Հայազգի երեսուն արվեստագետների ստեղծագործություններն են ցուցադրվել Թրայբեկայի (Նյու Յորք) «Այկոսահեդրում» պատկերասրահի ցուցասրահներում դեկտեմբերի սկզբներին բացված երկօրյա 58-րդ տարեկան ցուցահանդեսում, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ներկայացված են եղել Էլիզ Ալահվերդյանի, Նշան Ակգյուլյանի, Հայկ Առուստամյանի, Զաբել Արթինյանի, Թալին Բերբերյանի, Ադրինե Տեր-Մարտիրոսյանի, Էռնա Բարսեղյանի, Վալենտին Մելիք-Աղամիրյանի, Գեւորգ Մուրադի, Քրիստոֆեր Գասպարյանի եւ քսան այլ արվեստագետների ստեղծագործությունները, որոնց թվում են եղել ինչպես յուղանկարներ, թվային տպագրության գործեր, այնպես էլ լուսանկարներ:
«Արվեստագետների այս շքահանդեսը հնարավորություն է տալիս նոր անունների բացահայտմանը», նշել է Նյու Յորքի Հայ ուսանողների ասոցիացիայի վարչության անդամ Րաֆֆի Հովսեփյանը, ավելացնելով, որ նկարների ընտրությունը կատարում է ճանաչված արվեստագետներից կազմված հեղինակավոր մի հանձնախումբ: