«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


40-ԱՄՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԱԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՆԽՄԱՆՆ Է ՆՊԱՍՏՈՒՄ

Բուհախեղդ մեր երկրում մեկ անգամ չէ, որ իրավասու անձինք ու պաշտոնյաներն ընդգծել են բարձրագույն կրթության մակարդակի բարձրացման եւ այդ կարգի կրթություն տվող ուսումնական հաստատությունների մրցակցության խթանման կարեւորությունը: Որոշ գործնական քայլեր նշվել են, բայց եւ ընդգծվել, որ ցանկալի արդյունքը դեռեւս հեռու է իրականությունից: Այդ իրականությունը որքանո՞վ է հասանելի Գորիսի պետական համալսարանին` որոշակի վիճակագրությամբ հաստատված չէ, բայց համալսարանի գոյությունն արդեն չորս տասնամյակով է չափվում: 1967-ին է հիմնադրվել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը Գորիսում, 1984-ին վերակազմավորվել է որպես Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղ, ապա եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղ, իսկ 2006 թվականին վերակազմավորվել է որպես Գորիսի պետական համալսարան (ԳՊՀ): Այսօր ունի 2 հազար ուսանող, դասավանդում են 9 դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների 30-ից ավելի թեկնածուներ: Կրթօջախը երկար տարիներՙ խորհրդային ժամանակաշրջանում եղել եւ այսօր էլ մասնագիտական կադրերի դարբնոց է մնում տարածաշրջանի եւ Արցախի համար: Ներկայումս ԳՊՀ-ն ունի մյուս բուհերից ոչ շատ պակաս պայմաններ եւ ուսուցման մակարդակ, ապացույցըՙ բակալավրի որակավորում ստանալուց հետո մայրաքաղաքի բուհերում մագիստրական ուսումնառության ընթացքում ԳՊՀ շրջանավարտների բարձր առաջադիմությունն է: Այնուամենայնիվ, ինչպես ԳՊՀ ռեկտոր Յուրի Սաֆարյանն է ասում. «Այսօր մենք բավարարում ենք Հայաստանում ընդունված կրթության միջին մակարդակը, ինչը վատ ցուցանիշ չէ»: Դրանով հանդերձ պետական համալսարանի գոյությունը Գորիսում ինքնին կարեւոր է եւ բուհի վերակազմավորումը հնարավորություն է ընձեռել ինքնուրույն գործելու. «Կարող ենք եւ տարբեր մասնագիտությունների դասավանդման համար դասախոսների ենք հրավիրում: Իհարկե, դա միանգամից թռիչք չի ապահովում գիտելիքների հաղորդման հարցում, սակայն ձեռքբերումները ժամանակի խնդիր են», գտնում է ԳՊՀ ռեկտորը: Ձեռքբերումների ապահովման համար, բնականաբար, կարեւորվում է տեխնիկական զինվածությունը: Չնայած վերջերս բուհի խորհրդի անդամ Լեւոն Սարգսյանը քիմիական լաբորատորիա է նվիրել ԳՊՀ-ին, սակայն տեխնիկական զինվածության առումով անելիքը շատ է: Ռեկտորը ներկայումս խիստ կարեւորում է կիրառական մեխանիկայի լաբորատորիա ձեռք բերելն ու դրա տեղադրման համար Գորիսի հատուկ դպրոցը տեղակայող համալսարանի մասնաշենքի վերադարձը: Սա խնդիրների ամբողջությունը չէ, որ ծառացած է ԳՊՀ ղեկավարության առջեւ: Զուտ ուսումնականից զատ կան նաեւ կենցաղային խնդիրներ, որոնց լուծման համար ռեկտոր Յուրի Սաֆարյանի կարծիքով գուցե թե օգներ քաղաքական փոքր-ինչ ակտիվությունը. «Այդ դեպքում, հավանաբար, կարողանայինք, օրինակ, քաղաքային իշխանություններից պահանջել, որ բարեկարգման առումով հավասար աչքով նայեն ուսանողական թաղամասին, որտեղ մի քանի ուսումնական հաստատություններ կան եւ որտեղ վթարային վիճակում է ողջ թաղամասի կոյուղին»:

Ի դեպ, ԳՊՀ հոբելյանի կապակցությամբ տեղում եղել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, երկրի տարբեր բուհերի ղեկավարներ եւ արարողության ելույթներում ընդգծել ԳՊՀ գործունեության կարեւորությունը: Նախարարը մասնավորապես ասել է. «Այս հոբելյանը սոսկ կրթական հաստատության հոբելյան չէ. հավաքվել ենք մի տարածաշրջանում, որը տարիներ ի վեր ազգային մտածելակերպի կրթության խորհրդանիշ է: Այստեղ իսկապես պարարտ հող կա կրթության գործը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այնպես պետք է անենք, որ ունենանք միջազգային մակարդակի կրթական հաստատություն»: Գորիսի համալսարանը, բացի բուն կրթական խնդիրներ լուծելուց, մեծապես նպաստում է ըստ էության ոլորտին չառնչվող հարցերի լուծմանը. «Ոչ պաշտոնական վիճակագրությամբ մայրաքաղաք ուսանելու մեկնած երիտասարդներից շատ քչերն են վերադառնում հայրենի քաղաք: Այս առումով, մեծամտորեն չհնչի, բայց Գորիսի պետական համալսարանը նպաստում է նաեւ արտագաղթի կանխմանը», հավաստեց ԳՊՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Յուրի Սաֆարյանը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4