«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ՀԵՌԱՑՈՂ ԴԵՄՔԵՐ. ԵՂԻԱ ՆԱՋԱՐՅԱՆ (1934-2008)

Երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո հունվարի 6-ին Բեյրութում մահացել է արեւելագետ, խմբագիր, ՀՀ ԱԺ 1995-1999 թթ. գումարման պատգամավոր, ՀՀ-ում Սոցիալ-դեմոկրատ կուսակցության փաստական հիմնադիր եւ երկարամյա ղեկավար Եղիա Նաջարյանը:

Բեյրութում 1934-ին ծնված Եղիա Նաջարյանը եղավ 20-րդ դարի երկրորդ կեսի աղմկահարույց գործիչներից թե՛ սփյուռքում եւ թե՛ հայրենիքում: 1950-ականների կեսերին աշխատանքի անցնելով Բեյրութի «Այգ» ՀՅԴ-ամետ օրաթերթում, նա 1958-ին հրապարակեց «Դաշնակ ղեկավարութիւնը օտարի ծառայութեան մէջ» գիրքը, որը նույն տարին վերահրատարակվեց: Այդ հրատարակությունից գազազած դաշնակցական ղեկավարությունը որոշեց սպանել հեղինակին, որը խորհրդային համապատասխան մարմինների օժանդակությամբ անհետացավ Բեյրութից եւ հայտնվեց... Երեւանում: Այստեղ նա աշխատանքի անցավ Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի արաբագիտության բաժնում եւ պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն, հեղինակեց գիտական բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնցից Երեւանում տպագրված «Արաբական ազգային-մշակութային զարթոնքը» մենագրությունը դամասկոսաբնակ բարերար Վարուժան Սալաթյանի հովանավորությամբ արաբերենի թարգմանվեց Պողոս Սարաջյանի կողմից եւ մի քանի տարի առաջ միաժամանակյա հրատարակվեց Սիրիայում ու Եգիպտոսում` արժանանալով արաբական գիտամշակութային շրջանակների բարձր գնահատանքին:

Եղիա Նաջարյանը հայկական հասարակական կյանքի կենտրոնում մեկ էլ հայտնվեց 1988-1998-ին: Երեւանում արցախյան շարժման բռնկումից մեկ տարի հետո նա հայտնվեց Բեյրութում, ուր եւ Հայկական ժողովրդային շարժման օժանդակությամբ մրցանիշային արագությամբ (1989-ի առաջին կեսին) լույս տեսավ նրա «Արցախեան հարցի սեւ թղթածրարը» մատենաշարի առաջին գիրքը, որն այդ շարժման պատմությունը գրելու առաջին փորձն է (ձեռագրի էջերի լուսանկարների ֆիլմը հեղինակը կարողացել էր փախցնել սահմանից): Մատենաշարի երկրորդ հատորը, վերջնականորեն շարված, խմբագրված ու սրբագրված, այդպես էլ լույս չտեսավ միջոցների բացակայության պատճառով (առաջին հատորը հրատարակվել էր Նաջարյանի ցուցումով ՀԺՇ-ի տղաների կազմակերպած մի ապօրինի ակցիայից ստացված գումարով... ): Այս մատենաշարում հեղինակն աներկբայորեն կանգնում էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամների կողքին, որոնք այդ օրերին դեռեւս գտնվում էին խորհրդային բանտում: Հիշյալ գիրքն ու «Հզբոլլահի» հոգեւոր առաջնորդ սեյյիդ Մուհամմադ Հուսեյն Ֆադլալլայի հետ Եղիա Նաջարյանի հանդիպումը հունից հանել էր Բեյրութի խորհրդային դեսպանությանը:

Երեւան վերադառնալով, Ե. Նաջարյանն անցավ հասարակական ակտիվ գործունեության: Նրա խմբագրությամբ 1990-ի մայիսի 19-ին լույս տեսավ «Փյունիկ» «հասարակական-քաղաքական անկախ պարբերականի» առաջին` զրոյական համարը: Մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբերի 22-ը 16 համար լույս տեսած այս պարբերականի աշխատակիցների կորիզը կազմում էին երիտասարդ եւ միջին սերնդի արեւելագետները, որոնք հաջորդ տարիներին կարեւոր պաշտոններ զբաղեցրին ՀՀ պետական եւ ուսումնագիտական ոլորտներում (Արշակ Փոլադյան, Շահեն Կարամանուկյան, Գառնիկ Ասատրյան, Պողոս Սարաջյան եւ այլն): «Փյունիկի» հեղինակներից արաբագետ, վաղամեռիկ Ալեքսան Խաչատրյանն էլ եղավ Նաջարյանի անդավաճան գործակիցը նաեւ կուսակցական կառույցում: Մեծ եղավ Եղիա Նաջարյանի ներդրումը անկախության ուղին բռնած հանրապետությունում ՍԴՀԿ-ի վերակենդանացման գործում: Գրեթե մեկ տասնամյակ նա եղավ ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետն ու «ՍԴՀԿ Հայաստանի կենտրոնական պաշտոնաթերթ» «Հնչակ Հայաստանի» շաբաթաթերթի խմբագիրն ու թերթի նյութերի հիմնական հեղինակը (գործածում էր բազմաթիվ կեղծանուններ): 1993-ին որոշ համարներ պարզապես «Հնչակ» անունով լույս տեսած այս թերթը հայկական ավանդական կուսակցությունների առաջին պաշտոնաթերթն էր ՀՀ-ում (առաջին համարը լույս է տեսել 1990-ի հոկտեմբերի 20-ին): Թերթը ՀՀ պարբերական մամուլի պատմության մեջ նշանավորվում է եւս մեկ փաստով. եղավ վերջին պարբերականը (դադարեց 1998-ի կեսին), որը շարվում էր լինոտիպ եղանակով` մինչդեռ համակարգչային շարվածքը լինոտիպ շարվածքին դուրս էր մղել ՀՀ մամուլից տարիներ առաջ: Դա ավելի շուտ Եղիա Նաջարյան անհատի ինքնատիպության արտահայտությունն էր:

Եղիա Նաջարյանի հարաբերությունները ՍԴՀԿ արտասահմանի ղեկավարության հետ ընդհանրապես հարթ չեն եղել: Վերջինս Նաջարյանին մեղադրում էր իր տրամադրած միջոցներն աննպատակ վատնելոււ կամ յուրացնելու մեջ, իսկ Նաջարյանն այդ ղեկավարությանը` խոստումները չկատարելու եւ անբավարար օգնություն տրամադրելու մեջ: Այս ներքին խոհանոցը ամբողջությամբ երեւան եկավ 1998-ի կեսերին, ինչը եւ Նաջարյանին մղեց հեռանալու ոչ միայն կուսակցական ղեկավարությունից, այլեւ հասարակական, քաղաքական եւ գիտական որեւէ լուրջ գործունեությունից: Ե. Նաջարյանը նույն տարվա սկզբին մեկ ուրիշ հարված էլ էր ստացել, երբ նրա սիրելին` ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «հայտնի հանգամանքների բերումով» իր հրաժարականն էր ներկայացրել: ՀՀ ԱԺ առաջին գումարման ավարտից հետո Ե. Նաջարյանը, կուսակցական ընկերների խարդավանքներից ծայր աստիճան հուսախաբ, հայտնվեց Բեյրութում` առավելապես իր կրտսեր դստեր` Վիքիի խնամքի ներքո, եւ պատմության համար հեղինակեց ՍԴՀԿ-ի ՀՀ-ում վերածննդի եւ կուսակցության սփյուռքի ու հայրենիքի ղեկավարությունների միջեւ հարաբերությունների պատմությունը, որը չորս պրակներով լույս տեսավ սահմանափակ` ընդամենը 50 օրինակ տպաքանակով` նորից ՀԺՇ տղաների օգնությամբ:

Հոգեկան հարվածներից եւ ոգելից խմիչքների ու հատկապես ծխախոտի մտերմությունից քայքայված առողջությամբ Եղիա Նաջարյանը Բեյրութի մերձակա մի արվարձանում ապրեց մեկուսի, ցավոք, կտրված, այլեւս հիասթափված հայությունից եւ ՀՀ պետությունից: ՀՀ-ում նրա ամենից մտերիմ բարեկամներն էին եզդիներն ու տերպետրոսյանականները, իսկ Լիբանանում` ՀԺՇ-ի տղաքը: Բացի նրանցից` մյուսներին ոչ ուզում էր տեսնել, ոչ էլ նրանց անունը լսել:

Եղիա Նաջարյան հրապարակագրի գրիչը չափից ավելի սուր էր, կրքոտ, հատող, կտրող-փշրող, հաճախ նաեւ անբարո: Նա չէր խորշում ամենածանր որակումներ տալուց իր ու մանավանդ Լ. Տեր-Պետրոսյանի ընդդիմադիրներին, երբեմն պատշաճության սահմանն էլ անցնելով` հասնելով վիրավորանքների, նույնիսկ հայհոյանքների: Հրապարակագրության մեջ էլ Եղիա Նաջարյանը եղավ ու մնաց ինքնատիպ:

Համոզված ենք, որ ամենազոր ժամանակն ու պատմությունը կտան իրենց ճշմարիտ եւ անաչառ գնահատականը Եղիա Նաջարյան քաղաքական գործիչին: Օղորմի հոգուն:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4