«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2007-12-28 | #242, 2007-12-29 | #1, 2008-01-08


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍԲ. ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ Է

Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնը վերջին տարիներին մեծ ճանաչում ձեռք բերեց: Արարատյան հայրապետական թեմը տոնի առթիվ ամեն տարի երիտասարդների համար բազմաթիվ տոնախմբություններ, մրցույթներ, վիկտորինաներ, համերգներ է կազմակերպում: Սբ. Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 21-ին: Ավանդույթի համաձայն, Արարատյան թեմը, շարունակելով տոնախմբությունների շարքը, հայտարարում է մի շարք մրցույթներ, երեկ այդ մասին տեղեկացրին թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը եւ Շահե քահանա Հայրապետյանը: Վերջինս պատմեց տոնի խորհուրդն ու կարեւորությունը, նշեց, որ երիտասարդներն այսօր էլ հնագույն ավանդույթներին հետեւելով, աղի բլիթ են ուտում, փոխինդով լի մատուցարան դնում պատուհանին, որ Սբ. Սարգսի սպիտակ նժույգի սմբակի հետքը գտնեն եւ այլն:

Էլզա Մանուկյանը տեղեկացրեց, որ հունվարի 7-17-ը կընդունվեն մրցույթին ներկայացվող աշխատանքներն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում: Մրցանակային ֆոնդը 1.625.000 դրամ է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ու կհանձնվեն մրցանակներ հունվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կայանալիք համերգային ծրագրի ընթացքում:

Մրցույթին կարող են մասնակցել պատմվածքների, նկարչության եւ ֆոտոռեպորտաժի անվանակարգերովՙ ներկայացնելով Սբ. Սարգիսՙ մեր սիրո բարեխոս, մեր ամուր ընտանիքի բարեխոս, «Ամուր ընտանիք, ամուր հայրենիք», «Մենք ստեղծեցինք մեր հայեցի ընտանիքը» իրական պատմություններ թեմաներով: Առաջին մրցանակի համար նախատեսվել է 150.000 դրամ, երկրորդիՙ 100.000, երրորդի համար 50.000 դրամ, կլինեն նաեւ խրախուսական մրցանակներ:

Մրցույթի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք օգտվել թեմի ինտերնետային կայքիցՙ www.qahana.am կամ զանգահարել 58-47-22 հեռախոսահամարովՙ մամլո դիվանին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4