Նույն խնդությունն է սպասում մեր մյուս գյուղերին
«Տեխնոստանդարտ» ՍՊԸ-ի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի ու նրա գործընկերների նախագծած ու փորձարկած DVH տիպի տարբեր հզորության համակցված հելիոհամակարգերը Հայաստանի բնակլիմայական պայմաններում օգտագործելու մասին «Ազգը» գրել էր անցած տարեսկզբին (31 հունվարի, 2007): 3.5 կվտ հզորությամբ այդ հելիոհամակարգերը նախատեսված են կենցաղային տաք ջուր ստանալու եւ գյուղմթերքներ վերամշակելու համար: Առաջին գյուղը, որ անցած տարվա ընթացքում դարձավ հելիոֆիկացված, Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղն էր: Այդ հիրավի ուրախալի իրադարձությունը մեծ հանդիսությամբ կնշվի առաջիկայում: Վահան Համազասպյանի ոգեւորությունը չափազանց մեծ է, քանի որ Սառնաղբյուրին կհաջորդի Հայաստանի մյուս գյուղերի հելիոֆիկացումը, ինչը հետ կբերի 40 տոկոս էներգախնայողություն, էներգետիկ բարձր կենսունակություն, գյուղացիների սոցիալ-տնտեսական կյանքի բարվոք վիճակ, զարգացման լայն հեռանկարներ: Սառնաղբյուրի հելիոֆիկացման շնորհանդեսին պատրաստվում են ամենայն բծախնդրությամբ, նույնիսկ սեփական հիմնով, որի հեղինակը բանաստեղծ Ժիրայր Մշեցին էՙ
Աստծո արարեալ, արեգակն արդար,
Լույսի ջերմության աղբյուր կենարար,
Բանական մարդը կամքով իր ազատ,
Ավերակում է տունն իր հարազատ:
- Պրն Համազասպյան, նախապես շնորհավորելով Ձեզ Սառնաղբյուրի գյուղի հելիոֆիկացումն ավարտելու առիթով, կցանկանայինք տեղեկանալ, թե ի՞նչ ծրագրեր ունեք, ո՞ր գյուղերին եք պարգեւելու արեւի կենարար էներգիան:
- Նախ ասեմ, որ մեր ստեղծած DVH տիպի արեւային համակարգերը նմանակը չունեն աշխարհում: Դրանք հագեցած են ժամանակակից սարքավորումներով եւ իրենց սպառողական հատկանիշներով բավականին շահավետ արտադրանք են: Հիմքից մինչեւ գործառույթների բազմազանությունը մեզ թույլ է տալիս հաստատել, որ գործ ունենք միջազգային շուկայի պահանջները բավարարող համակարգի հետ: Էական է նաեւ այն, որ այդ սարքերի նախագծման ժամանակ հաշվի են առնվել մեր գյուղերի բնակլիմայական պայմանները: Համոզված ենք, որ դրանց արտադրությունը կիրագործենք նաեւ Հայաստանի մյուս գյուղերի համար: Արդեն իսկ Տավուշի 6 գյուղերի գյուղապետներից ստացել ենք հելիոֆիկացման ծրագրի մեջ ընդգրկվելու առաջարկներ:
- Իսկ գործարար աշխարհի հետ կապեր ստեղծե՞լ եք, կա՞ն հետաքրքրվողներ, թե՞ այդ սարքերից ստացված շահույթը մեզանում դեռեւս չի գիտակցվում:
- Հելիոսարքերի ստեղծման ընթացքում ձեւավորվեց գործարար մարդկանց մի ամբողջ ցանց, որի միջոցով այսօր հնարավոր է իրականացնել սերիական արտադրություն: Արեւային սարքերը հայերիս համար ոչ միայն էներգիա ստանալու աղբյուր են, այլեւ մեծ նշանակություն ունեն արտահանման առումով, քանի որ արտաքին շուկա դուրս գալու հիանալի հնարավորություններ ունեն: Ի սկզբանե նպատակ էինք դրել լուծել մեկ շատ կարեւոր հարցՙ ստեղծել այնպիսի արտադրատեսակ, որը կփոխարինի հայկական 150 խոշոր ձեռնարկությունների այն արտադրատեսակներին, որոնք կոնվերսիայի պատճառով շուկայից դուրս էին մնացել 1985 թվականից ի վեր: Նախագծված հելիոֆիկացման համակարգերն առնչվում են մեր արդյունաբերության մեջ ներկայումս զարգացում գտած մի շարք ուղղություններիՙ մեքենաշինություն, հաստոցաշինություն, էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, կապի միջոցներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ: Ամբողջ ծրագրի իրականացումը թույլ կտա Հայաստանում ստեղծել մոտ 20 հազար աշխատատեղ ու հետզհետե հզորանալով տնտեսական գործոնից կվերաճի քաղաքականիՙ մեր երկրին խիստ պատիվ բերող: Գլոբալ տաքացման համաշխարհային խնդիրն աչքի տակ առնելով, մոտ ապագայում կունենանք մեր ուրույն տեղը դրա դեմ պայքարող երկրների կողքին:
- Սառնաղբյուրի հելիոֆիկացման շնորհանդեսին, որքան գիտեմ, հրավիրելու եք գլոբալ տաքացման դեմ պայքարող միջազգային հայտնի դեմքերի:
- Այո, հրավեր ենք ուղարկել Առնոլդ Շվարցենեգերին, Ալբերտ Գորին, Անգելա Մերկերին, որոնք խորապես մտահոգված են եւ ամեն ինչ անում են դրա կարգավորման համար: Հույս ունենք, որ այս շնորհանդեսը համաշխարհային ճանաչում կբերի մեր հելիոպոլիգոնինՙ այն դարձնելով արեւային տեխնոլոգիաների կիրառման միջազգային կենտրոն: Սառնաղբյուրի հելիոֆիկացման առաջին արդյունքները մեր մասնագետներին ցույց կտան բիզնեսի այս ոլորտում մենաշնորհային դիրք գրավելու եւ պահպանելու ավելի ռեալ ուղիներ:
Մեզ համար չափազանց կարեւոր է հելիոտեխնիկայի բնագավառում համահայկական բիզնես կազմակերպելու խնդիրը, որի լուծումը կախված է հայաստանցի եւ սփյուռքահայ գործարարների համագործակցությունից: Նրանց մեկտեղելու համար ունենք հիանալի պայմաններ. Երեւանի Աջափնյակ թաղամասում գործող «Սպիտակ» գիտական առողջարարական կենտրոնն ունի գիտնականների աշխատանքի եւ հանգստի համար անհրաժեշտ ամեն հարմարություն: Այդ կենտրոնում ձգտում ենք ստեղծել բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի սփյուռքի եւ օտար գործարարների հնարավորություններն ու կարողություններն օգտագործելուն: Շատ կարեւոր է, որ մեր գործարարները հոգատար լինեն դրսից ներդրումներ կատարողների նկատմամբ: Այս առումով ողջունում ենք սփյուռքահայերին եւ օտարներին հայկական բիզնեսում ներգրավելու նախագահի ու վարչապետի մոտեցումը:
- Փաստորեն «Սպիտակ» կենտրոնը կարելի է համարել նաեւ բիզնեսի զարգացման կենտրոն:
- Այո, վերջերս մեզ համար ոգեւորիչ էր կենտրոնի բաժնետերերից մեկիՙ ակադեմիկոս Նիկոլայ Բեխի հետ հանդիպումը: Նա մտադիր է Հայաստանում կազմակերպել սարքերի հավաքման գործարան, այդ նպատակով հանդիպեց էներգետիկայի նախարարի հետ ու ստացավ նրա համաձայնությունը: Բեխը մեզ հետ այցելեց Մատենադարան, ուր խոստովանեց, որ հայերն իրոք ամենա-ամենա-ամենա են եւ Հայաստանում հնարավոր է մեծ ծավալի աշխատանքներ կատարել: Նրան միայն անհանգստություն պատճառեց մեր որոշ պաշտոնյաների ոչ բարեհաճ վերաբերմունքը կենտրոնի նկատմամբ, քանի որ բացի իրենից այնտեղ ընդգրկված են Ռուսաստանի առաջին վարչապետ Իվան Սիլավեւը, Աբել Աղանբեկյանը եւ ուրիշներ: Մտահոգիչ է նաեւ այն, որ այս կենտրոն տանող ճանապարհները բարեկարգ չեն, շրջափակված է հարեւան կառույցներով, մինչդեռ պետք է լիներ բոլորի ուշադրության կենտրոնում:
- Ի՞նչ եք կարծում, նախագահական ընտրությունները որեւէ ազդեցություն կունենա՞ն տեխնիկական համակարգերի ասպարեզում, եւ ո՞ր թեկնածուի հետ եք առանձնակի հույսեր կապում:
- Ամեն մի գործարարի համար գլխավորը երկրի կայունությունն է ու քաղաքական ուղու շարունակությունը: Շատ չխորանալով կուսակցությունների ու նախագահի թեկնածուների մարդկային բնութագրի մեջ, ասեմ, որ բացի մեկից, մյուսներն ընդունելի են: Այդ մեկի իշխանության գալը կոնկրետ ինձ ցանկալի չէ, որովհետեւ այս կարեւոր փուլում երկիրը չի կարող որեւէ մեկի համար փորձադաշտ դառնալ: Մեր առաջնային նպատակը միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը բարձրացնելն է, գիտնականներն ամեն ինչ պիտի անեն զարգացած երկիր ունենալու համար, որովհետեւ մեր ժողովուրդն արժանի չէ մի կերպ գոյատեւելու, բարեկեցիկ կյանքի եզրից կառչելու: Դրա համար պետք է առաջին հերթին շենացնել մեր գյուղերը` ամայացման վտանգը մեկընդմիշտ հեռու վանելով:
Հարզացրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ