«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ՈՂԲԵՐԳԱԲԱՐ ԶՈՀՎԵՑ ՆՇԱՆԱՎՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Ողբերգական դիպվածի զոհ դարձավ Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային թիմի վետերան Վյաչեսլավ Համբարձումյանը: Հարեւան շենքից տուն վերադարձող մարզիկին հարվածել է պատահական մի ավտոմեքենա: Գանգուղեղային եւ ուրիշ ծանր վնասվածքներ ստանալով, նա վախճանվել է հիվանդանոցում, այդպես էլ գիտակցության չգալով:

68-ամյա նշանավոր ֆուտբոլիստը խաղացել է մի շարք խորհրդային ակումբներում, սակայն նրան ճանաչում բերած լավագույն տարիներն անցել են «Սպարտակում», որտեղ նա անցկացրել է 173 հանդիպում եւ խփել 31 գոլ:

Վյաչեսլավ Համբարձումյանը ծնվել է Մոսկվայում: «Սպարտակի» կազմում 1969-ին շահել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը: 1963-ին դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, 1968-ինՙ արծաթե, 1970-ինՙ բրոնզե մեդալակիր: Այնուհետեւ երկար տարիներ զբաղվել է պատանեկան ու վետերանական ֆուտբոլով:

Խորհրդային մեր սերունդը լավ է հիշում մոսկվացի հայրենակցին: Մենք հպարտանում էինք, որ երկրի մայրաքաղաքի այդ տարիների ամենահայտնի թիմում կան երկու հայՙ նրա երկարամյա գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը եւ առաջատար խաղացող Վյաչեսլավ Համբարձումյանը: Երեւանումՙ «Արարատի» հետ հանդիպումների ժամանակ մարզադաշտում հակառակորդ թիմի կազմում հնչող նրանց ազգանունները «բացառության կարգով» ուղեկցվում էին ծափահարություններով...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4