Երեւանն էլի անտեր է, փողոցներն էլի` առանց մաքրելու
Նախընտրական շրջանն իր յուրահատկություններն ու արդեն չգրված օրենքներն ունի: Մասնավորապես, աշխարհում ամեն ինչ կարելի է խոստանալ, ամեն ինչ կարելի է մատուցել որպես իրականություն եւ դրա համար ոչ մեկի մտքով իսկ չի անցնի բողոքի կամ դժգոհության որեւէ ցույց անել, որեւէ արտահայտություն ցույց տալ: Ինչպես ասում են` դա արդեն սովորույթի խնդիր է:
Ամեն տարի աշնան վերջին երեւանյան իրականության համար պարտադիր են դառնում «Ձմռանը` միշտ պատրաստ» պիոներական կարգախոս հիշեցնող թաղապետական հայտարարությունները: Տեսնես ո՞ւմ են խաբում, ո՞ւմ աչքին են աղ, ներեցեք, թոզ փչում, թե էս մայրաքաղաք Երեւանի փողոցները ձմեռն էլ ամառվա պես, եղանակային պայմանների առումով, նորմալ երթեւեկելի են լինելու:
Խոստանում են, խոստանում, բայց հետո, երբ գալիս է ձմեռը, հետն էլ ձյուն է բերում, երեւանյան վարորդներն էլի «անալի» փողոցների չմաքրված իրավիճակի առաջ են կանգնում, ավելի ճիշտ` այդ իրավիճակի վրայով սահում են, կարծես օպերայի լճակը մեծացրել է մասշտաբները:
Ամենաթեթեւ ձյունն իսկ 90-ականների սկզբներն է հիշեցնում, երբ երկրիս դարդը փողոց մաքրելը չէր: Մինչդեռ այնպիսի խոստումներ են տալիս, թե մեքենաներն ու աղ-ավազը կազմ, պատրաստ կանգնած են, որ քիչ է մնում մոռանաս, թե որտեղ ես ապրում: Բայց դե ձյունը որ գալիս է, ձնահավաք մի մեքենա իսկ չես գտնի քաղաքում:
Ինչեւէ, պարզվում է, երեւանյան փողոցներում, ինչպես եւ մեր իրականության մեջ, պատահում են նաեւ բացառություններ: Ի՞նչ երեւանյան փողոց... Հարկ եղած դեպքում «բացառությունը» ընդգրկում է թեկուզ Երեւան-Ծաղկաձոր ճանապարհահատվածը եւ այն պարզ պատճառաբանությամբ, որ այդ օրը կամ այդ ժամին ճանապարհն այդ հատելու է երկրի նախագահը:
Հարգելի հանրապետության նախագահ: Միայն իմ ցանկությամբ չէ, այլ շատերի խորհրդով դիմում եմ Ձեզ, որպեսզի Դուք Երեւանում եւ ընդհանրապես հանրապետությունում տեղաշարժվելիս հաճախակի փոխեք երթուղիները, քանի որ դրանք միշտ անցանելի են դառնում ձեր ուղեւորություններից անմիջապես առաջ: Իսկ եթե Երեւանի քաղաքապետն էլ, թաղապետների ձեռքը բռնած, ներեցեք, ընկերակցությամբ մի քիչ պտույտ տա մայրաքաղաքի փողոցներում, ապա մի քանի անգամ սայթաքելուց հետո գուցեեւ որոշվի, որ հարկ է ժամանակին եւ կարգով մաքրել ձնոտ փողոցները:
Է... իբր ո՞ւմ եմ ասում: Տեսնես կգա՞ մի օր, որ Հայաստանում թեթեւ ձյան պատճառով աներթեւեկելի չդառնան փողոցներն ու հանրապետական մայրուղիները, որ իրականություն դառնան մեծամեծների խոստումները: Թե չէ մի տեսակ տխրում ես այս քաղաքում, որտեղ, օրինակ, տաքսու վարորդը նույն այս սառցակալած փողոցներում մի ծերունու ու աղջկա սահելով գրեթե տակովն է անում, հետո էլ, սեփական մեղքը «չգիտակցելով», հանգիստ հեռանում: Կամ նույն սառցակալած փողոցը հատելու համար մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կասկադյորական որակներ են դրսեւորում, իսկ սառած ձնով պատված մայթերին կանգնող ուզածդ մեքենան տեղապտույտների «հաճույքն» է պատճառում վարորդներին:
Ասում են` հույսը վերջինն է մեռնում: Աչքիսՙ հույսը սառել է, ուղղակի մենք դեռ տաք ենք...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ