«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ԲԱՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ

Ներկա նկատառումը շարադրելուց առաջ բառարանում նայեցիпародистբառի թարգմանությունըՙ պարոդիստ գրող, ծաղրերգու, ծաղրապատճենող, ծաղրեպատկերող: Հազիվ թե հաջող վերարտադրություններ են, ուստի առայժմ օգտագործենք հենց «պարոդիստ» բառը:

Հայաստանի հանրային հեռուստատեսությանՙ սփյուռքի համար նախատեսված հեռուստածրագիրը, ըստ իս, պետք է կազմվի առանձնակի նրբանկատությամբ, նկատի ունենալով արտերկրի հայության պահանջմունքներն ու ընկալման յուրահատկությունները: Ահա եւ մի խումբ հայ ջահելներ, ըստ երեւույթին մոսկովյան «Կոմեդի քլաբի» նմանակությամբ, Երեւանում եթերով համերգ էին տալիս ու այդ ընթացքում երիտասարդ մի պարոդիստ զավեշտի ենթարկեց հանրապետության մի շարք անվանի մարդկանց, այդ թվում նաեւ... Ամենայն հայոց կաթողիկոսին: Երեւույթն անսպասելի էր ու, անկեղծ ասած, տհաճՙ համենայն դեպս մոսկովյան մի ընտանիքում Ամանորի կապակցությամբ հավաքված հայերի համար: Մանրո՞ւք է սա, ոչ արժանի հիշատակության: Չէի ասի: Հասկանում ենք, որ Հայաստանում դեմոկրատիա է եւ ով ինչ ուզում է, անում է ու ասում: Զարմանալի է, նույնիսկ համատարած աստվածամերժության խորհրդային տարիներին մեր ժողովուրդը չէր կորցրել իր խոր հարգանքը մեր եկեղեցու հանդեպ, խոնարհվելով նրա բազմադարյան առաքելության առջեւ, եթե տեւական ժամանակաշրջաններ նա իր վրա վերցնելով նաեւ պետության գործառնություններ, պահպանել է ազգի գոյատեւումը: Իսկ ահա, ինչպես ասվեց, նորաթուխ «դեմոկրատիայի» ամենաթողության պայմաններում դալար մի արտիստ, որ երեւի չգիտի էլ, թե ինչ բան է եկեղեցին, համայն հայությանն է ներկայացնում իր հոգեւոր անկատարության դրսեւորումը:

Պարոդիան երգիծական ժանր է եւ իրավունք ունի գոյության: Սակայն երբ արտիստներն այն չարաշահում են, ապա վերածվում է սեփական ստեղծագործական ամլության նշանի: Բաներ կան, որ, այնուամենայնիվ, պետք չէ անել:

Ռուսաստանի հիրավի տաղանդավոր պարոդիստ Մաքսիմ Գալկինը, որը «ծաղրապատճենում» է երկրի գրեթե բոլոր հայտնի մարդկանց, երբեք իրեն թույլ չի տվել իջնել այն աստիճանի, որ փորձի ծիծաղ առաջացնել ի դեմս Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի: Նման տխմար գաղափար երեւի նրա մտքով չի էլ անցնում: Իսկ Հայաստանում, տեսե՜ք, կարելի է:

Դե, մենք, գերժամանակակից ազգ ենք...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4