ԱԳՆ-ն ամփոփում է 2007-ը որպես արդյունավետ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արտաքին քաղաքականության առումով 2007 թվականն արդյունավետ գնահատելով` արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց մի շարք հանգամանքներ, որոնք շարունակում են ազդել տարածաշրջանի իրավիճակի վրա: Մասնավորապես, դա փակ հայ-թուրքական սահմանն է, ռուս-վրացական լարված հարաբերություններն ու Հայաստան-Ռուսաստան գծի չգործող ցամաքային ճանապարհը, Իրան-Արեւմուտք եւ ԱՄՆ-Ռուսաստան լարվածությունը, մեր տարածաշրջանի չլուծված հակամարտություններն ու դրանց առնչությամբ ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) գործունեության ակտիվացումը, Կոսովոյի խնդիրն ու Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի շուրջը ստեղծված իրավիճակը եւ այլն:
Հակառակ այս ամենին, ըստ Օսկանյանի, արտաքին քաղաքականության առումով Հայաստանը հետքայլ չի արել, իսկ մայիսյան խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական գնահատականը զգալի ամրապնդեց Հայաստանի վարկանիշը: Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց կա խնդրի միջազգային ընկալման կտրվածքով, եւ շատ զուտ նախագծային գաղափարներ էլ քննարկումների ոլորտից տեղափոխվել են մասնագիտական ոլորտ: Դրանցից նախարար Օսկանյանը նշեց Իրան-Հայաստան երկաթուղու, ուրանի արդյունահանման, նավթավերամշակող հայ-իրանա-ռուսական գործարանի նախագծերը:
Եվրոպական հարեւանության առումով էլ առաջ ենք գնացել, իրագործումից չի շեղվել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը. սփյուռքի հետ համագործակցությունում էլ շարունակում է առաջնային դիտարկվել գյուղական համայնքների զարգացման ծրագրի իրականացումը: Արդյունավետ է եղել նաեւ մշակութային դիվանագիտությունը` ամենից առաջ Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմամբ:
Սումգայիթում էթնիկ զտման փորձը` ստատուս քվոյի անդարձելիության հիմք
2008 թվականի կտրվածքով ամենից առաջ Վարդան Օսկանյանը նշեց սպասվող նախագահական ընտրությունները, որոնց արդար եւ թափանցիկ անցնելու դեպքում «միանշանակորեն կամրապնդվեն Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում»: Այդ ընտրությունները բավականին մեծ նշանակություն են ձեռք բերում` նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում նոր մասնակից է ձեւավորվելու` ի դեմս Հայաստանի նոր նախագահի: Ամեն դեպքում, նոր նախագահի պարագայում էլ նախարար Օսկանյանը հույս ունի, որ բանակցությունների ստեղծված հիմքը կպահպանվի, հատկապես որ նոր նախագահից նոր ակնկալություններ կարող են լինել:
Այս տարվա փետրվարի 28-ին լրանում է սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցը: Այդ առնչությամբ արտգործնախարարությունը եւս ծրագրեր ունի, հատկապես որ հենց սումգայիթյան դեպքերը` որպես էթնիկ զտման փորձ, ղարաբաղյան հակամարտության ռազմական բաղադրիչի սկիզբը դրեցին: Ըստ այդմ էլ պետք է ընդունել, որ հենց Սումգայիթում օրեր տեւած սպանությունների հիմքով անհնար է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ 1988-ի ստատուս քվոյին վերադարձը: Այդ վերադարձի անհնարինության առումով էլ Ադրբեջանը պետք է մոռանա այդ տարբերակը:
2008-ին հետաքրքրական զարգացումներ են սպասվում նաեւ Կոսովոյի հարցում, որն էթնիկ զտման փորձով սկսված հակամարտություն լինելով նման է ղարաբաղյան հարցին` սումգայիթյան դեպքերի ֆոնին: Ընդ որում, Վարդան Օսկանյանի մատուցմամբ, յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է, բայց տարբեր փուլերում որոշ բաղադրիչների առումով կարող են լինել նմանություններ: Միջազգային հանրությունը բացառում է Կոսովոյի վերադարձը հենց էթնիկ ոճրագործության առումով, ինչը լուրջ նմանություն ունի սումգայիթյան դեպքերին: Ընդ որում, եթե Կոսովոյում այդ ոճրագործության դեմ կանգնեց ՆԱՏՕ-ն, Լեռնային Ղարաբաղում դա արվեց մեր ուժերով:
Այս տարի երկու միջազգային կառույցներում նախագահության հերթը Հայաստանինն է: Կնախագահենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, հոկտեմբերից էլ նախագահությունը Հայաստանին կանցնի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում:
Վրաստանին ներում են, իսկ մեզ ո՞ր դեպքում կներեն
Թբիլիսիում նոյեմբերյան դեպքերը, «Իմեդի» հեռուստաընկերության շենք ներխուժումն ու եթերից զրկելը, խախտումներով նշանավորված նախընտրական շրջանն ու 2,3 միլիոն ընտրողից 3,5 միլիոն դարձած «ընտրազանգվածի» քվեարկության «արդյունքները» արեւմտյան եւ ամերիկյան իշխանությունները կարծես թե պատրաստ են ներելու Վրաստանին: Թե ի՞նչ պիտի անի Հայաստանը նման ներողամտության արժանանալու համար, Վարդան Օսկանյանի խոսքերով, պատասխանը մեկն է, անկախ ամեն ինչից` նորմալ ընտրություններ անցկացնել:
Ըստ նախարարի, նախագահական ընտրությունները պետք է անցկացնել ավելի լավ, քան խորհրդարանականը եւ ոչ մի անկայունություն: Օսկանյանի տպավորությամբ եւ ստացած տեղեկություններով, որոշ քաղաքական ուժերի օրակարգում այդ անկայունության ստեղծման հարց կա: Միեւնույն ժամանակ նախարարը չմանրամասնեց, թե որոնք են այդ ուժերը:
ԼՂ հարցը եւ ԼՏՊ նախընտրական ծրագիրը
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպիսին կարելի է ընկալել Հայաստանի առաջին նախագահ ԼՏՊ-ի արդեն իսկ հրապարակայնացված նախընտրական ծրագրում արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը: Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության հատվածին Օսկանյանը ծանոթացել է:
«Հաշվի առնելով վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանի առաջին նախագահի կողմից արտաքին քաղաքականության շատ խիստ քննադատությունը` հուսախաբված եմ, որ նորության ոչ մի նշույլ չկա նախընտրական ծրագրում արտահայտված մտքերում», պարզաբանեց Օսկանյանը, հավելելով, որ այդ մտքերը ընդհանուր գծերով են, դրանցում էլ ոչ վտանգավոր, ոչ էլ եղածից տարբեր բան կարելի է տեսնել:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԼՏՊ-ական իր ժամանակի հնարավոր քայլերի եւ ներկայիս բանակցային սկզբունքների համեմատությանը, ապա, ըստ Օսկանյանի, այն, ինչ Հայաստանի առաջին նախագահը պատրաստ էր իրականացնել, չի կարելի իսկ համեմատել նրա հետ, ինչ կա հիմա բանակցությունների սեղանին: Դրանք, Օսկանյանի խոսքերով, էապես տարբեր փաստաթղթեր են եւ եթե նախկինում նշույլ չկար ինքնորոշման մասին, ապա ներկա փաստաթղթում դա առաջնային է: «Ինչ առաջին նախագահը փորձում էր իրականացնել, Ղարաբաղի ժողովուրդը չի համաձայնի ոչ երեկ, ոչ այսօր, ոչ վաղը», նշեց Օսկանյանը:
Համանախագահների այցը` չհամաձայնեցված ամսաթվով
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հունվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) ու Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) կլինեն Բաքվում, որից հետո ծրագրվում է այցելություն Երեւան` հունվարի 14-15-ին, այնուհետեւ Թբիլիսի եւ կրկին Երեւան: Այս տեղեկության առնչությամբ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պաշտոնական որեւէ տեղեկություն չի ուղարկվել Երեւան համանախագահներից, թե նրանք երբ կլինեն Հայաստանում:
Ինչ վերաբերում է հիշատակվող ամսաթվերին, ապա դրանք ամեն դեպքում, Օսկանյանի խոսքերով, հարմար չեն Հայաստանի համար: Թե ինչու` Օսկանյանը ակնարկեց, որ պարզ կլինի մի քանի օրից: Այնուամենայնիվ, նշենք, որ հունվարի 14-15-ին Երեւանում տեղի կունենա «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. անվտանգության միջազգային եւ տարածաշրջանային հեռանկարները» խորհրդաժողով, որին մասնակցության հրավեր ունի նաեւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
Իսկ անցնող տարի նոյեմբերի վերջին Մադրիդում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակներում համանախագահների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հանդիպմանը հանձնված թարմացված փաստաթղթի առնչությամբ Օսկանյանը նշեց, որ այն դեռ քննարկվում է եւ մինչեւ հայաստանյան նախագահական ընտրություններ դրա առումով պատասխան տալը քիչ հավանական է: