԱՄՆ 1996-ին կատարել է Սուլեյման Դեմիրելը:

Այցի ծրագրի համաձայն, այսօր նախագահ Գյուլը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ, ապաՙ փոխնախագահ Դիք Չեյնիին եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին: Հանդիպումների ավարտին նրան Սպիտակ տանը կընդունի նախագահ Ջորջ Բուշը:

Ենթադրվում է, որ պետքարտուղար Ռայսի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահը կանդրադառնա Իրանի եւ Իրաքի խնդիրներին, իսկ նախագահ Բուշի հետ կքննարկի PKK-ի դեմ համատեղ պայքարին, Իրաքի քաղաքական ճակատագրին, տարածաշրջանի զարգացումներին, տարածաշրջանի էներգատարներին, Բալկաններին, Կոսովոյին, ղարաբաղյան հակամարտությանը, Կիպրոսին եւ վերջապես «Ցեղասպանության հայկական պնդումներին» առնչվող խնդիրները:

Հունվարի 9-ին Վաշինգտոնից Աբդուլլահ Գյուլը կմեկնի Նյու Յորք, որտեղ կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունինՙ կենտրոնանալով, ըստ երեւույթին, Կիպրոսի հիմնահարցի վրա: Իսկ հաջորդ օրը Թուրքիայի նախագահը կընդունի ԱՄՆ-ի հրեական կառույցների ներկայացուցիչներին, հրավիրելու համար նրանց ուշադրությունը Հայոց ցեղասպանության բանաձեւերի վրա: Հունվարի 11-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն, ավարտելով ԱՄՆ կատարած այցը, Նյու Յորքից կուղեւորվի Անկարա:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4