«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ՆԿԱՐԻՉ ՀՐԱՆՏ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԲՈՄ

Գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի 90-ամյակի առիթով լույս է տեսել իր նկարներից կազմված ալբոմը: Այդ գունազարդ հրատարակությունը 500 տպաքանակով տպագրվել է նկարչի որդու` Արշակ Ստեփանյանի հովանավորությամբ:

Կատալոգում ներառված են Հ. Ստեփանյանի ստեղծագործության տարբեր ժամանակաշրջանների 25 նկարներ, որոնցից երեքը` «Հայերի գաղթը», «Ինքնանկար» եւ «Ձկնորսները» գտնվում են ՀՀ Ազգային պատկերասրահում: Իսկ ընդհանրապես նրա նկարները ցուցադրված են աշխարհի տարբեր երկրների ցուցասրահներում, թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում ` Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Լոնդոնում, Նյու-Յորքում, Հռոմում, Փարիզում եւ այլ քաղաքներում: Ալբոմը առանձնանում է նրանով, որ այնտեղ զետեղված են նկարչի մասին մեր հայ անվանի գործիչների խոսքը:

Նկարիչը ծնվել է 1918 թվականին Ալեքսանդրապոլում, մահացել է 1980 թվականին Երեւանում: Ավարտել է Երեւանի գեղարվեստական տեխնիկումը եւ Ռիգայի գեղարվեստի ակադեմիան: 1946 թվականին սովորել է արվեստագետ, պրոֆեսոր Արիյ Սկրիդեի արվեստանոցում, որտեղ ուսանողական տարիներին մեկընդմիշտ կողմնորոշվել է` ուղի ընտրելով ռեալիզմի մեթոդը:

Հ. Ստեփանյանը ուներ լայն ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակ` ստեղծելով տարբեր ժանրերի բազմաթիվ գործեր` պատմական, կենցաղային թեմաներով պատկերներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ծովանկարներ` դրանցում հավասար ուժով դրսեւորելով իր վարպետությունը: Սակայն նկարչի իսկական տարերքը դիմանկարն է: Ինչպես նշել է մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը. «Հրանտ Ստեփանյանի ստեղծագործական աշխատանքները պատիվ են բերում ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ Սովետական Միության ժողովուրդներին»: Իսկ Սիլվա Կապուտիկյանի խոսքերով, նա 20-րդ դարի հայ նկարիչների աստղաբույլի ամենավառ աստղերից մեկն է: «Ինչ էլ, որ նկարում է նա, լինի դիմանկար, նատյուրմորտ, թե բնանկար, դրանք բոլորը, իրապաշտական ուղղվածությամբ հանդերձ, համակված են մի ռոմանտիկ շնչով, քնքուշ ու նուրբ տրամադրվածությամբ, սրտագրավ մի մթնոլորտով», գտնում է մեծ բանաստեղծուհին: ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի կարծիքով. «Հրանտ Ստեփանյանի գեղանկարչությունը 50-60-ականների մեր կերպարվեստի ինքնատիպ ձեռքբերումներից է: Իսկ գունային եւ կոմպոզիցիոն համակառուցվածքն ու լուսաստվերի թափանցիկությունը արվեստագետի ստեղծագործություններին հաղորդում են կենդանի էներգիա, սլացիկություն ու բնական թրթիռ»:

Արշակ Ստեփանյանը, որը նպատակ է դրել ներկայացնելու այսօրվա արվեստի սիրահարներին իր հոր ստեղծագործական ժառանգությունը, խոստովանում է, որ «նկարչին քարոզելը դժվար բան է, ինչը պահանջում է շատ ժամանակ, քանի որ գեղանկարչությունը` դա երաժշտություն չէ, որ մի անգամ հնչելով ռադիոյով, կարող է համաշխարհային ճանաչում ունենալ»: Ալբոմի առաջին էջերում նկարչի համառոտ կենսագրականն է` 6 լեզվով, որի անգլերենը թարգմանել է նրա թոռնուհի Սեդա Ստեփանյանը:

Արվեստի սիրահարները կատալոգը կարող են ձեռք բերել Երեւանի գրախանութներում:

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4