«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ՏՈՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՄԻԱՊԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոգեմաշ ձանձրույթ նույն դեմքերից

Յուրաքանչյուր Ամանորից առաջ, երբ աշխատանքից ազատ մի քանի օրվա հանգիստ ենք ունենում եւ ներքուստ մտածում տոնական օրերը հեռուստացույցի առջեւ անցկացնելու մասին, տոների ամբողջ ընթացքում հասկանում ենք, որ խորապես հիասթափվել ենք, որ հեռուստացույցի առջեւ նստելն ու մոտ 20 հեռուստաալիքների վրայով արագ-արագ «անցնելը» անարդյունք մի բան է` ո՛չ հոգիդ է ջերմանում, ո՛չ էլ մի բան ես սովորում: Հեռուստաեթերի մեղկությունն ավելի է ընդգծվում հատկապես այն հանգամանքով, որ շուրջ 20 հեռուստաալիքներ ունենք, բայց նրանք ոչ միայն չեն ապահովում ցանկալի բազմազանությունն ու հետաքրքրությունը, այլեւ շատ քիչ բաներով են տարբերվում միմյանցից` թերեւս միայն հեռուստաընկերության խորհրդանիշերով (լոգո):

Ու՞մ են հարկավոր այդքան հեռուստաալիքները, երբ գրեթե բոլորը պետք է ցուցադրեն հիմնականում մեր էստրադայի կամ, այսպես կոչված, շոու-բիզի նույն ներկայացուցիչների նույն կատարումները: Անհասկանալի է արտոնագիր ստանալու, հետո նաեւ արտոնագրի ժամկետը երկարացնելու համար պայքարելու մեր հեռուստաընկերությունների մղումը, եթե հեռուստաեթերում պետք է կրկնվի նույնը, եւ որեւէ այլ մոտեցում չդրսեւորվի: Նույն դեմքերով այնքան է խեղդվել եւ ծանրացել հեռուստաեթերը, որ հեռուստացույցի վահանակով ալիքները փոխելիս կարծես չես զգում, որ դրանք տարբեր հեռուստաալիքներ են: Շատ քիչ սյուժետային տարբերություններով եւ սցենարական աննշան տարբերություն ունեցող լուծումներով նույն մարդկանց քեֆը, նույն երգիչ-երգչուհիների կատարումները մատուցվում են որպես տոնական հեռուստաարտադրանք` միայն եղեւնիների եւ տոնական արդուզարդի առկայությամբ ընդգծելով, որ համերգը կամ հաղորդումը տոնական է: Այս տարվա «նորույթը» նախորդ տարիների հաղորդումների ցուցադրումն էր: Նույն դեմքերով տոնական հաղորդումների ցուցադրմանը զուգահեռ հեռուստաեթերը «խեղդվել էր» կրկնություններով:

Ինչպես ընդունված է, ամենապահանջկոտը Հանրային հեռուստաընկերության նկատմամբ ենք, որովհետեւ Հանրայինը պետական հեռուստատեսությունն է, գործում է ժողովրդի գումարներով, հետեւաբար ամենաշատ սպասելիքներն ունենք այս հեռուստաընկերությունից: Հանրային հեռուստաընկերության հիմնական տոնական հաղորդումը հանրածանոթ «Երկու աստղ» հեռուստանախագծի մասնակիցների «իրարանցումն էր»: Հանրայինի տոնական հաղորդումից առաջ «Քեֆ էր անում Աշոտ Ղազարյանը», տոնական հաղորդումից հետո` «Էլի քեֆ էր անում Աշոտ Ղազարյանը»: Ջերմ էր Հանրայինի հեռարձակած հատուկ նշանակության երգերը: Արդեն որերորդ տարին շատ այլ հաղորդումների կողքին (ընդ որում, ոչ միայն Հանրայինում) կրկնվեցին «Մեր բակը» ֆիլմի 3 մասերի ցուցադրությունները:

«Հ2», «ԱրմենԱկոբ», «Արմենիա», «Երկիր մեդիա» եւ «Հայ TV» հեռուստաընկերությունների «ամանորյա նախապատրաստությունը» սեփական հաղորդումները տոնական միջավայրում նկարահանելով էր սահմանափակվել: Տոնական միջավայրում, եղեւնիների ֆոնին նկարահանված հաղորդումներն արդեն համարվել էին տոնական: Նույնանման եւ գրեթե նույնաբովանդակ հաղորդումներին առանձին-առանձին անդրադառնալու կարիք չկա, ընդամենը փաստենք, որ ժողովուրդը չափազանց հոգնել է միապաղաղությունից, իրենց անգնահատելի համարող էստրադայի աստղերից, նրանց եթեր հեռարձակողներից: Ինչ խոսք, էստրադայի ներկայացուցիչներն այս օրերին լավ «գրդոն» արեցինՙ մի հեռուստատաղավարից մյուսն անցնելով ու նույն երգերը կրկնելով, բայց դե, ինչպես ասում են, խիղճն էլ լավ բան է (տեսնես, նրանք կանոնավոր վճարո՞ւմ են հարկերը):

Հաջողված էր «Հ2» հեռուստաընկերության «Էլի մեկ ձայն» հումորային հաղորդումը, որն, ի դեպ, հետաքրքրական է նաեւ «սովորական» օրերին: Այս հեռուստաընկերության հաղորդումներից կարելի է առանձնացնել «Միսս աշխարհի թագուհի» շոուն: Ընտանեկան, մշակութային ուղղվածություն ունեցող «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության տոնական հաղորդումներից առանձնահատուկ էր «Մրցում են գուսանները» հեռուստանախագծի եզրափակիչ համերգը, որի ժամանակ լավագույն գուսանին հեռուստաընկերությունը պարգեւատրեց 1 միլիոն դրամով: Ի դեպ, այս նախագիծը բավական լավ ընդունելության է արժանացել հեռուստադիտողների կողմից:

Քիչ թե շատ հետաքրքրական էր «Երկիր մեդիա»-ի ցուցադրած «Ոսկե քնար» ամենամյա մրցանակաբաշխությունը: «Ռադիո Վանի» այս նախագիծը հետաքրքրական է նրանով, որ փորձ է արվում գտնել-ներկայացնել նոր դեմքերի, որոնց սակայն լավ կլիներ չսպառնար էստրադայի մյուս ներկայացուցիչների հեռանկարը: Ամեն դեպքում, նոր խոսքի, նոր մոտեցման կարիքն ակնհայտ է: «Արմենիա» եւ «Հայ TV» հեռուստաընկերությունները եւս լեփլեցուն էին նախորդ տարիների տոնական հաղորդումներով: Տարբեր հեռուստաալիքներով նախորդ տարիներին պատրաստված հաղորդումների կրկնությունները հուշում էին մեկ բան, որ լուրջ հաղորդումներ պատրաստելու ցանկությամբ մեր հեռուստաընկերությունները «չեն տառապում»: Էստրադայի ներկայացուցիչներին արդեն ֆիքսված գումարը վճարելով, մի փոքր բեմական դրվագներով կարելի է խնդրին լուծում տալ, էլ ինչ կարիք կա թանկարժեք եւ որակյալ հեռուստաարտադրանքի մասին մտածել:

Այ, հենց այսպես չի մտածել «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունը: Շատ հաճելի է, որ կար մյուսներից քիչ թե շատ տարբերվող մի հեռուստաալիք, ում թողարկումներից դրական ընդգծումներ կարելի է անել: «Շանթը» կարծես մի փրկօղակ էր տեղական հեռուստաարտադրանքը համաշխարհային նշանակության նախագծերով, շոուներով եւ մրցանակաբաշխություններով փոխարինելու: Տոնական ամբողջ օրերին հեռուստաընկերությունը ցուցադրում էր բացառիկ իրավունքով ձեռք բերած մի շարք շոուներ եւ մրցանակաբաշխություններ` «Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխություն-2007», «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն-2007», համաշխարհային սպորտի ամփոփիչ «Լաուրեուս-2007» մրցանակաբաշխությունը, «Լատինաամերիկյան Գրեմմի-2007», ինչպես նաեւ «Վիկտորիա սիքրեթս շոու» նախագիծն ու «Միսս տիեզերք-2007» գեղեցկության մրցույթը:

«Շանթը» հեռուստադաշտից սկսեց առանձնանալ իր «Հայ սուպերսթար» եւ «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծերի ցուցադրությամբ: Այս նախագծերի արդյունքում «զտված» երիտասարդ կատարողներն էլ զարդարել էին «Շանթ»-ի տոնական եթերը` հնչեցնելով 70-ականների սիրված երգերը: Գրավիչ էր նաեւ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը, ով երկուական օրերով հյուրընկալել էր քաղաքական գործիչներին եւ «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալի դերասաններին: Վերջում նրանց վաստակած գումարն ուղղվեց բարեգործական նպատակի: Այս ամենն իհարկե «Շանթին» էլ հեռու չպահեց ժողովրդին կրկնություններով ձանձրացնելու «առիթն» օգտագործելուց:

Անցավ եւս մեկ Ամանոր, եւս մեկ առիթ, որով հեռուստաընկերությունները կարող էին բարձրացնել իրենց հեղինակությունը: Իհարկե, դժվար է բոլոր հաղորդումներից արտակարգ որակ ակնկալել, քանի որ մեր հեռուստաարդյունաբերությունը դեռ բավական հեռու է միջազգային կամ ընդունված մյուս չափանիշներից: Լավը չլինելու համար մեր հեռուստաընկերություններն ունեն նաեւ մեկ օբյեկտիվ պատճառ` նրանք չունեն այն մարդկային ռեսուրսը, որոնցով տարիներ շարունակ ջերմացել է մեր հեռուստաեթերը: Մարդկային ռեսուրսի, պատրաստված կադրերի բացակայության հանգամանքին էլ գումարվում է «բիզնես մտածողությունն» ու արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք: Որքան էլ հեռուստատեսությունը բիզնես է, սակայն չպետք է մոռանալ, որ վատ ապրանքը տարիներով մնում է խանութներում, իսկ այն արտադրող ընկերության համար պատրաստված լավագույն գովազդն անգամ հակառակ էֆեկտն է ունենում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4