«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ՍԱՀԱԴԱՇՏԸ` ՍԱՀԵԼՈ՞Ւ, ԹԵ՞ «ԱՂՋԻԿ ԽՈՍԵՑՆԵԼՈՒ» ՎԱՅՐ

Մեր հայրենակիցներից շատերի, մասնավորապես` երիտասարդների համար Երեւանի քաղաքապետարանի կառուցած «Կարապի լիճ» սահադաշտը հաճելի անակնկալ դարձավ: Փաստորեն` սիրված Կարապի լիճը արդեն երրորդ տարին դեկտեմբերից մինչեւ փետրվար վերածվում է մի գեղեցիկ սառցե հատակի, ծառայելով որպես նոր զվարճանքի վայր:

Սակայն մեր երիտասարդները հասկանո՞ւմ են սահադաշտի բուն իմաստը, թե՞ այն ուղղակի ծառայում է որպես եւս մեկ վայր, որտեղ կարելի է ծանոթություններ հաստատել: Հարցին ավելի ճշգրիտ պատասխան ստանալու նպատակով որոշեցինք ինքներս մի քանի օր այցելել սահադաշտ եւ զրուցել դրա «հյուրերի» հետ:

Պատկերը կարծես թե կանխատեսելի էր. երիտասարդներից շատերը, մասնավորապես տղաները, գալիս են սահադաշտ ընդամենը երկու կամ երեք նպատակով: Առաջինը (եւ նրանց համար, կարծես թե, ամենակարեւորը) աղջիկների հետ ծանոթանալն է: Ոչ այնքան երկրորդականն էլ` սահողներին դիտելն ու նրանց ծաղրելը: Ոմանց համար անչափ հաճելի հանգամանքը ժամանակակից երաժշտությունն է, որ բարձր լսվում է սահադաշտի շրջակայքում:

Սակայն շատերն էլ սահադաշտ են գալիս մեզ համար, կարծես թե, ոչ այդքան ավանդական մարզաձեւում իրենց ուժերը փորձելու համար: Կան աղջիկներ եւ տղաներ, ովքեր արդեն բավականին վարժ են տիրապետում գեղասահքի կանոններին...

Ինչպես նշում է սահադաշտի «մշտական հաճախորդներից» մեկը դարձած երիտասարդ վարսահարդար Տաթեւիկ Հարությունյանը. «Սահադաշտի կառուցումը իրոք հիանալի գաղափար էր, այն մի մեծ նվեր եղավ ինձ ու ընկերներիս համար»: Այստեղ հաճախող տղաներից մեկն էլ հետեւյալ կարծիքը հայտնեց. «Ինձ սահադաշտն էլ է դուր գալիս, եկողներն էլ, համ էլ ծանոթներիս եմ այստեղ հաճախ հանդիպում»:

Եվս մի հետաքրքրական փաստ արձանագրվեց` ոմանք արդեն իրենց սեփական չմուշկներն ունեն:

Որպես տեղեկատվություն նշենք, որ այցելուին տրվում են չմուշկներ, մեկ ժամ սահելու դիմաց պետք է վճարել 1000 դրամ: Բացի այդ, հաճախորդին տրամադրվում է պահոց (բանալիով հանդերձ), որտեղ նա կարող է թողնել իր իրերը: Սահադաշտի շրջակայքում պաստառներ են տեղադրված, որոնք հիշեցնում են, որ ծխախոտով, խմիչքով եւ որեւէ տեսակի զինամթերքով սահադաշտ մտնելն արգելված է:

Իհարկե, ամեն մի նորամուծություն ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր ունի: Այս դեպքում, կարծում ենք, դրականը գերակշռում է, քանզի սահադաշտը շատերի համար նոր եւ միաժամանակ օգտակար ու հաճելի անակնկալ դարձավ:

Խմբ. կողմից.- Ոչ մի տարօրինակ բան չկա այն բանում, որ տղաները սահադաշտ են գնում աղջիկների հետ ծանոթանալու: Ընդհակառակն:

ԱՆՆԱ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4